27.11.19

- ԻՍԱՀԱԿ - ԱՍՏԾՈ ՀԱՄԱՐ ԱՆԿԱՐԵԼԻ ՈՉԻՆՉ ՉԿԱ


Իսահակը Աբրահամ նահապետի որդին էր։ Բավական առատ պատմություններ կարելի է գտնել նրա մասին Աստվածաշնչի առաջին՝ Ծննդոց գրքի մեջ, սակայն դրանք առավելաբար վերաբերում են կա՛մ Իսահակի մանկության, կա՛մ արդեն ծերության շրջանին (Ծննդ. 22, 27 գլուխներ)։ Նրա երիտասարդության տարիների մասին հատկապես հայտնի է Ռեբեկայի հետ ամուսնության պատմությունը (Ծննդ. 24 գլուխ), որն, ի դեպ, իր փոքրիկ արտացոլանքն է գտել նաև Հայոց Եկեղեցու Պսակի խորհրդի մեջ, ուր ծիսակատար հոգևորականն աղոթում է. «Տեր Աստված հավիտենական, որ իրար ես միացնում և անբաժանելիորեն կապում ամուրիներին, Իսահակի և Ռեբեկայի պես օրհնիր և քո խոստման ժառանգորդներ դարձրու նաև պսակադրվող այս զույգին…»: Ինչպիսի՞ օրհնության և ի՞նչ խոստման մասին է այս խոսքը: Հակառակ որ երիտասարդ այս զույգը ամենասուրբ սիրով էր կապված, մեկ բան, սակայն, պակասում էր ընտանեկան երջանկության ամբողջության համար. Իսահակը և Ռեբեկան չէին կարողանում զավակներ ունենալ: Աստված, սակայն խոստացել էր, որ Աբրահամի սերունդը երկնքի աստղերի չափ պիտի շատանար, և Իսահակը երբեք չէր կորցնում հույսը. չէ՞ որ ինքն էլ աստվածային հրաշքի ծնունդ էր։ Ուստի «Իսահակն աղաչեց Տիրոջը իր կին Ռեբեկայի համար, որովհետև սա ամուլ էր։ Աստված լսեց նրան, և նրա կին Ռեբեկան հղիացավ»  (Ծննդ. 25:22):

Ինչպիսի՜ հրաշալի պատկեր՝ ամուսինն աղոթում է Աստծուն իր կնոջ համար, իրենց ընտանեկան երջանկության՝ սիրո պտուղ ունենալու համար, և Աստված լսում է այս աղոթքը։
Նորակազմ յուրաքանչյուր ընտանիք, կարծում եմ, որպես սիրո պտուղ փափագում է հարստանալ զավակներով։ Ինչպես Իսահակի և Ռեբեկայի պարագայում, միշտ չէ, որ նորապսակների սպասումներն արդարանում են։ Տասնյակ պատճառներ կարող են լինել ամլության կամ չբերության համար, սակայն շատ կարևոր է, թէ ի՛նչ լուծում կգտնի երիտասարդ զույգը առկա պատճառները դրականորեն լուծելու համար։ Ցավալի է, բայց երբեմն պատահում են դեպքեր, երբ անպտղությունը ընտանիքի քայքայման և բաժանությունների պատճառ է դառնում, բայց մի՞թե սա խնդրի լուծում է։ Անշուշտ, բժշկական հետազոտությունները, հետևողական բուժումը, մարմնական խնդիրների կանխարգելումը մեծագույն կարևորություն ունեն և պետք է լրջի առնվեն թե՛ տղամարդու, թե՛ կնոջ կողմից, սակայն չմոռանանք նաև, որ կյանքը, բժշկումը և հրաշքը Աստծո ձեռքերի մեջ են։ Իսահակը դա շատ լավ գիտեր։ Ամուլ էր Ռեբեկան, սակայն Աստծո հրաշքով, շնորհիվ իր կողակցի աղոթքի, լույս աշխարհ բերեց ընտանեկան սիրո պտուղներ երկվորյակների ։ Այդպես զավակ ունեցան նաև Իսահակի մայրը՝ Սառան (Ծննդոց 17 գլուխ), Սամսոնի մայրը (Դատ. 13:3), Սամուէլի մայրը (Ա Թագ 1 գլուխ), Մարիամ Աստվածածնի մայր Աննան և Հովհաննես Մկրտչի մայր Եղիսաբեթը (Ղուկ. 1 գլուխ )… Նրանք բոլորն էլ հրաշքով և Աստծո օրհնանքով պտղաբեր դարձան, որովհետև հավատքով ու սիրով արված աղոթքը Աստված երբեք չի անտեսում։

Հիմա փորձենք փոքր-ինչ հեռանալ Իսահակի և Ռեբեկայի պատմության այս դրվագից և պատկերացնենք կյանքի այլ իրավիճակներ, երբ ինքներս մեր առջև փակել ենք հնարավորության դռները, ձեռքը թափ ենք տվել ու ասել. «անկարելի է», «անհնար է», «անօգուտ է»... Նման դեպքերում մենք պարզապես անպտուղ ենք դարձրել մեր հավատքը, որովհետև Սուրբ Գիրքն ասում է. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամէն ինչ կարելի է» (Մատթ. 19։26)։ Այն, ինչ անհնար է մարդու համար, սիրելիս,  Աստծո համար, միանգամայն հնարավոր է -, միայն թե պետք է, ոչ թե հուսահատվել ու ընկճվել, այլ հավատալ և աղոթել, ինչպես Իսահակն արեց այդ և Աստված անկարելին դարձրեց կարելի։ Աղոթքով, աղաչանքով, վստահությամբ ու սիրով արա՛ կարելին, և Աստված կանի անկարելին։

«Եթե Աստծու հանդեպ հավատ ունենաք, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ասի՝ ե՛լ և ծո՛վն ընկիր, և իր սրտում չկասկածի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, նա ինչ էլ ասի, կկատարուի։ Դրա համար ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկ. 11։22-24):

ՄՏՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
  • Բոլոր մարդիկ կյանքի այս կամ այն փուլում իրենզ կարող են զգալ անօգնական, պարտված կամ հուսալքված: Որքա՞ն հաճախ ես հայտնվում փակուղու մեջ, երբ քեզ թվում է, թե վիճակն անելանելի է։ 
  • Արդյոք լինու՞մ են իրապես անելանելի իրավիճակներ մարդու կյանքում, հիշի՛ր օրինակներ:
  • Ի՞նչ մարդկային որակ է հարկավոր դրանք հաղթահարելու համար:
  • Ինչպիսի՞ն է լինում քո արձագանքը նման իրավիճակներին։ Երբևիցե փորձե՞լ ես աղոթել։ Եթե, ոչ, ապա՝ ինչո՞ւ, եթե, այո, ապա ի՞նչ ես խնդրել աղոթքիդ մեջ։

Փորձի՛ր ինքդ քեզ համար անկեղծորեն գտնել այս հարցերի պատասխանները։ 

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...