15.11.19

- ԱԴԱՄ - ՈՐՈՇՈՂԸ ԴՈ՛Ւ ԵՍ


«Ինչո՞ւ Ադամ»,- երևի հետաքրքրված կհարցնես դու: Վստահ եմ՝ աշխարհի արարման և առաջին մարդու՝ Ադամի ստեղծման պատմությանը ծանոթ ես. «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, եւ մարդն եղավ կենդանի էակ» (Ծննդ. 2:7),- նկարագրված է Աստվածաշնչում: Իսկ համաձայն Եկեղեցական Ավանդության՝ Աստված Ադամին ստեղծեց 30-ամյա երիտասարդ հասակում, հետեւաբար՝ Ադամը եւս երիտասարդ էր: Աստվածային արարչագործության մեջ մարդը միակ արարածն էր, որը ոչ միայն մարմնավոր եղավ, այլև՝ հոգևոր՝ կենդանացած Աստծո շնչով: Ավելին, Սուրբ Գիրքը վկայում է, որ նախահայր Ադամին Աստված ստեղծեց «իր պատկերով և նմանությամբ» (Ծննդ. 1:27-28): Այս երկու հատկանիշները, ի դեպ, Ադամից սկսյալ յուրաքանչյուր սերունդ «գենետիկորեն» կրում է իր մեջ, ուստի որպես այդ հատկանիշների կրողներ արի՛ մի փոքր աստվածաբանենք ու հասկանանք, թե ինչ ասել է «պատկեր և նմանություն»: 

Իմաստով իրար շատ մոտ այս բառերը կարող են տպավորություն ստեղծել, թե խոսքն այստեղ արտաքին նույնության մասին է, իբր Աստված մեզ պես (ավելի ճիշտ՝ մենք Աստծո նման) ոտքեր, ձեռքեր, քիթ բերան և աչքեր ունի: Անշուշտ, նման ենթադրությունը հեռու է ճշմարտությունից, սակայն, իրապես, կան աստվածային հատկանիշներ, որոնցով Սուրբ Երրորդությունը օժտում է մեզ՝ ադամորդիներիս, երբ կյանքի հետ միասին մեզ է տալիս Իր պատկերը. կարևորագույն այս հատկանիշներից են՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ և ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Այս շնորհները իր մեջ կրելով է, որ ամեն մարդ՝ Ադամից մինչև դու և ես, առաջնորդվում, արարում ու գործում է բարին կամ չարը և ապրում է դրանցով: 

Տրամաբանորեն ինչ-որ բանի պատկերն ունենալը, սակայն, համարժեք չէ այդ բանի կատարյալ նմանությունը ունենալուն: Օրինակ՝ որքան էլ որ վիպասանը ջանա թղթին հանձնել իր աչքի առաջ եղած պատկերը, այն կատարյալ նմանության չի կարող հասցնել: Ընթերցողը պատկերագրվածը ակամայից լրացնում է իր բանականությամբ եւ երեւակայության ազատ թռիչքով: Ճիշտ այսպես Ադամին շնորհված Աստծո պատկերը, թեև մոտ, այնուամենայնիվ նույնական չէր Աստծո նմանության հետ: Աստվածաբանորեն ասած՝  նմանությունը առաջին մարդուն շնորհված ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆՆ էր եւ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ, որոնցից, ցավոք, մարդը զրկվեց...

Այսպիսով, եթե փորձենք բանաձեւել՝
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՏԿԵՐ = ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ + ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ = ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ + ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ


Քանի որ Ադամին տրվել էր բանականություն եւ տրվել էր ազատություն, նա ակամայից կանգնում էր ընտրության՝ երկընտրանքի առջեւ։ Երկընտրանքի այդ պատմությունը Աստվածաշունչը ներկայացնում է «արգելված պտուղի» միջոցով՝ ասելով. «Տեր Աստված պատվիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ. 2։16-17)։ Նկատի՛ր, որ Աստված ոչ թե արգելեց Ադամին, այլ տվեց ընտրության լայն ազատություն։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Աստված սիրում է մարդուն եւ Աստծո համար կարեւոր է, որ մարդն ազատորեն օգտագործի Աստվածային պատկերը, ցանկանա եւ ընտրի սիրել Աստծուն եւ ապրել Նրա բարիքների դրախտում։
Ինչպես հայտնի է, Ադամը «վարպետորեն» գործածեց «պատկերի» ողջ հնարավորությունը որով եւ հակառակ ունեցած կատարելության եւ անմահության հնարավորությանը, ընտրեց մահվան եւ անկատարության ճանապարհը։ Աստծո պատվերին հակառակ ճաշակելով Եդեմի պտուղը՝ մեր նախածնողները կորցրեցին Աստվածային նմանությունը, սակայն (պիտի ասեմ՝ բարեբախտաբար) պահպանեցին պատկերը՝ որպեսզի եթե կամենանք, մեր ազատ կամքով և բանականությամբ բռնենք Աստծո կամքը կատարելու ճանապարհը և Քրիստոսով վերգտնենք կորցրած նմանությունը:
Կորսված այդ նմանությունը վերգտնելը եւ Ադամի նախնական վիճակին վերադառնալը այն վերջնակետն է, որին պիտի ձգտի ամեն ադամորդի՝ օգտագործելով ազատությունը և բանականությունը (պատկերը). «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48, Ղևտ. 19:1-2),- ասում է մեր Տէրը: 

«Մի՞թե այսպիսի կատարելություն հնարավոր է մարդ արարածի համար»,- կհարցնես դու։ Աստված պատասխանում է՝ ԱՅՈ։ Միայն թե, ամեն բան կախված է մեզանից։
Հայացք գցենք մեր կյանքին։ Մի՞թե մարդուս համար բնական չէ ձգտումը դեպի կատարյալը: Մեր ծնողները միշտ արել են ամեն հնարավորը, որպեսզի մենք կատարյալ եւ ամբասիր դաստիարակություն ստանանք։ Դպրոցներում և համալսարաններում մենք միշտ ձգտում ենք բարձր ցուցանիշների՝ կատարյալ լինելու գիտելիքների մեջ։ Աշխատանքի մեջ հաջողակ և գնահատված է նա, ով ջանք չի խնայում կատարյալ կերպով կյանքի կոչել իր գործը։ Մեր արտաքինի համար առավելագույն խնամք ենք տանում՝ կատարյալ տեսքին առավելագույնս մոտենալու համար։ Կյանքի կեսի փնտրտուքների մեջ մեր զուգընկերը կրողն է մեր պատկերացրած կատարելության… Ահա նույն այս ձգտումը և պայքարն է անհրաժեշտ քրիստոնյա երիտասարդին՝ հասնելու կորցրած այն կատարելությանը, որն է նմանությունը Հիսուսի Քրիստոսի: Հոգեւոր կյանքի, հոգեւոր առաջընթացի վերջնանպատակը կորցրած կատարելությունը՝ այսինքն Աստծո նմանությունը վերգտնելն է։

Այո՛, այս ճանապարհը դյուրիններից չէ։ Այն հաճախ մեզ կանգնեցնում է երկմտության և կասկածի առջեւ, հաճախ առաջ է բերում մոլորեցնող ու խանգարող պնդումներ, վախեր, ծուլություն, անվստահություն ու էլ ինչ ասես...  Սակայն, արի՛ ազնիվ լինենք ու մեկ հարցի պատասխանենք. «Չե՞նք կարող կատարյալ լինել, թե՞ չենք ուզում»։ Ադամը, եթե ուզեր կատարյալ աստվածանման  լինել կարո՞ղ էր, թե ոչ։ Անշուշտ կարող էր։ Նույնպես եւ մենք կարող ենք վերգտնել կորցրած աստվածանմանությունը, եթե ցանկանանք, եթե ուզենք, եթե կամենանք։ «Ամեն ինչի կարող եմ նրա՛ շնորհիվ, ով ինձ զորացրեց» (Փիլիպ 4 :13),- պիտի ասենք մենք ու երկմտությունը հաղթահարելով ընտրենք Աստծո կամքը։ Աստված եւս ցանկանում է, որ դու վերադառնանաս Ադամի նախամեղանչական կատարելությանը։ Վերադարձի այս ճանապարհը իսկական պայքար է, պատերազմ ինքդ քո դեմ, քեզ շրջապատող աշխարհի դեմ եւ մարդկության թշնամու՝ սատանայի դեմ։ Իսկ պայքարդ սկսելու համար անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ո՞րն է կյանքիդ նպատակը, ինչի՞ պետք է ձգտենս։ Եթե լավագույնս արժևորես այն անգին շնորհները, որ քեզ պարգևում է Աստված՝ տալով Իր իսկ պատկերը եւ ընտրես կատարելության ճանապարհը, անկասկած կկարողաս վերգտնել Աստծո նմանությունը և վայելել Նրա օրհնությունն ու օգնականությունը քո ողջ կյանքում։ Միայն թե պետք է չերկմտես եւ ուզես այդ, որովհետեւ, ամեն դեպքում, որոշողը դո՛ւ ես։

« Հանեցե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով եւ հագե՛ք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ, ըստ իր Արարչի պատկերի» (Կող. 3:9-10):

ՄՏՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Վստահաբար, առիթներ ունեցել ես մտորելու կյանքիդ նպատակի, ապագայիդ մասին, ունես երազանքներ եւ ձգտումներ դեպի քո պատկերացրած կատարյալը։ Որաքնո՞վ է քեզ համար կարեւոր Աստծո մասնակցությունը դրանցում։ 
  • Ի՞նչ տեղ ունի հոգեւորը կյանքը քո առօրյայում։ 
  • Արդյոք երբևէ մտածե՞լ ես այն հարցի շուրջ, թե քեզ ստեղծելով Աստված ի՛նչ էր ցանկացել փոփոխել դեպի լավը երկրի վրա, որքանով ես կարողացել իրագործել այդ զգացողությունը: 
  • Համամի՞տ ես արդյոք, որ հոգեւոր առաջընթացը կարեւոր է լավ եւ ճիշտ կյանքի համար։ Եթե, այո, ապա ի՞նչ գործնական քայլերի ես պատրաստ դիմել այսօրվանից: 
  • Շաբաթվա օրերի համար կազմիր հավատքի զորացմանն ուղղված քայլերի քո ցանկը և որոշիր թե դրանց իրականացմանը ինչը կարող է խանգարել։ Նշի՛ր նաեւ, թե ինչպե՛ս կարելի է ազատվել այդ խոչընդոտներից:
  • Ի՞նչ որոշման հանգեցիր, ի վերջո։

    Փորձի՛ր ինքդ քեզ համար անկեղծորեն գտնել այս հարցերի պատասխանները։ 
     

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...