17.9.19

Տեղին-անտեղի ԱՄԵՆ ասելու մասին

Եթե վիճակագրություն անցկացնենք, թե որ բառն է ամենաշատը հանդիպում համացանցում առկա քրիստոնեական կայքերի, հոդվածների, տարաբնույթ հոգեւոր (եւ ոչ այնքան) նկարների տակ գրվող մեկնաբանությունների մեջ, ապա վստահեցնում եմ, որ բացարձակ հաղթող կճանաչվի ԱՄԵՆը։
Ամեն ԱՄԵՆ amen ամէն амен AMEN, 
ամեն տեղ, ամեն օր կարելի է կարդալ մեկնաբանություններում։ Բայց որքանո՞վ տեղին եւ որքանո՞վ անտեղի։

Այս բառը, ի դեպ, հայերեն չէ, այլ սեմական ծագում ունի եւ քրիստոնյաների կենցաղ է մտել Աստվածաշնչի միջոցով` ամենաշատը հնչելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի շուրթերից։ 

«Ամեն» բառը հոգեւոր բովանդակության մեջ նշանակում է հաստատում եմ, թող այդպես լինի, համաձայն եմ։ Այսինքն, երբ որ եկեղեցական արարողությունների ժամանակ, աղոթքների կամ Ավետարանի ընթերցման ավարտին հնչում է` ԱՄԵՆ, ներկաները ուղղակի հաստատում են, որ իրենք դավանում են հնչած ճշմարտությունը եւ համաձայն են յուրաքանչյուր մտքի հետ։
Այդ իմաստով, անշուշտ, համացանցում եւս շատ տեղին է, որ քարոզի, աղոթքի կամ սուրբգրային հոգեւոր-խրատական տողի տակ հավատացյալ մարդը հաստատի, որ գրվածը իր սրտին մոտ է եւ ինքը համաձայն է դրան։ 


Բայց որքանո՞վ է տեղին գրել ԱՄԵՆ, երբ էջը հայտարարություն է տարածում, որ երեխայի համար անհրաժեշտ է արյան դոնոր, կամ երբ հոգեւոր նկարի համադրությամբ հայտարարվում է, որ հետեւյալ օրը եկեղեցում հոգեւոր զրույց կա։ Արդյո՞ք տրամաբանական է այս հրապարակումների տակ ԱՄԵՆ գրել, ինքներդ դատեք։ Կամ, հոգեւորականը իր էջում գրում է Աստվածաշնչյան այս տողը. «Եվ երկուսն էլ` Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում» (Ծննդ. 2։25), իսկ էջի հետեւորդները միաբերան վանկարկում են ԱՄԵՆ 🤦։ Ինչո՞ւ։ Սիրելիներ, Աստվածաշնչում լեցուն տողեր կան, որոնց ԱՄԵՆ ասելը ոչ միայն անհեթեթ է, այլ երբեմն, անգամ վտանգավոր։

Մեկ այլ աղանդաշունչ ծայրահեղություն էլ կա, երբ գրառում են թողնում լայքեր հավաքելու նպատակով, թե. «Եթե համաձայն ես, գրիր ամեն»։ Ու գնաաաաաց. հրապարակ են մտնում ամենի ամենամոլի երկրպագուները. Ամեն ԱՄԵՆ amen ամէն амен AMEN։

Սիրելիներ, պետք չէ էժանացնել հոգեւոր խոսքի բովանդակությունը։ Գերադասելի է ոչինչ չմեկնաբանել, քան պարզապես ամեն գրել, ուղղակի գրելու համար։ Իսկ եթե  ԱՄԵՆը մարդու բերանից պետք է հնչի, պետք է լինի հստակ գիտակցված, ապրումով, խոր համոզումով, որ հոգեւոր այդ ճշմարտությանը համաձայն եք եւ այն ընդունում եք ձեր կյանքից ներս։ Չլինի, որ ձեր ասածը ձեր իսկ դեմ դառնա.

«Ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետեւ՝ քո խոսքերով պիտի արդարանաս եւ քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. 12։36-37):
Ամե՞ն։

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...