28.3.19

Ի՞ՆՉ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ԿԱՐԴԱԼ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 15

Պահքի ընթացքում Աստվածաշնչյան ընթերցումների կարեւորության մասին խոսելիս ընթերցողներից մեկը այսպիսի հարցով է դիմել.

- Ինչպե՞ս ճիշտ Աստվածաշունչ ընտրել ընթերցելու համար։

Հարցը թեեւ շատ կապ չունի պահքի հետ, սակայն իր մեջ թաքնված մտահոգություն է կրում, որ ասպարեզում կան նենգափոխված կամ մեր Եկեղեցու սուրբգրային կանոնին անհամապատասխան Աստվածաշնչեր։

Սովորաբար ամեն տուն նման Սուրբ Գիրք մուտք է գործում շատ հեշտությամբ, որովհետեւ տրվում են անվճար (այստեղ հիշենք հին հայկական իմաստությունը, թե «Թանկից էժանը չկա»)։ Հիմա փորձենք պարզել թե մեր տանն ունեցածը ինչ սկզբունքներով կարելի է «ճիշտ Աստվածաշունչ» համարել, կամ ավելի ճիշտ՝ ճանաչել այն Աստվածաշունչը, որ պետք է կարդա Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալը։ 


Ամենապարզ միջոցը տիտղոսաթերթի վրա տվյալները ստուգելն է։ Հայոց Եկեղեցու կողմից ընթերցանության համար հաստատված Սուրբ Գրքերը գոնե վերջին 30 տարիներին անպայման ունեն Ամենայն Հայոց կաթողիկոսների՝ Վազգեն Ա, Գարեգին Ա, Գարեգին Բ օրհնության գրեր եւ Ստորագրություններ (տես նկար 1)։ Որոշ դեպքերում, հատկապես սփյուռքում ձեռք բերված Աստվածաշնչերը կարող են ունենալ Կիլիկիո կաթողիկոսի կամ Երուսաղեմի ու Կ. Պոլսի պատրիարքների ստորագրությունները։


Ոչ մի դեպքում մի կարդացեք գիրքը, եթե այն հրատարակվել է Եհովայի վկաներ (watch tower, Դիտարան) կազմակերպության (տես նկար 2) կամ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու (տես նկար 3)` Մորմոնների կողմից։ Այս գրքերը շատ հեռու են Աստվածաշունչ լինելուց քանի որ դրանցում ոչ թո Աստծո Շունչն է, այլ հսկայական նենգափոխումներ են պարունակվում։ 












Զգուշավորություն է պետք ցուցաբերել նաեւ բողոքական հրատարակությունների հանդեպ։ Դրանք զատորոշել կարող եք հրատարակչից (շատ հաճախ դա Gideon հրատարակչությունն է. կապույտ կամ սեւ կազմերով այն գրքերը որոնց վրա կա նկար 4-ի տարբերանշանը) բայց կան եւ այնպիսի գրքեր որոնք կամ չեն նշում հրատարակչին կամ պարզապես հրատարակված լինելով Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից` շփոթության մեջ են գցում մեր Եկեղեցու հավատացյալներին։ Ո՞րն է բողոքական (ավետարանչական) հրատարակության տարբերությունը Հայ Եկեղեցու կանոնից։ Նոր Կտակարանի կանոնի եւ անգամ թարգմանությունների մեջ տարբերությունները էական չեն. դրանք հիմնականում համապատասխանում են բնագրին, ուստի եթե այս պահին չունեք «Էջմիածնական» հրատարակությունը, բայց ունեք բողոքական Նոր Կտակարան, կարող եք կարդալ։ Միայն թե զգուշացնենք, որ կան որոշ հրատարակություններ, որոնք ընթերցելիս, հայերենի լեզվային դժվարություններ կարող եք ունենալ, քանի որ թարգմանված են 19-րդ դարի վերջի կիսաբարբառով։ Հին Կտակարանի պարագային, սակայն, մեր եկեղեցու հավատացյալները պետք է զգուշավոր լինեն, քանի որ խնդիրը ոչ թե թարգմանությունն ու տեքստն է, այլ՝ թվով 9 գրքերի բացակայությունը բողոքական կանոնի մեջ (ընդհանուր 39 գիրք)։ 

Հայ Եկեղեցու Աստվածաշունչը Հին Կտակարանի մեջ է ներառում 48 գիրք, որոնց շարքում 9-ը աստվածաբանական լեզվով անվանվում են «երկրորդականոն» (տես նկար 5)։ Այդ գրքերը մեզ համար լիիրավ Աստվածաշունչ են եւ հոգեշահ, այնպես որ չունենալով մեզ համար ընդունելի Սուրբ Գիրքը կզրկվեք ընթերցելուց այնպիսի հինալի գրքեր, ինչպիսիք են օրինակ՝ Սիրաքի իմաստությունը, Սողոմոնի Իմաստությունը, Հուդիթի եւ Տոբիթի գրքերն ու Մակաբայեցիների պատմությունը։

Նշենք նաեւ որ մեր եկեղեցին վերջին շրջաններում սկսել է հրատարակել պարզեցված ու մեկնաբանված, տողատեակերում՝ բացատրություններով նոր Աստվածաշունչեր ու Նոր Կտակարաններ, որոնք շատ հարմար են անհատական, անձնական ընթերցման եւ հոգեւոր աճի համար։ Այս, ինչպես նաեւ այլ Աստվածաշունչ մատյաններ կարող եք ձեռք բերել Էջմիածնի եւ Երեւանի հոգեւոր գրախանութներից, ինչպես նաեւ Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներից։


 









Սնվեք միայն մաքուր աղբյուրից եւ թող Աստծո Խոսքը ուժ ու հոգեւոր զորությունների աղբյուր լինի ձեզ համար այժմ եւ հավետ։

Եթե կարեւորում եք այս բացատրությունը, կխնդրենք այն հնարավորինս շատ տարածել։ Շնորհակալ ենք։

Հարցերի համար գրեք Սարկավագին։


3 արտահայտվիր:

Мариам said...
9/24/19, 5:10 PM

Բարև սիրելի Սարկավագ, շնորհակալություն այս կարևոր նյութի համար, մեկ խնդրանք՝ ամենաառաջին և համար երկրորդ նկարները չեն բացվում, փոխեք ավելի մեծ ֆորմատի:

Srk. said...
9/24/19, 5:41 PM

@Мариам :Մարիամ ջան, շնորհակալ եմ գնահատանքի համար։ Կառաջարկեմ համակարգչով նայեք կամ բջջային հավելվածը բացելով ներքում սեղմեք այն տողի վրա որ ասում ա դիտել որպես հակարգիչ (օտար որեւէ լեզվով է գրված)։ Այդ դեպքում թերեւս դյուրությամբ կտեսնեք։

Մարիա said...
7/29/20, 8:25 PM

Շնորհակալ եմ օգտակար և կարևոր տեղեկության համար, փաստորեն այսքան ժամանակ ես բողոքականների Աստվածաշունչ էի կարդացել։

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...