13.3.19

ՊԱՀՔԸ ԱՂՈԹՔՈՎ. ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՂՈԹՔ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 8

Խոսելով պահքի հոգեւոր կողմի մասին եւ դրանում շատ առանձնահատուկ տեղ հատկացնելով աղոթքին, այսօր անդրադառնանք հետեւյալ հարցին.

- Ինչպե՞ս ավելի կանոնավոր եւ օգտավետ դարձնել աղոթական կյանքը:

Մեր եկեղեցու ավանդության մեջ ընդհանուր առմամբ կիրառելի են 2 տեսակ աղոթքներ՝ ընդհանրական (միասնական, խմբային) եւ առանձնական (անհատական, միայնակ)։ Աղոթքի այս երկու տեսակներն էլ իրենց կարեւորությունն ու առանձնահատկություններն ունեն, որոնք պետք է առավելագույնս կիրառվեն Մեծ Պահքի այս օրերին։

Եկեք խոստովանենք... Եթե մեր աղոթական կյանքի կշեռքի նժարներին դնենք անհատական աղոթքը եւ միասնական աղոթքը, ապա անհատականի նժարը ավելի ծանր կլինի, քանի որ ընդհանրական աղոթքի հարցը հաճախ անտեսում ենք։ Ուստի եկեք փորձենք նախ համակարգել աղոթական կյանքի այդ երեսը։

Միասնական աղոթքի կարեւորությունը շեշտել է ինքը՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսը՝ ասելով . «Ասում եմ. եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրի վրա որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարվի նրանց համար իմ Հոր կողմից, որ երկնքում է. որովհետև ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մատթ. 18:19-20)։ Ահա այս պատճառով քրիստոնեական եկեղեցիներում միշտ կարեւոր տեղ է հատկացված միասնաբար արված աղոթքներին (այս աղոթքների կարեւորության մասին անպայման ընթերցենք այստեղ)։ 



  • Հաշվի առնելով այս տեսակ աղոթքների մեծ օգտակարությունը՝ Մեծ Պահքի ընթացքում եկեղեցիները կատարում են հատուկ աղոթքներ՝ առավոտյան մատուցելով Արեւագալի ժամերգություն, իսկ երեկոյան Խաղաղաղական ու Հանգստյան ժամերգություններ։ Այս ժամերգությունները իրենց երգեցողությամբ, մեղեդայնությամբ ու հոգեթով աղոթքներով պահեցողին հիանալիորեն ներառում են հոգեւոր մթնոլորտի եւ ապրումի մեջ եւ օգնում միասնաբար Աստված պաշտելով վայելել Նրա օրհնաբեր ու շնորհաբաշխ ներկայությունը։
  • Անշուշտ ընդհանրականա աղոթքի ծիրից ներս պետք է ներառենք նաեւ Պատարագները՝ Տիրոջ ընթրիքը, որի ժամանակ անարյուն զոհաբերությամբ մեզ է ընծայվում մեր Փրկիչ Տերը։ Ճիշտ է, Մեծ Պահքի ընթացքում որպես մեղքերից ապաշխարության նշան փակ են խորանի վարագույրները եւ չի տրվում Սուրբ Հաղորդություն, այսուհանդերձ հավատացյալ մարդու ներկայությունը Սուրբ Պատարագին, գիտակցված մասնակցությունը` աղոթքով ու հոգեւոր երգեցողությամբ, պարտադիր է, եւ Մեծ Պաքհի այս շրջանը կարող է սկսնակների համար լավագույն սկիզբ հանդիսանալ միշտ ժամանկ գտնելու՝ պաշտելու եւ սուրբ պահելու Տիրոջ օրը։
  • Մասնակցելով եկեղեցական ծիսական կյանքին՝ մենք նաեւ հնարավորություն կունենանք մասնակից դառնալու եկեղեցու համայնքային կյանքին, ջնջելու մեր կյանքից հոգեւորի հանդեպ ծուլությունը եւ արժեւորված ժամանակ հատկացնելու միաբան ու զորեղ աղոթելուն։
  • Միասնական, ընդհանրական աղոթքները կարեւոր են նաեւ երբ տեղի են ունենու ընտանիքի ներսում, ընկերների հետ միասին, երբ մի քանի հոգով միաբանվում ենք մեկ նպատակի եւ Աստծո ներկայության շուրջ։ Այս տեսակ աղոթքը միջանկյալ մի տեսակ է անհատականի եւ ընդհանրականի միջեւ, որի մասին պիտի խոսենք առաջիկա մեր գրառումների մեջ։


Բարի աղոթական պահեցողություն։ Շնորհակալ կլինեմ, եթե այս գրառումը տարածեք ձեր էջերում եւ ձեր հարցասիրությամբ օգնեք նախապատրաստել մեր հաջորդ գրառումները (գրել Սարկավագին

Օրհնվեք... 😇

3 արտահայտվիր:

Anonymous said...
3/13/19, 12:10 PM

Շատ եմ խնդրում Ձեզ Պահքի օրերին միասնաբար աղոթել Արցախի ու Հայաստանի անվտանգության համար: Ձեզ գրում եմ Արցախից: Հաճախակի գրում եմ անոնիմ, քանի-որ այլ կերպ չի ստացվում ինձ մոտ:

Srk. said...
3/13/19, 12:32 PM

@Anonymous :

Անպայման, աղոթում ենք եւ պիտի աղոթենք։
Հատուկ աղոթքի օր կունենանք հանուն մեր զինվորների նաեւ Մեծ Պաքհի 30-րդ օրը։

Anonymous said...
3/21/19, 12:38 PM

Փաստորեն Մեծ Պահքի 30-րդ օրը համընկնում է ապրիլի 2-ին:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...