11.3.19

ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՒՈՐ ԿՈՂՄԸ, ԱՂՈԹՔ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 7

- Ինչպե՞ս պետք է պահել պահքը, այն ավելի զորավոր եւ իմաստավորված դարձնելու համար։

Ինչպես անցյալ անգամ խոսեցինք, այս հարցի պատասխանը մեկն է. պահքը իր մարմնական՝ սննդային, հրաժարումներից բացի պետք է ունենա նաեւ չափազանց կարեւոր 2 ուղղություն՝ հոգեւոր եւ մտավոր ընթացք։ Սա, անկեղծ լինենք, մարդկանց կողմից ամենաանտեսված հանգամանքներից է պահք պահելիս։

Հաճախ մի փոքր դժվար է հոգեւորն ու մտավորը իրարից տարանջատելը եւ եւ թերեւս իրավունք ունեին անտիկ ու միջնադարյան փիլիսոփաները, երբ խոսելով մարդու հոգու մասին՝ դրանից չէին տարանջատում միտքը (շունչը)։ Այդ իսկ պատճառով այսօր կխոսենք պահքի հոգեւոր մի թեւի՝ աղոթքի կարեւորության մասին՝ չմոռանալով որ հոգով արված աղոթքը պետք է անցնի մարդու գիտակցության ու մտքի միջով։

Դժվար է Աստվածաշնչից մեջբերել գեթ մեկ օրինակ, երբ պահք, ծոմ հասկացությունները առանձին լինեն աղոթքից. օրինակները լեցուն են՝


  • Մովսես մարգարեն Սինա լեռան վրա 40 օր ու գիշեր ծոմ պահեց եւ աղոթքի տրվեց՝ մինչեւ ստացավ Աստծո պատվիրանները (Ելք 14։28)։
  • Դավիթ թագավորը, սարսափելի մեղք գործելուց հետո, երբ ըմբռնեց իր մեղավորությունը եւ զղջաց, քուրձ հագավ, ոչինչ չկերավ ու չխմեց եւ ողբաձայն երգեց ու գրեց ամենագեղեցիկ աղոթքներից մեկը՝ 50-րդ սաղմոսը (Բ Թագ. 12։16)։
  • Եսթեր թագուհին իր ժողովրդին կործանումից փրկելու համար հրահանգեց բոլորին աղոթք անել եւ պահք պահել (Եսթ. 4։16)։
  • Տէր Հիսուս 40-օր անապատում ծոմ պահելով մշտական աղոթքի եւ հոգեւոր խորհրդածության մեջ էր (Մատթ. 4։1-11)։
  • Այն ժամանակ, երբ առաքյալները եկան ու բողոքեցին իրենց Վարդապետին, թե չկարողացան դեւին հանել, Հիսուս ասաց, որ այս տեսակ դեւը դուրս կգա միայն «աղոթքով եւ ծոմապահությամբ» (Մատթ. 17։20)։
  • Եւ ի վերջո Քրիստոսի առաքյալները, շարունակելով Փրկչի գործը, աղոթքը մշտապես ուղեկցում էին պահքով եւ պահքը՝ աղոթքով (Գործք. 13։2-3, 14։22)։

Աղոթքը պետք է լինի պահքի ամեն օրվա ամենամեծ բաղադիչներից մեկը։ Եթե անգամ ինչ-ինչ պատճառներով (հուսանք՝ ոչ փափկասիրությունից դրդված) չենք պահում սննդի պահքը կամ այն պահում ենք մասնակի, միեւնույն է, որպես քրիստոնյաներ՝ պահքի բոլոր օրերին (անշուշտ, առհասարակ կյանքի բոլոր օրերին եւս) աղոթքը պետք է լինի հոգեւոր լիցքավորման անխափան աղբյուր։

Աղոթքի միջոցով մենք հոգեւոր կապի եւ զրույցի մեջ ենք մտնում մեր Երկնավոր Հոր հետ, աղոթքով խնդրում ենք Նրա օգնականությունն ու սրբերի բարեխոսությունը, փառք տալիս Աստծուն Իր զորության շնորհիվ մեր կյանքում առկա բարիքների համար եւ շնորհակալություն հայտնում Իր ողորմության ու սիրո համար (աղոթքի մասին մանրամասն՝ այստեղ)։ Այսպիսով, անշուշտ, մեր պահեցողությունը նմանվում է Սուրբ Գրքով վկայված պահեցողությանը եւ որպես պարարտացաված սերմ տալիս է իր պտուղները։ Հաճախ աղոթեք, «Ծոմի օ՛ր նշանակեցէք, աղօ՛թք կազմակերպեցէք...», ասում է մարգարեն (Հովել 2։14)։

Հաջորդ անգամ կփորձենք մի քանի գործնական խորհուրդներ տալ, թե ինչպե՛ս կարելի է պահքի ընթացքում ճիշտ աղոթական առօրյա կազմակերպել։
Բարի աղոթական պահեցողություն։ 
Շնորհակալ կլինեմ, եթե այս գրառումը տարածեք ձեր էջերում եւ ձեր հարցասիրությամբ օգնեք նախապատրաստել մեր հաջորդ գրառումները (գրել Սարկավագին)։ 

Օրհնվեք... 😇

0 արտահայտվիր:

Post a comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...