6.3.19

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՓՈՐՁԱՌՈՒ ՊԱՀԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 5


Անցյալ գրառման մեջ առաջարկեցինք 5 մոտեցումներ սկսնակ պայեցողների համար, այսօր խոսենք առավել փորձառուների մասին։

Պահքը ինքնանպատակ ընթացք չէ, այն մարդու հոգեւոր աշխարհը ավելի կազմակերպված դարձնելու եւ ինչ որ առումով մարդու կամքի ուժը ավելի ամրացնելու եւ դեպի Աստված ուղղելու հառանկար պետք է հետապնդի։ Այս հոգեւոր տրամաբանությունը ենթադրում է, որ  տարին տարվա վրա պահեցողը պետք է նոր հոգեւոր սանդղակ սահմանի եւ ջանա հաղթանակած հասնել վերջնակետին. «Արդ, ես ճիշտ այսպե՛ս եմ վազում, ոչ թե աննպատակ. այնպես չեմ կռփահարում, իբրեւ թե քամի ծեծէի, այլ ճնշելով ամրացնում եմ իմ մարմինը եւ հնազանդեցնում այն, որպեսզի գուցե ես ինքս խոտելի չլինեմ այն բանում, որ քարոզեցի ուրիշներին» (Ա Կորնթ. 9։26-27)։

Ընդհանրապես, Եկեղեցու պահեցող հայրերը պահեցողական 3 աստիճան են սահմանում՝ պահք (երբ ուտում ենք միայն բուսական կերակուր), սրբապահք (երբ ընտրաբար ենք վերաբերվում նաեւ պահքի կերակուրին՝ հրաժարվում ենք նաեւ ձեթից կամ մրգերից), ծոմապահք (երբ ուտում ենք միայն աղ եւ հաց եւ խմում միայն ջուր)։ Այս վերջինը շատ են օգտագործում վանականները, ինչի համար էլ վանքերում Մեծ Պահքը հաճախ անվանում են աղուհացից շրջան։ Կա խիստ պահքի մի այլ տեսակ եւս, որ անվանվում է ծոմ կամ անսվաղ պահք (երբ բնավ ոչինչ չեն ուտում եւ չեն խմում)։ Այս վերջինը կարող է տեւել մեկից մինչեւ մի քանի օր։ Վանականներն դիմում են ծոմի հատկապես Ավագ Շաբաթվա ընթացքում։

Հետեւաբար, պահքին ավելի վարժվածները կարող են ունենալ իրենց «ծանրամարտիկի» վարժությունները՝ տարեցտարի քառասնօրյա պահքի ընթացքում ավելացնելով ծոմապահության օրեր, կամ առհասարակ՝ պահքային ճաշել օրվա մեջ 1 կամ 2 անգամ։

Այսպես, պահքը եւ պահեցողությունը ունեն իրենց  «չափաբաժինները» եւ յուրաքանչյուրս լինի օրերի հարցում, թե պահքի կերակրային խստության, պետք է պահքին հետամուտ լինենք մեր հոգեւոր պատրաստությանն ի համեմատ` երբեք չմոռանալով աստիճանական հոգեւոր ինքնատարելագործման մասին։

Ուժ եւ կարողությում բոլորիդ, սիրելիներ եւ իհարկե` հավատքի զորություն։

Եթե կարեւորեք, կարող եք տարածել այս նյութը ձեր էջերում, իսկ եթե հարցեր ունեք, գրեք մեզ այստեղ կամ ներքեւում` մեկնաբանությունների մեջ։


0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...