20.3.19

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ՉԿԱ ԱՂՈԹԵԼՈՒ ՁԳՏՈՒՄ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 11

Աղոթքի վերաբերյալ հետաքրքրական մի հարց մեզ ուղղեց բլոգի հավատարիմ հետեւորդներից մեկը.

- Ի՞նչ անել, եթե չկա աղոթքի ձգտում։


Սա շատ լուրջ մի խնդիր է, որին պետք է մոտենանք որպես փորձության։ Իսկ փորձությունները, ինչպես գիտեք, հաղթահարելու համար են։ Հիմա փորձենք մի քանի միջոց գտնել փորձությունը հաղթահարելու համար։

  1. Գիտեք, սիրելիներ, բազում հանգամանքներ կան, որոնք մեր աղոթքը տկար են դարձնում, գոյություն ունի նաեւ ծուլության մեղք եւ դրա տարատեսակներից մեկն է հոգեւոր ծուլությունը, որը հաճած առաջ է գալիս աշխարհային բազմազբաղության պատճառով. մենք այնքան են ժամանակ ու էներգիա վատնում առօրյա կյանքի, աշխատանքի, ուսման, տնային պարտականությունների եւ երբեմն էլ անօգուտ բաների վրա, որ այլեւս ժամանակը եւ ուժերը, ինչպես նաեւ ցանկությունը չեն բավարարում հոգեւորի եւ աղոթքի համար։ Ուրեմն պետք է կարողանանք ստիպել մեզ օրվա մեջ հստակ րոպեներ (ժամեր) հատկացնել աղոթքին։ Եթե անգամ ձգտումը չկա, միունույն է աղոթին հատկացվելիք պահը գուցե մեքենայորեն, բայց պետք է կատարվի հստակ ժամին, հստակ ընթացքով։ Այս քայլով կկարողանանք արդեն մեզ մարմնապես տրամադրել աղոթքի գոյությանը մեր առօրյայում եւ ծուլանալուն տեղ չենք թողնի։ Կմնա մեքենայական աղոթասացությունը դարձնել ավելի հոգով եւ սրտանց։ 
  2. Աղոթական այս ժամերին կամ դրանցից դուրս անհրաժեշտ է, թերեւս մի փոքր հոգեւոր գրականություն կարդալ (կամ լսել), հատկապես աղոթքների մասին խրատներ եւ ցուցումներ Հայրերի ժառանգությունից եւ անպայման՝ Սաղմոսաց գիրքը (լսել այստեղ)։ Աղոթքը հոգու եւ հոգեւոր կյանքի լիցքավորումն է եւ հոգին միշտ ծարավ է դրան. պետք է ուղղակի մաքուր ջրերի առուները հոսեցնել դեպի միտքը, թարմացնել գիտելիքները ու մտովի տրամադրվել աղոթքի անհրաժեշտությանը եւ հագեցնել հոգու ծարավը։
  3. Աղոթական կյանքի վերականգման համար շատ օգտակար կլինի, եթե աղոթենք ոչ թե միայնակ, այլ որեւէ մեկի հետ՝ կողակից, ընկեր, հարազատ, բարեկամ։ Այդպիսով աղոթքը կլինի թե՛ ավելի կազմակերպված, թե՛ ավելի զորավոր։ Այս տեսանկյունից նաեւ շատ օգտակար կարող են լինել միասնական աստվապաշտությունները՝  ժամերգություններին մասնակցելը եւ աղոթքը եկեղեցում։
  4. Օրվա ընթացքում, անգամ ամենակարճ, մի քանի նախադասությամբ արտահայտված աղոթքի մեջ անհրաժեշտ է անպայման տեղ հատկացնել աղոթքի հանուն այս փորձության հաղթահարման. խնդրեցեք Աստծուն, որ բանա ձեր սիրտը եւ կամքը ուղորդի դեպի աղոթք. Տերը ձեզ մենակ չի թողնի. 

Բարի աղոթական պահեցողություն։ Շնորհակալ կլինեմ, եթե այս գրառումը տարածեք ձեր էջերում եւ ձեր հարցասիրությամբ օգնեք նախապատրաստել մեր հաջորդ գրառումները (գրել Սարկավագին)։ 
Օրհնվեք... 😇

0 արտահայտվիր:

Post a comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...