1.3.18

ՀՈԳԵՒՈՐ ՀԱՐՍ Եւ ՓԵՍԱ - Շավիղ 18

Հարց. Եղբա՛յր, ինչի՞ համար է Հակոբոս առաքյալը աշխարհասեր մարդկանց շնացող անվանում:

Պատասխան. Ես նախ քեզ մի բան հարցնեմ. առհասարակ ո՞ւմ են շնացող անվանում:

Հարց. Ով իր ամուսնուն դավաճանում և մեկ ուրիշին է սիրում, նրան են շնացող անվանում:

Պատասխան. Լավ պատասխանեցիր. արդ մենք ևս պարտավոր ենք բովանդակ սրտով սիրել Աստծուն, բայց եթե դավաճանելով Աստծուն այդ սերն ուղղենք աշխարհի փուչ, վաղանցիկ բաների վրա, մենք ևս շնացող կլինենք: Մինչդեռ ինչպես պատվիրում է Պողոս առաքյալը, մարդը պարտավոր է սիրել իր կնոջը. «Ո՜վ մարդիկ, սիրեցեք ձեր կանանց» (Եփես. Ե 25): Եթե այդ պարտականության դեմ մեղանչելով շնացող ենք անվանվում, ապա որքան ավելի մեծ շնություն է Աստծու հանդեպ դավաճան ու պարտազանց լինելը:

Հարց. Աստծու հանդեպ սերը տղամարդու և կնոջ սիրո՞ւն ես նմանեցնում:

Պատասխան. Այո՛, ինչպես Եսային է գրում. «Ինչպես որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպես էլ Տերն է ուրախ լինելու քեզ համար» (Եսայի ԿԲ 5): Հովհաննես Մկրտիչը Քրիստոսի մասին իր աշակերտներին ասում է. «Ով հարս ունի, Նա է փեսան» (Հովհաննես Գ 29): Եվ Պողոս առաքյալը գրում է. «Ձեզ նշանեցի մի մարդու՝ որպես մի անբիծ կույս, Քրիստոսին ներկայացնելու համար: Բայց երկյուղ եմ կրում, թե միգուցե, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային, ձեր միտքը ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից» (Բ Կորնթ. ԺԱ 2-3):


Հարց. Այդ ասածդ հարսն ու փեսան ովքե՞ր են:

Պատասխան. Այդ խոսքերը մարմնավոր չեն, այլ հոգևոր: «Հարս»-ը մեր հոգին է, և «փեսան»՝ Քրիստոս: Դատաստանի օրը երբ Քրիստոս՝ արդար Դատավորը, գա դատաստան անելու, արդարների հոգին նոր հարսի նման պիտի զարդարի լուսեղեն զգեստներով, ինչպես Եսայի մարգարեն է ասում. «Ես պիտի հրճվեմ Տիրոջով, որովհետև Նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով» (Եսայի ԿԱ 10)։ Հարսի պես զարդարված հոգիների Փեսան Քրիստոս է, որ նրանց Իր հետ վերցնելով՝ տանում է խոստացած արքայությունը և միշտ ուրախանում նրանց համար: Ահա այս խոսքն է, որ ասում է Եսային. «Ինչպես որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպես էլ Տերն է ուրախ լինելու քեզ համար» (Եսայի ԿԲ 5):

Հարց. Դա կարո՞ղ ես հաստատել ևս մի վկայությամբ:

Պատասխան. Վկայությո՞ւն ես ուզում. խնդրեմ, ահա Մատթեոս ավետարանիչը գրում է. «Կեսգիշերին ձայն լսվեց՝ ահա Փեսան գալիս է. նրան դիմավորելու ելեք: …Փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց» (Մատթեոս ԻԵ 6-10):

Հարց. Դա հասկացա, բայց մի ուրիշ հարց ունեմ. ինչո՞ւ է Հակոբոս առաքյալը աշխարհասեր մարդկանց Աստծու թշնամի անվանում:

Պատասխան. Վերն արդեն ասացինք, որ ամուսինների փոխադարձ դավաճանությունը ծնում է փոխադարձ ատելություն և թշնամություն: Մարդն ի բնե հակված է աչքի և քիմքի համար հաճելի բաների, ինչպես օրինակ Եվան, որի մասին ասված է. «Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, ակնահաճո է և գրավիչ՝ ըմբռնելու համար: Նա առավ նրա պտղից, կերավ…» (Ծննդ. Գ 6): Մինչդեռ Դավիթ մարգարեն հորդորում է և ասում, որ եթե մի բարի բան ենք փնտրում, պետք է սիրենք բացառապես Աստծուն և հետևենք Նրա անուշ և գեղեցիկ պատգամներին, որովհետև «Ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք. նույնպես և քաղցր՝ մեղրից ու խորիսխից ավելի» (Սաղմոս ԺԸ 11): Դպիրներից մեկը Հիսուսին հարցրեց. «Բարի վարդապետ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանք ժառանգեմ». Քրիստոս տեսնելով, որ նա բարի բան է փնտրում, անհրաժեշտ համարեց բացատրել նրան բարու ով լինելը. «Բարի չէ ոչ ոք, այլ միայն Աստված» (Մարկոս Ժ 17): Եվ քանի որ բարի բան էր փնտրում, նրան պատվիրեց. «Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո բովանդակ սրտով, բովանդակ անձով, բովանդակ մտքով» (Մատթեոս ԻԲ 37) և այլն: Տեսա՞ր, թե ինչպես է խստորեն պատվիրում Աստծուն սիրել. ուրեմն եթե այդ սիրուց երես թեքենք և այս աշխարհի փուչ և սին բաները միայն սիրենք, մի՞թե Աստծուն թշնամի և շնացող չենք լինի: Ահա այս պատճառով Հակոբոս առաքյալը աշխարհասեր մարդկանց անվանում է շնացող և Աստծու թշնամի:

Հարց. Թեպետ ես Աստծուն բովանդակ սրտով եմ սիրում, բայց մի քիչ էլ այս աշխարհի փառքն եմ սիրում. մի՞թե սրանից վնաս կա:

Պատասխան. Վերևում հիշեցինք Քրիստոսի խոսքը, թե անհրաժեշտ է բոլոր զգայարաններով Աստծուն սիրել: Նա չի թողնում և ոչ մի զգայարան, որպեսզի նրանով էլ աշխարհը սիրես, իսկ եթե թեկուզ այդ մի զգայարանով աշխարհին կապվես, նշանակում է բովանդակ սրտով չես կարող Աստծուն սիրել: Մի՞թե չես լսել Քրիստոսի խոսքը. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կամ մեկին կատի և մյուսին կսիրի…, չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մատթեոս Զ 24):

Հարց. Քրիստոս երկու «տեր» է հիշատակում. մեկն Աստված է, ապա մյուսը ո՞րն է:

Պատասխան. Մարդ ում որ ծառայի, նա նրա տերը կլինի, եթե դու Աստծուց բացի նաև ուրիշ մեկին ծառայես, այսինքն՝ սատանային, ուրեմն՝ քո մյուս տերը սատանան կլինի: Գեթ մի անգամ մտածիր՝ այդ երկու տերերին ինչպե՞ս պիտի ծառայես, որովհետև գիտենք, որ այդ երկուսը հակառակ են մեկմեկու, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Ի՞նչ միաբանություն Քրիստոսի և Բելիարի միջև» (Բ Կորնթ. Զ 15): Եվ նրանք մեկմեկու հակառակվելով հրաման են տալիս իրենց հնազանդ մարդկանց:

Հարց. Ինչպե՞ս են հակառակ հրամայում:

Պատասխան. Քրիստոս հրամայում է, որ քո թշնամուն սիրես, սրան հակառակ սատանան ասում է, որ քո սիրելի ընկերոջը ատես: Քրիստոս հրամայում է, որ ունեցվածքդ աղքատներին բաշխես, սատանան ասում է, թե աղքատների ձեռքում եղածը խլես նրանցից: Քրիստոս հրամայում է՝ երբ մի ծնոտիդ հարվածում են, մյուսը ևս շրջիր, մինչդեռ սատանան ասում է. եթե ձեռքիդ ճար լինի, քեզ ապտակողին սպանի՛ր: Քրիստոս հրամայում է, թե նեղ դռնով մտիր, որպեսզի լայն և ընդարձակ արքայություն գնաս, իսկ սատանան ասում է. լայն դռնով մտիր, որպեսզի նեղ և անձուկ, մութ և խավար դժոխք իջնես: Հիմա տեսա՞ր, թե որքան հակառակ են իրար այս երկու տերերը: Դու նրանցից որի՞ ասածին պիտի հնազանդվես, որի՞ կամքը պիտի կատարես: Անհնար է, որ այս երկուսի կամքը միաժամանակ կատարես և երկուսին էլ հաճելի լինես: Անշուշտ նրանցից մեկին պիտի բարկացնես:

Հարց. Քավ լիցի. ես իմ Աստծուն չեմ բարկացնում, այլ սատանային, իսկ Աստծուն հնազանդ եմ:

Պատասխան. Եղբա՛յր, դու սատանային չես բարկացնում, այլ առանց հասկանալու Աստծուն ես բարկացնում, որովհետև քո կատարած գործերը հաճելի են սատանային: Աստծուն միայն խոսքով ես սիրում, մինչդեռ գործով սատանային ես պատվում: Այս պատճառով Եսայու խոսքը շատ հարմար է քո գործերին. «Այս ժողովուրդը… իր շրթունքներով է մեծարում Ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է Ինձնից» (Եսայի ԻԹ 13): Տեսա՞ր, եղբա՛յր, Աստված ինչպես է գանգատվում Իրեն սոսկ լեզվով պաշտող, բայց գործով սատանայի կամքը կատարողներից:

6 արտահայտվիր:

Anonymous said...
01/03/2018, 09:18

Տեր Հայր, բայց մի քիչ դժվար է գտնել աշխարհի չսիրելու, բայց մարդկանց սիրելու մինչև տարբերությունը, ինչպես դժվար է գտնել մեղքն ատելու, բայց մեղավորին սիրելու տարբերությունը: Եթե աշխարհը բնավ չսիրես, ինչպե՞ս սիրես մարդկանց: Եթե աշխարհիկ գործերից լրիվ հեռանաս, քո ընտանիքի հոգսերը, քո առօրյա պարտականությունները թողնում ես քո մերձավորի ուսերին: Դա ճիշտ մոտեցու՞մ է: Շուշան

Srk. said...
01/03/2018, 10:31

@Анонимный :

@Анонимный :

Շուշան ջան հարցը շատ տեղին էր, որովհետեւ մարդիկ շատ հաճախ շփոթում եւ խառնում են ձեր ասաժ 2 հասկացությունները` սիրել աշխարհը եւ սիրել մարդուն։
Աստվածաշնչյան համատեքստում աշխարհը սիրելը համարժեք է աշխարհային հաճույքներին, կրքերին եւ մոլություններին տրվելուն եւ դրանց կապվելուն, ինչը այսօր ճչում է ամենուր։ Սրա մեջ չի կարելի ներառել հանապազօրյա հացը վաստակելու հարցը, այլ ապրուստը եւ նյութականը սեփական փրկությունից վեր դասելը։ Ի դեպ,այս կիրակի Տնտեսի Կիրակի է եւ առակի խորհուրդը հենց այդ մասին է։
Իսկ սիրել մարդուն, մերձավորին եւ անգամ թշնամուն մեր հոգեւոր կոչումն է, որ պետք է անենք սիրով, որովհետեւ սերն առանց սիրո ցուցաբերման չի կարող գոյություն ունենաել։ Եթե իրապես սիրենք մարդում, սեր տանք հակառակ նրա մեղավորությանը, այդ սերը հրաշքներ կգործի։
Սերն աշխարհի հանդեպ մեզ թողնում է աշխարհի վրա, սերը մարդու հանդեպ մեզ բարձրացնում է դեպի Աստված։

Հուսամ մատչելի բացատրեցի, եթե էլի հարցեր լինեն, անպայման գրեք, շնորհակալ եմ։


Anonymous said...
01/03/2018, 10:40

Տեր Հայր, շնորհակալ եմ մեկնաբանության համար: Հիմա արդեն ամեն ինչ պարզ է: Շուշան

Suren said...
02/12/2019, 12:23
This comment has been removed by the author.
Suren said...
02/12/2019, 14:49

Կուզենամ միայն նշել, որ առօրյա հոգսերը երբեմն սկսում են հաճախ զբաղեցնել մեր միտքը, արդյունքում ընկնում ենք վախերի, մտատանջությունների մեջ՝ առօրեական տարբեր հարցերի շուրջ։ Եվ եթե արթուն միտք չենք ունենում, հատկապես ամենօրյա աղոթքներ չենք անում, այդ մտքերը օր օրի ավելանում են ու սկսում մեզ տանջել ու հուսահատեցնել։ Արդյունքում սկսում ենք ավելի քիչ փնտրել Աստծուն և դրանով իսկ բարկացնում ենք Տիրոջը, որովհետև չենք ապավինում նրան։ Բայց երբ սթափվում ենք ու ապաշխարում, Աստծո Սերն ու Մխիթարությունը կրկին վերադառնում է և զորացնում մեզ։

Srk. said...
04/12/2019, 02:48

@Suren : Հիասքանչ մեկնաբանություն էր, շնորհակալություն։

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...