4.3.17

ՍԻՐԵԼ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ՞Ն - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 6)


Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները չորսն են՝
Իմաստ. 8:19-9:5, Ես 62:6-9, Հռոմ. 8:28-39, Մատթ. 10:16-22, որոնք կարող եք կարդալ այստեղ:

Վերջին անգամ, սիրելիներ, խոսեցինք սիրո աղբյուր մեր Աստուծո մասին՝ հաստատելով այն պարզ ճշմարտությունը, որ Աստծուն սիրելու լավագույն ճանապարհը Նրա պատվիրանները պահելն է: Սրա հետևությամբ՝ «արքայական օրենքի» համաձայն պատվիրաններից մեծագույնը մեր նմանին սիրելն է: Դյուրին է մեր նմանին սիրելը, երբ հատկապես նա մեր ընկերն է, ծնողը, հարազատը, բարեկամը... Սակայն գրեթե անհնար է թվում սիրել նրան, ով մեր թշնամին է. թշնամուն ատել է պետք: Տեր Հիսուս, իր Լեռան քարոզի մեջ, սակայն, շեշտեց. «Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»։ Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ» (Մատթ. 5:43-45):


Վստահաբար, սիրելիներ, «թշնամի» ասելով, մեր Տերը նկատի չուներ ցեղասպան թուրքին կամ ոճրագործներին, այլ պարզապես նրանց, ում մենք չենք սիրում, ում համարում ենք մեր հակառակորդը, մեզ հակառակ կանգնած մեկը: Իսկ այդպիսիների համար Պողոս առաքյալն այսօրվ աընթերցման մեջ մի հանճարեղ միտք է ասում.
«Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռոմ. 8:31):
Հասկացեք, այս կյանքը չափազանց կարճ է մարդկանց ատելու, թշնամությամբ լցվելու և հակառակվելու համար: Եվ որքան ցածր ու ճղճիմ են բոլոր այն պատճառները, որոնք առիթ են տալիս ատելության ու թշնամանքի: Եվ հակառակը՝ որքան շատ ու հոգեղեն են այն պատճառները, որոնք պիտի մղեն մեզ հանուն Աստուծո ներելու և սիրելու: Կյանքը մեզ տրված է սիրելու համար, աստվածային սիրո ճառագայթով դիմացիններին ջերմացնելու համար, և Աստծո ողորմածությամբ մարդկանց հակառակությունն ու ատելությունը սիրով դեպի սեր տանելու, սիրով հեղափոխելու համար: 
Եթե մենք իսկապես սիրում ենք Աստծուն, ապա Աստված մեր կողմն է և եթե Աստված մեր կողմն է, որևէ հակառակություն չի կարող խարխլել մեր սերը:

Այսօր կուզեմ աղոթենք այդ «անհնարին» աղոթքով, աղոթենք մեր թշնամիների, մեր հակառակորդների համար, նրանց համար, ովքեր գուցե և մեզ ցավ են պատճառել, բայց մենք Քրիստոսի սիրույն սիրով պիտի հատուցենք և այդ հատուցման լավագույն առիթը կլինի աղոթքը հանուն թշնամիների: Հիանալի մի աղոթք կարող եք գտնել  մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ Օրհնվեք...

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...