16.5.14

ՆԵՐՈՒՄ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զորդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին, մեղայ յերկինս եւ առաջի քո, ընկալ զիս որպես զանառակ որդին, եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա քո արարածոց 
եւ ինձ բազմամեղիս:

Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ ուղարկեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղք գործեցի՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Ընդունիր ինձ, ինչպես Անառակ որդուն - Ավետարանի անառակ որդին ոտնահարել էր իր հոր սերը. նրա սիրտը վիրավորված էր, հարստությունը՝ վատնված։ Սակայն հակառակ այս իրողություններին, անառակն իր հոր կողմից ընդունվեց մեծագույն խանդավառությամբ։ Պատճառն այն էր, որ որդին նախ անդրադարձավ իր ընկած վիճակին, ապա զգաց և հավատաց, որ միայն իր հոր սերը կկարողանա բարձրացնել իրեն այդ ընկած վիճակից։ Արդարև հայրը վերստին բացեց իր սիրո ծորակը բարոյապես և ֆիզիկապես տգեղացած իր որդու վրա և լվաց նրան իր արցունքներով։ Հայրական համբույրը կրկին փոխանցեց անառակին այն շնորհը, որը նրան վերստին գրավիչ և գեղեցիկ մի երիտասարդ դարձրեց։ Հայրը մորթեց տոների և մեծ առիթների համար նախատեսված պարարտ եզը՝ իր մոլորված զավակի վերադարձը տոնելու համար։ Երջանիկ այս պայմանների ներքո տեղի ունեցավ անառակի վերադարձը, ուստի աղոթասացը խնդրում է իր երկնավոր Հորը, որ ինքը ևս նման ընդունելության արժանանա՝ անառակի ոգով «մեղնչեցի երկնքի և քո առաջ» ասելուց հետո։ 


Թեև խնդրո առարկան անառակ որդու առակը չէ, այսուհանդերձ սա առիթ է անդրադառնալու ներման հետ կապված սխալ մի հասկացողության, որ բավական լայն տարածում ունի մարդկային մտածումների մեջ։ Ներկայումս սովորաբար փնտրվածը և ցանկալին ներողի բարյացակամությունն է առանց հաշվի առնելու ներում խնդրողի մտքի և հոգու վիճակը։ Բանական արարածին ներում է շնորհվում, երբ նա խնդրում է և իր խնդրածին համապատասխան գործ է ցույց տալիս։ Սրանից այլ պայմաններով ներում շնորհելը, այսինքն՝ առանց զղջումի և առանց խնդրած լինելու ներելը, կա´մ ենթակային անշունչ առարկա համարել է նշանակում, կա´մ անբան կենդանի, կա´մ էլ՝ Ավետարանի իսկ բացատրությամբ, նշանակում է մարգարիտները խոզերի առջև նետել։ Ավետարանի մեջ այս գաղափարները հստակ կեպով արտահայտող երեք գեղեցիկ առակներ կան։ Առաջին երկուսը կորած դրամի և կորած ոչխարի առակներն են։ Երկուսն էլ՝ թե´ դրամը և թե´ ոչխարը, զուրկ են գիտակցությունից և իրենց տիրոջ մոտ վերադառնալու միջոցներից, հետևաբար, տերն է, որ նրանց փնտրում, գտնում և իրենց տեղն է վերադարձնում։ Սրանք խորհրդանշում են հեթանոսներին և տգիտության խավարի մեջ անբանացածներին, ում Աստված Ի´նքն է փնտրում և գտնում։ Իսկ երրորդ դեպքում կորածը որդին է, այսինքն՝ ընտանիքի անդամներից մեկը, ով կամովի հեռանում է տնից՝ օգտագործելով ազատ ընտրության աստվածատուր շնորհքը։ Այս պարագայում հայրը չէ, որ փնտրում է որդուն, որովհետև գիտեր, թե իր ջանքերը իզուր պիտի լինեին, քանի որ նախքան տղայի՝ տնից հեռանալը, իր հայրական բոլոր համոզիչ միջոցներն արդեն սպառել էր։ Որպես փորձառու և իմաստուն հայր՝ նա գիտեր, որ քանի դեռ տղան զգլխանք ուներ իր տունը մոռանալու, երբեք պիտի չվերադառնար։ Երբ իր ունեցածը սպառեր, և վատնելու ոչինչ չմնար, կա´մ պիտի մեռներ, կա´մ վերադառնար, և հայրը նաև գիտեր, թե ապրելու փափագը ավելի մեծ է մարդկանց մեջ, քան մեռնելու տենչը։ Ուստի հայրը իր որդուն փնտրելու ժամավաճառը չի դառնում, այլ աչքը ճամփին, կարոտով սպասում է նրա վերադարձին։ Որդին է, որ վերցնում է նախաձեռնությունը։ Նա´ է ուշքի գալիս, որոշում և վերադառնում հոր տուն։ Որդին է, որ աղիողորմ զղջում է հայտնում և ներում խնդրում. հայրը սիրով շնորհում է նրա ուզածը և ավելին։ Հետևաբար, անիմաստ է ներել և ընդունել մեկին, ով ներում չի խնդրել և տուն չի եկել. անիմաստ է ներել մեկին, ով ներելու արժանի որևէ քայլ չի կատարել. իսկ ներել մեկին, ով դեռևս շարունակում է իր նախկին ճանապարհը, պարզապես սրբությունը դարձյալ, Ավետարանի բացատրությամբ, շների առաջ նետել է։

Հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը - Աղոթասացը շարունակում է խոսել Անառակ որդու առակի շուրջ. նախորդ պաղատանքով նա խնդրել էր վերահաստատվել իր երկնավոր Հոր սիրո մեջ։ Իսկ այժմ նա աղաչում է, որ իրեն շնորհվի որդիական պատիվը, որից մարդը զրկվում է մեղքի պատճառով։
Պատմուճանը հնում ազնվական դասակարգի զգեստ էր. այն գործածում էին իշխաններն ու հարուստները՝ դրանով կարծես ցանկանալով ասել, որ իրենք օժտված են իշխանական ճոխությամբ, որից զուրկ են հասարակ դասակարգի մարդիկ։ Իսկապես, անառակը իր հոր տնից մեկնել էր գեղեցիկ պատմուճանով, վերադարձել էր ցնցոտիներով։ Հայրը՝ հաստատելու համար, որ իր վերադարձող որդուն վերստին բարձրացնում է նրա նախկին իշխանական պատվին, հրամայում է հագցնել նրան մի նոր պատմուճան։ Պատմուճանը խորհրդանշում է աստվածային շնորհները, որոնցով Աստված զարդարում է մարդուն, երբ վերջինս արժանանում է որդեգրության պատվին։

...որից մերկացա մեղքով - Առաջին պատմուճանը այլ բան չէ, եթե ոչ տվյալ պարագայում շնորհների այն վիճակը, որով օժտվում են բոլոր քրիստոնյաները իրենց մկրտությամբ։ Իսկապես, Աստված հավատացող, ապաշխարող և մկրտվող յուրաքանչյուր մարդու օժտում է որդեգրության գեղեցիկ պատմուճանով։ Այդ պատմուճանը մեր ուսերին է մնում այնքան ժամանակ, քանի դեռ մենք կամովի այն դեն չենք նետել։ Դժբախտ իրողությունն այն է, որ գրեթե բոլոր քրիստոնյաները, քանի որ իրենց մանկության և անգիտության տարիքում են ընդունում այս պատմուճանը, առհասարակ գրեթե պատկերացում չունեն նրա գեղեցկության և արժեքի մասին, ինչպես չունեցավ անառակը իր ուեցածի շուրջ։ Եվ դժբախտ իրականությունն այն է, որ մկրտվածների մեծ մասը ուշ կամ շուտ մերկանում է մկրտության այդ շնորհների պատմուճանից և ինքն իրեն դուրս է նետում երկնավոր Հոր տնից իրական և անտեսանելի եկեղեցուց, երբեմն էլ նաև տեսանելի եկեղեցուց։ Սակայն Աստծո անհուն սերն իր երկայնամտությամբ սպասում է նրանց տուն դարձին։ Երանի վերադարձողին, և ժամանակին վերադարձողին, որովհետև պիտի գտնի գրկաբաց հորը, ով ընդունելու է իրեն «որպես անառակ որդու» և համբուրելով հագցնելու է նրա գեղեցիկ պատմուճանը, որից ինքը մերկացել էր մեղքի պատճառով։ Բայց վա՜յ չվերադարձողին, և վա՜յ ուշացողին, որովհետև հնարավոր է՝ երբ գա, դռները փակ տեսնի և լսի ներսից մի խիստ ձայն, որն ասում է. «Ճշմարիտ եմ ասում, որ ձեզ չեմ ճանաչում»։


0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...