20.1.14

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է»

Այս տարի փետրվարի 25-ին Հայաստանյայց Եկեղեցին տոնախմբելու է Սրբոց Ղևոնդյաց քահանայից տոնը, մի տոն, որ ավանդաբար համարվում է բոլոր օծյալ հոգևորականների՝ ամուսնացյալ և կուսակրոն քահանաների տոնը: Այս տոնին ընդառաջ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ հայտարարում է ստեղծագործական մրցույթ, որը կրում է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» խորագիրը:
ՀԵՏԱՔՐՔՐԵ՞՞՞Ց: Ուրեմն ծանոթացիր մասնակցության պարզ պայմաններին՝

ա. Մասնակցության համար անհրաժեշտ է Սարկավագի բլոգին ուղարկել սեփական ջանքերով պատրաստված որևէ ստեղծագործություն՝ շարադրություն, էսսե, բանաստեղծություն, ֆիլմ, նկար, քանդակ, մի խոսքով ստեղծագործ մտքի ցանկացած դրսևորում, որը կվերաբերի Հայոց Եկեղեցում սպասավորող քահանաներից որևէ մեկին (պարտադիր՝ հոգևորականի անունը և կերպարը պետք է լինի իրական):



բ. Մրցույթի մասնակիցը արտոնված է ազատորեն ընտրելու ստեղծագործության իր ձևաչափը և վերնագիրը:


գ. Մրցույթին գրական որևէ ստեղծագործություն ներկայացնելու դեպքում նյութի ծավալը պետք է լինի 1-2 էջի (A4) սահմանում, մեքենագիր հայատառ: Մեդիաֆորմատի ստեղծագործության ծավալը չպետք է գերազանցի 10 րոպեն: Ֆոտոշարք կամ պատկերաշարք ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ուղարկել առնվազն 10 լուսանկար:


դ. Բուն ստեղծագործության հետ անհրաժեշտ է ուղարկել նաև հեղինակի կամ ստեղծագործության հերոսի 1 լուսանկար կամ թեմատիկ որևէ պատկեր՝ Սարկավագագրքում տեղադրելու համար:


ե. Բլոգին ուղարկված մրցույթային բոլոր նյութերը հրապարակվելու են ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔՈՒՄ՝ առանց փոփոխության (եթե բավարարված են մրցույթի առաջարկած պայմանները):


զ. Ստեղծագործությունների գնահատմամբ զբաղվելու է աշխարհականներից և հոգևորականներից բաղկացած խումբը (անաչառության համար անունները կհրապարակվեն միայն հաղթող մասնակցի անունը հայտնի դառնալուց հետո): ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ կողմից հավելյալ միավորի կարժանանան ամենից շատ ընթերցված և բլոգի տիրույթում ամենից շատ մեկնաբանությունների արժանացած ստեղծագործությունը:


է. Ուշադրություն՝ լինելու է միայն 1 հաղթող:


ը. Եվ ամենակարևորը՝ մրցանակը: Լավագույնը ճանաչված ստեղծագործության հեղինակի պարգևն է՝ հոգևոր գրականության հարուստ ընտրանի


Ահա այսքանը. օ՛ն, անդր առաջ: Շարժեցե՛ք երևակայությունը, զարմացրե՛ք, հուզե՛ք և հիացրեք՛ «խստապահանջ» ժյուրիին :), օրինակ տվե՛ք ընթերցողներին, տարածե՛ք և մեկնաբանե՛ք:

Կոչ ենք անում բոլոր-բոլոր ընթերցողներին, երիտասարդաց միություններին, մեր Եկեղեցու հավատավոր զավակներին մատուցելու այս փոքրիկ նվերը իրենց սիրելի քահանաներին Ղևոնդյաց տոնին ընդառաջ. չէ՞ որ մեզանում միայն  քննադատության արժանի հոգևորականներ չեն, որ ծառայում են: 
Ստեղծագործությունների ընդունման վերջին օրը փետրվարի 20-նն է:
Սպասում ենք ձեր ստեղծագործություններին: 
Աստված օգնական ամենքին:

Հ.Գ. Մրցույթին մասնակցող ստեղծագորությունները կարող եք գտնել այստեղ:

Հավելյալ տեղեկությունների, մանրամասնությունների և պարզապես առաջացած հարցերի համար կարող եք գրել ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...