13.1.13

ԾՆՎԵ՞Ց ՔՐԻՍՏՈՍ...

Կինն արտասվում էր և աղաղակում. «Սա հրաշք է, իսկական հրաշք, ինչ լավ է, որ եկաք, եկաք հենց այսօր: Մի քանի ժամից Նարեկս պիտի մեկնի Գերմանիա վիրահատության: Ա՜խր սա հրաշք է: Վե՛րջ, ես արդեն հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, որ Նարեկս բժշկվելու է: Փա՛ռք քեզ, Տե՛ր Աստված: Ես հավատում եմ»: Այս խոսքերը ես լսում էի նախամուտքից, մի պահ ինքս անորոշության մեջ հայտնվեցի՝ չհասկանալով՝ ինչ է կատարվում: Անմիջապես ներս մտանք: Նարեկը անվաչմուշկները հագին նստած ինչ-որ անհասկանալի կետի էր նայում, իսկ բազմանդամ ընտանիքի մյուս երեխաները իրենց հերթին զարմացած մեզ էին նայում: Հայրը մի քիչ շփոթված փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում, կարծես մտածում էր՝ հավատա արդյոք կնոջ խոսքերին և խոստովանությանը: Իսկ մայրը մեր այցից խառնված ոչ տան աղն էր գտնում, ոչ՝ հացը, ոչ էլ ջուրը: Երբ տնօրհնեքի արարողությունը սկսվեց, Նարեկին մոտեցրին սեղանին: Նա սկզբից մինչև վերջ անշարժ նայում էր լույսին և ժպտում: Երկար ժամանակ փորձեցի հասկանալ՝ ինչու է նա այդքան լայն բացված աչքերով անթարթ նայում լույսին, և ինչ էր նա գտել այնտեղ: Հիմա մտածում եմ՝ գուցե այն, ինչ չեն գտնում նրանք, ովքեր տարիներ շարունակ գտնվում են Լույսի կողքին, տեսավ Նարեկը: Գուցե այն, ինչ մեր գիտակից աչքերին հրաշք չի երևում, հրաշք դարձավ այս ընտանիքի՝ փոքր-ինչ անտեղյակ աչքերում: Մի՞թե այս չի պահանջում Աստված. մանկան պես պարզ հավատք ունենալ: Մյուս կողմից ամեն անգամ ակնհայտ է դառնում, որ կարիքավոր մարդիկ ավելի շատ են ապավինում Տիրոջը, ավելի շատ են փնտրում նրան: Ո՞վ կապրեր այն տներում, որտեղ այցելեցինք, այն տներում, երբ իր դերն ունեցող տան ամեն հատված փոխել էր իր տեղն ու գործառույթը, երբ մի սենյակից մյուսին անցնելու համար մարդուց զգուշություն էր պահանջում, երբ քամուց անգամ երկաթե դուռն էր վախենում, երբ երեխաները ջուրն իրենց մաշկին հպելու կարիք ունեին, երբ խոնավության հոտը շնչահեղձ էր անում...երբ դուք ունեք անհամեմատ ավելին:

Պետք է սովորել, պետք է անպայման սովորել գնահատել ունեցածը, շնորհակալություն հայտնել քանի դեռ առողջ եք, գոհ լինել քանի դեռ կուշտ եք, ուրախանալ, քանի դեռ ջերմությունն է պարուրում, ժպտալ քանի դեռ նրանք ձեր կողքին են: Սիրել, քանի դեռ այստեղ եք: Միշտ էլ լինելու է մի պակաս բան, քանի դեռ լիարժեք չենք, քանի դեռ չենք միացել ինքներս մեզ:

Այս օրերին, երբ քաղաքը արտասովոր լուսավոր է և թվացյալ անհոգ, երբ ցուցափեղկերը զարդարված են հեքիաթային իրականություններով և ինձ միայն մնում է ապակու վրայով ձեռքերս սահեցնել հափշտակելու համար այդ շքեղ պատմությունները,ես սկսում եմ մտածել՝ արդյոք ինչն է բաժանում ինձ ապակուց այն կողմ գտնվող իրերից, երբ դրանք անմիջապես իմ առջևում են:

Հենց այս օրերին, երբ տասնյակ անգամներ երգել եմ Քրիստոսի Ծնունդը և Հայտնությունը, և ինձ էլ միացել են հարյուր հազարավոր քրիստոնյաներ, հարց եմ տալիս ինձ՝ արդյոք ինչն է բաժանում մեզ չերգողներից: Իսկ ի՞նչ պատահեց մեզնից յուրաքանչյուրի հետ այս խոսքերն ասելիս. ծնվե՞ց Քրիստոս, հայտնվե՞ց մեր մեջ կամ նրանց մեջ, ում համար երգվեց: Եվ եթե հայտնվեց, ապա ու՞ր թաքցրինք Նրան մենք: Եթե հայտնվեց, ինչու՞ չլուսավորվեցինք, եթե ծնվեց՝ ինչու՞ չփոխվեցինք: Ծնունդից հետո առա՞նք ձեռքներս, թե՞ հմայվեցինք՝ թողնելով Նրան խանձարուրի մեջ: Եվ եթե իմացանք ծննդյան մասին, ապա ի՞նչ նվիրեցինք. ոչ Նրան, այլ ինքներս մեզ և նրանց, ում լուր հասցրեցինք: Իսկ մենք ակնհայտորեն թաքցնում կամ կորցնում ենք Նրան ամենի մեջ: Քրիստոս ծնվել է մեկ անգամ և այնտեղ, որտեղ մենք ենք. սա անժխտելի և նախասահմանված իրողություն է, բայց Նրա ծնունդը մեր անձերում անխուսափելիորեն կախված է մեր ցանկությունից: Այսպես Նրա ծնունդը միշտ կմնա ընդհանուր, և չի դառնա անհատական, եթե չկա ցանկություն: 

Գիտեմ և տեսա ծնունդը երգող մարդկանց, ովքեր ունեն շատ բան և տեսել են Աստծո հրաշքը, ովքեր ունեն ժամանակ և հնարավորություն փոխելու, սակայն ծայրահեղ դժգոհ են կյանքից, և տխուր՝ անսահման: Ծնվե՞ց Քրիստոս նրանց մեջ, հայտնվե՞ց նրանց կյանքերում: Գուցե ինչ-որ ժամանակ ծնվել է, բայց հեռացել, երբ սեփական ձեռքերով հրել են Նրան: Որեմն տեսնենք Հիսուս մանկան ծնունդը, ամուր գրկենք ու պահպանենք, զգանք Նրա հայտնությունը, ապրենք մեր հավատքը... 

Ծնվե՞ց Քրիստոս իմ մեջ...այս հարցը ինքս ինձ ուղղելուց հետո ուզում եմ կորչեմ, հավերժ կորեմ Նրա անսահմանության մեջ...

Արմինե Բարսեղյան

1 արտահայտվիր:

Տաթևիկ said...
1/14/13, 8:40 AM

Շատ հուզիչ էր...

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...