4.9.12

ԳՈՂԱՑՎԱԾ ԱՂՈԹՔ


Վերջերս նամակագրական ժանրի գեղարվեստական մի շատ հետաքրիր գործ ընթերցեցի` "The Screwtape Letters", հեղինակված 20-րդ դարի հայտնի կրոնափիլիսոփներից մեկի` S.C. Lewis-ի կողմից (ռուսերենով այն թարգմանված է Клайив Льюис, "Письма Баламута"): Հետաքրքրականն այն էր, որ այս ստեղծագործության 31 նամակների մեջ, որը ես թարգմանել եմ որպես «Բանսարկվի նամակները», ես գտա ինձ, իմ հասարակությունն ու միջավայրը, իրենց ապրումներով ինձ հետ կիսված շատուշատ մարդկանց, այդ իսկ պատճառով ցանկացա կիսվել նաև ընթերցողիս հետ: Ստեղծագործության սյուժեի հիմքում Բանսարկու անունով (անգլերենում` Screwtape, ռուսերենում` Баламут) տարեց և փորձառու մի չարքի խորհուրդներն ու գործնական առաջարկներն են` ուղղված իր զարմիկին` երիտասարդ ու անփորձ դև Ճիվաղիկին (անգլերեն` Wormood, ռուսերեն` Гнусик): Ողջ խորհրդատվության ուղղվածությունը մեկն է` ենթարկյալ մարդուն տանել դեպի կորուստ և թշվառություն` հեռացնելով նրան Կյանքի Աղբյուր Քրիստոսից, Ում սուրբ անունը բարձրաձայնելուց սարսափելով` դևերը հաճախ օգտագործում են Թշնամի անվանումը: Այժմ առաջարկում եմ  ընթերցել հատվածներ այս նամակագրության 4-րդ նամակից ազատ թարգմանությամբ և վերջում անկեղծ լինել, թե որքանով էր նկարագրվածը ցավալիորեն իրական մեր կյանքում:


Ճիվաղի՛կ, թանկագինս,
Քո նախկին նամակում առկա սիրողական բնույթի գաղափարները ինձ հիշեցրեցին, որ ժամանակն է քեզ հետ խոսելու այնպիսի տհաճ թեմայի շուրջ, ինչպիսն աղոթքն է։

...Լավագույն տարբերակը, որքանով որ այդ հնարավոր է, ենթակային առհասարակ աղոթքներից հեռու պահելն է։ Երբ ենթական հասուն մարդ է, ով ոչ վաղ անցյալում է վերադարձել Թշնամու ճամբար, այդ անելը շատ հեշտ է. բավական է հիշեցնել նրան (կամ ներշնչել, թե իբր ինքը հիշում է) մանկության թութակային աղոթքները։ 
Նման աղոթքների հանդեպ հակակրանքը օգտագործելով՝ դու կհամոզես նրան ձգտել դեպի աղոթքի մի տեսակ արտառոց, ինքնաբուխ, ոչ կանոնական և ոչ կանոնավոր տարբերակները։ Իրականում սկսնակի պարագայում այս նշանակում է, որ նա ինքն իր ներսում պիտի ինչ-որ տարտամ «բարեպաշտական տրամադրվածություն» ստեղծի, որի գոյության դեպքում, անշուշտ, աղոթքի վրա կենտրոնացված չեն ո՛չ կամքը, ո՛չ բանականությունը։ Բանաստեղծներից մեկը՝ Քոլրիջը, գրում էր, որ ինքը աղոթում է ոչ թե ծնկների խոնարհումով և սովորական դարձած բառերի շարանով, այլ ուղղակի հոգով հանգչելով սիրո մեջ և սուզվելով աղոթքի գիրկը։ Ահա հենց այս էլ պետք է մեզ։ Իսկ քանի որ այսպիսի աղոթքը արտաքնապես հար և նման է առանց խոսքերի այն աղոթքին, որով աղոթում են հոգևոր կյանքում առաջ գնացածները Թշնամու պաշտամունքի ժամանակ, ապա «խելամիտ» ու ծույլ ենթակաները կարող են բավական հեշտ ու երկար ժամանակ մնալ մոլորության մեջ։ Ի վերջո, նրանց կարելի է համոզել, որ մարմնի դիրքը աղոթքի համար ամենևին էական չէ (չէ որ իրականում մարդիկ անընդհատ մոռանում են այն, ինչ դու միշտ պետք է հիշես. նրանք կենդանիներ են, և իրենց իսկ մարմինները ազդում են իրենց հոգու վրա)։ Որքան էլ, որ զավեշտալի է, այս արարածները կարծում են, թե մենք իրենց գլուխները լցնում ենք տարբեր մտքերով, այն դեպքում, երբ մեզ համար լավագույն ճանապարհը նրանց մտքերից շեղելն է։

Եթե այս ամենը չի օգնում, փորձի՛ր ավելի նուրբ մի տարբերակ։ Ամեն անգամ, երբ նրա մտքերը ուղղվում են դեպի Թշնամին, մենք ստիպված ենք ընկրկել։ Բայց գոյություն ունի խանգարելու մի միջոց. ամենից հասարկը ենթակայի ուշադրությունը Թշնամուց սեփական անձի վրա տեղափոխելն է։ Թող կենտրոնանա սեփական գիտակցության վրա կամ փորձի կամային ջանքերի միջոցով ինքն իր ներսում որոշակի զգացումներ առաջացնել... Սովորեցրո՛ւ նրան գնահատել յուրաքանչյուր աղոթքն ըստ այն բանի, թե արդյոք այն ցանկալի զգացումներ առաջացրել է կամ ոչ։ Եվ թող որ ենթական երբեք գլխի չընկնի, թե որքանով էր հաջողված կամ ձախողված աղոթքը։

...Անշուշտ, միշտ չէ, որ Թշնամին պետք է սպասի առանց միջամտելու. այնտեղ որտեղ աղոթքն է, միշտ վտանգ կա, որ Նա մեզ պետք է խանգարի։ Նա, անպատշաճության աստիճան անտարբեր է սեփական արժանապատվության հանդեպ...

Քեզ սիրող հորեղբայր`
Բանսարկու
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

3 comments:

  1. Տաթևիկ9/5/12, 9:36 AM

    Տեր Հայր ինքը գևվածքը շատ հետաքրքիր է, բայց խնդրում եմ բացատրեք, թե ինչու սեփական կամքով ինքդ քո վրա աշխատելով աղոթքի ժամանակ որևէ զգացումներ ապրելը կարող է սխալ լինել: Սրբերն էլ մեզ ասւոմ են, որ մեզ հարկադրենք աղոթքի: Կամ աղոթելու դիրքը: Կա կարծիք, որ պատրանքը տվյալ դեպքում հենց աղոթելու դիրքի վրա առհասրաակ ուշադրություն դարձնելն է: Ընդհանրապես ճիշտը մարմնին նեղություն տալն է, սակայն հաճախ ես նույնիսկ աղոթական կենտրոնակացած վիճակում չեմ կարողանում նորմալ աղոթել, քանի որ կենտրոնականում եմ հենց այդ մտքի վրա, իսկ ծնկի գալ կամ կանգնել տվյալ պահին տվյալ վայրում հնարավոր չէ: Կարծում եմ մենք պիտի սովորենք ամեն դիրքում ցանկացած վիճակում լավագույն աղոթքներն անել:
    Վերջում էլ խնդրում եմ խորհուրդներ տալ ճիշտ աղոթելու` տվյալ հոդվածի հետ կապված: Շատ շնորհակալ եմ: Աստված Ձեզ հետ!

    ReplyDelete
  2. @Տաթևիկ ջան հոյակապ հարց էր։ Նախ ասեմ, որ հեղինակի ներկայացրած զգացմունքային ապրումները կարող է կապ չունեն քո անձնական ապրումների հետ, բայց ես իմ կյանքից կբերեմ օրինակը. կար ժամանակ, երբ ես աղոթելիս ինչ-որ բանի էի սպասում. եթե աղոթքի ժամանակ հանկարծակի մարմինս փշաքաղվում էր, ես մի տեսակ գոհացած էի զգում՝ եզրակավնելով, թե աղոթքս սրտաբուխ էր և անգամ մտածում էի, թե դա Սուրբ Հոգու հպումն է ինձ։ Շատերիս հետ այդ ապրումը լինում է հատկապես հոգևոր երաժշտություն ունկնդրելիս և հատկապես եկեղեցում։ Այս ամենը սանդղակ ընդունելով ես հաճախ սրտնեղում էի, որ հանկարծ աղոթքի ժամանակ նման ապրում չէի ունենում և փորձում էի ստիպել, որ այն առաջանա։ Արդյունքում իմ արածը լինում էր ինքնախաբեություն։ Մյուս կողմից չի բացառվում, որ այն աղոթքները, որոնց ընթացքում հուզական ապրումներ չէի ունենում դարձյալ լսելի են Աստծո ականջին։ Դրա համար է Լյուիսը գրում՝ «Եվ թող որ ենթական երբեք գլխի չընկնի, թե որքանով էր հաջողված կամ ձախողված աղոթքը»։ Կարծում եմ մոլորությունը այստեղ է թաքնված։
    Ինչ վերաբերում է դիրքին... դրա նպատակը ոչ այնքան մարմինը ճնշելն է, որքան մարմինը արթնության վիճակում պահելը, իսկ ծնկաչոք աղոթքը իրականում ցույց է տալիս աղոթողի խոնարհությունը, մի բան, ինչի պակասը այսօր շատրն ունեն։
    Ինչ վերաներում է լավագույն տարբերակին, Սուրբ Գրիգոր Տաթևացուց լավ ոչինչ չեմ կարող ասել. Տաթևացին մարդուն նմանեցնում է բուրվառի /վստահաբար տեսել եք եկեղեցական այդ գործիքը՝ նախատեսված խունկ ծխելու համար/, ածուխը դրա մեջ մարդու սիրտն է իսկ լցվող խունկը՝ աղոթքը։ Որքան ուժեղ է վառվում ածուխը, այսինքն որքան շիկացած է մեր սիրտը սիրով, այնքան ավելի ուժեղ պիտի լինի խնկի բույրը՝ ավելի ճիշտ ու աստվածահաճո պիտի լինի մեր աղոթքը։ Տերը Ձեզ ապավեն։

    ReplyDelete
  3. Տաթևիկ9/6/12, 1:54 PM

    Շնորհակալ եմ Տեր Հայր ջան:

    ReplyDelete

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: