10.11.11

ՏԱՂԱՆԴՆ ԱՆՀԱՄԵՍՏ ՉԻ ԼԻՆՈՒՄ...

Տաղանդի հատկանիշներից մեկը ամոթխածությունն է, որ շիկնում է ոչ այնքան հավանություն չտվող խոսքից, որքան դրվատանքից և գովեստից: Որտեղ ապրում է ամբարտավանությունն ու հիվանդագին նեղացկոտությունը, այնտեղ տաղանդը չի կարող մինչև իսկ գիշերել: Տաղանդի բնավորությունը համեստությունն է, և համեստություն ասելով ես չեմ հասկանում ինքնաժխտման հասնող այն խեղճությունը, որ փաստորեն նշանակում է սեփական կարծիքի և սկզբունքի մերժում: Քա՛վ լիցի, ա՜յդ էր պակաս: Համեստություն ասելով չեմ հասկանում նաև այն փարիսեցիությունը, որ հաճախ հասցնում է քերականական առաջին դեմքի ջնջման՝ երբ «եսը», «ըստ իսն» ու «իմ կարծիքովը» քիչ է մնում ընկալվեն աղանդավորության պես մի բան, իսկ «մենք կարծում ենք» ու «մեզ թվում է»-ն՝ պարկեշտության նմուշ:


Համեստ լինել նշանակում է ոչ միայն հավատալ իր հնարավորություններին, այլև՝ կասկածել իր ստեղծածի վրա, և այս ճանապարհով է տաղանդը համալրում իր ուժերը. ավելի շատ դժգոհել իր արածից, քան թե գոհանալ, և այս եղանակով է տաղանդը գոհացուցիչ գործ անում. առավել նկատել ուրիշի լավը և սեփական վատը, և այս կերպ է տաղանդը զարգանում. ներքնապես շարունակ մխալ և ոչ թե հրախաղություն պահանջել, և այս միջոցով է հասնում բռնկումի ու հրդեհի պահ...

....Երիտասարդություն ասվածի ամենաբնորոշ հատկանիշը թերևս ինքնավստահությունն է: Եվ սրա մեջ ոչ մի պախարակելի բան չկա: Պախարակելին և վտանգավորն սկսվում է կես քայլ հետո, երբ հանդես է գալիս մեծամտությունը: Իսկ ովքե՞ր են սրանք՝ մեծամիտները: Եթե աշխարհում կան բացահայտ երջանիկներ, ապա մեծամիտները, իմ կարծիքով, երջանիկների առաջին շարքումն են: Սրանք չեն ունենում կասկածի ոչ մի րոպե: Ուրիշների, մանավանդ մեծերի հետ համեմատվելու ոչ մի ցանկություն: Դիմացները՝ մի հայելի, որ անդրադարձնում է միայն իրենց ինքնասիրահարված դեմքը...

...Իսկ ինչպես պայքարել մեծամտության դեմ, որ այլ բան չէ, քան հոգու ցեց: Այստեղ չի կարող օգտակար լինել նավթալինը: Կարող է թերևս օգնել լոկ գիտակցումն այն բանի, որ մեծամտությունը և օդը նույն հատկանիշն ունեն: Օդը, ինչպես գիտեն փոքրահասակ երեխաներն անգամ, մտնում է այնտեղ, որտեղ դատարկ տարածություն կա. ձուլածո գնդի մեջ՝ անհամեմատ պակաս, քան փուչիկի: Մեծամտությունն էլ է այդպես. գլուխ կոչված գունդը որքան դատարկ է, նույն չափով էլ լցված է մեծամտությամբ...

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
Նյութը վերցված է  www.aravot.am կայքից

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...