19.7.11

ՍԻՐԻ՛Ր ՔՈ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ … ՍԻՐԻ՛Ր ԸՆԿԵՐՈՋԴ


«Սերն Աստծու ճառագայթումն է:- այսպես պատասխանեց  օտարերկրացի լրագրողի՝ «ի՞նչ է սերը» հարցին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը:- Մարդու և հանրային կյանքում սիրո տարբեր դրսևորումների դասակարգումը զուտ պայմանական է. սերը մեկն է, այն մարդկային էակի փթթումն է, էակ, որն իր վրա է կրում Աստծու դրոշմը, կնիքը կամ, ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ Աստծու պատկերը, որը Սեր է»:

Արդարև, սիրո գաղափարը քրիստոնեական վարդապետության կենտրոնական գաղափարներից է, եթե ոչ, իհարկե, ամենակենտրոնականը: Սիրո առաքելությունը, որ առաքինությունների շարքում մեծագույնն է (Ա Կորնթ. 13:13), քրիստոնեական բարոյականի հիմնական սկզբունքն է: Սա մի զգացում է մարդու ներսում, որ անհատական շրջանակից դուրս է ելնում և ուղղվում է դեպի ուրիշ էակներ՝ Աստված, մարդիկԵվ ամենևին պատահական չէ, որ երբ Հիսուս Քրիստոսին փորձել ցանկացող փարիսեցին հարցրեց, թե ո՛ր պատվիրանն է մեծ, Փրկիչը հնչեցրեց դեռևս Հին Ուխտում վկայաբերված սիրո պատվիրանը (Բ Օր. 6:5)՝ «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթ. 22:37, Մարկ. 12:29, Ղուկ 10:27) և ապա անմիջապես շարունակեց դրա նման երկրորդ պատվիրանով, որը ապացույցն էր առաջինի՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Ղևտ. 19:18, Մատթ. 22:39, Մարկ. 12:31, Ղուկ. 10:27):

Սերը սահմաններ չի ճանաչում, այն ընդգրկում է ամեն ինչ: Ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա գոյություն չունի ոչինչ ավելի քաղցր, ավելի ուժեղ, ավելի բարձր, հաճելի և ընդարձակ, չկա ոչինչ ավելի կատարյալ, քան սերն է, որովհետև սերը ծնվել է Աստծուց և կարող է հանգիստ գտնել միայն Աստծո  մեջ:
«Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում: Սերը երբեք չի անհետանում…» (Ա Կորնթ. 13:4-8):

Ըստ այսմ ԱՍՏՎԱԾ-ՍԵՐ-ՄԱՐԴ հավերժական շղթայի մեջ առանձնանում են սիրո երկակի դրսևորումներ` սեր Աստծո հանդեպ և սեր մարդկանց հանդեպ: 

Աստծո հանդեպ սերը բռնկվում է մարդկային սրտում Տրիոջ բարերարությունների մասին խորհելու, մտածելու, հիշելու շնորհիվ, բարերարություններ, որ մշտապես առատորեն հեղվել են մարդկային սերունդների վրա:

Մի առիթով Անտոն Մեծին հարցնում են.
-Հա՛յր Անտոն, ի՞նչ ճանապարհով կարելի է հաճոյանալ Աստծուն:
Հայրը պատասխանում է.
- Տիրոջ համար ամենահաճելին սերն է: Սերն առկա է նրա մեջ, ով իր մաքուր խորհրդածություններում անդադար գովաբանում է Տիրոջը: Իսկ սա սկիզբ է առնում, երբ չենք մոռանում Աստծո, Նրա խոստացած բարերարությունների և այն ամենի մասին, ինչ Տերը հաճեց անել մեզ համար: Այս ամենը վերհիշելուց ծնվում է լիակատար սեր, ինչպես գրված էլ է. «Քո տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ ու քո ամբողջ ուժով» և ինչպես մարգարեն է երգել. «Ինչպես եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպես էլ ես քեզ եմ փափագում, ո՛վ Աստված» (Սաղմ.  41:2): Ահա և այն, ինչով պարտավոր ենք հաճոյանալ, որպեսզի մեզանում էլ իրականանան առաքյալի խոսքերը. «Արդ ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց, տառապա՞նքը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգը, թե՞ սուրը» (Հռոմ. 8:35):

Եթե որևէ թերահավատի բանականության սահմանափակ կաղապարում շրջում է հարց, թե որքանո՛վ Աստված սիրեց աշխարհը և մարդուն, և թե որքանո՛վ է մարդ պարտական սիրով պատասխանելու Տիրոջը, բավական է միայն հիշեցնել, որ աստվածային սերը ոչ միայն ստեղծեց աշխարհը  (Ծննդ. 1-2), ոչ միայն ստեղծեց մարդուն՝ նրան տալով աստվածային պատկեր և նմանություն (Ծննդ. 1:26) և շնորհելով անխլելի մի գանձ՝ ազատությունը, ոչ միայն մեզ շնորհեց Օրենքը, մարգարեներին և իմաստությունը, այլև «իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ մահվան՝ խաչի վրա» (Փիլիպ. 2:7-8). Նա «սիրեց մեզ և իր անձը մատնեց մեզ համար, որպես անուշահոտ պատարագ և զոհ Աստծուն» (Եփես. 5:2). «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3:16):

Եզրակացությունը մեկն է՝ «… Աստված սեր է…» (Ա Հովհ. 4:16): Նա սեր է իր վարդապետության մեջ, Նա սեր է իր գործունեության մեջ, Նա սեր է իր չարչարանքի մեջ, Նա սեր է և խաչի վրա: Կենսատու սերը խաչի վրայից հոսեց դեպի մարդկանց սրտերը, և այնտեղից մարդիկ ստացան փրկությունը: Եվ, ընդսմին, որքան էլ, որ մարդը երախտամոռ կերպով շարունակեց ու շարունակում է անգթորեն վերստին ու վերստին խաչին գամել իր Փրկչին, այսինքն՝ շարունակում է գործել մեղքը, որից ձերբազատվելու շնորհ էր ստացել, այնուհանդերձ Աստված, լինելով «բարերար և ամենակալ» (Սբ. Գրիգոր Նարեկացի), «ընդունում է մեզ, ինչպես անառակ որդուն (Ղուկ. 15:11-32) և հագցնում է առաջին պատմուճանը, որից մերկացել էինք մեղքով» (Սբ. Ներսես Շնորհալի):

Մարդուն, որպես օրինաչափություն, հատուկ է սիրել գեղեցիկը, լավը, բարին, որոնց ստեղծողն ու արարիչը, անշուշտ, Աստված է: Որքա՜ն առավել պիտի մարդը սիրի Իրեն՝ Արարչին, քանզի «տուն կառուցողն ավելի պատիվ ունի, քան տունը» (Եբր. 3:3): Իսկ ով սիրում է Աստծուն ամբողջ սրտով, նա Աստծուն գերադասելով աշխարհում ամեն բանից ձգտում ամեն ինչում կատարել Նրա կամքը (քո կա՛մքը թող լինի(Մատթ. 6:10), քանզի ով սիրում է Տիրոջը, կպահի նրա պատվիրանները (Հովհ. 14:15):

Աստվածային սերը նման է գինու, որն «ուրախացնում է մարդուն» (Սաղմ. 103:15): Համտեսելով աստվածային այդ ըմպելիքից` անժուժկալները դառնում են արդարակյացներ, հարուստները` կամավոր աղքատություն են փափագումանառակները լցվում են ողջախոհությամբտկարները` վերածվում են հզորների, տգետները` լցվում իմաստությամբ, իսկ վշտահարները՝ ցնծում մխիթարությամբ...

Աստծո հանդեպ ունեցած սիրո մյուս չափազանց կարևոր դրսևորումն է սերը մերձավորի հանդեպ: Սրա և նախորդ պատվիրանի վրա է բարձրացված Աստծո օրենքի և մարգարեությունների երկնաքեր շենքը«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը»,- այս է պատգամը Փրկչի: Ամերիկա հայտնագործած չենք լինի, եթե ասենք, որ մարդու համար ամենամեծ արժեքը կյանքում կրում է սեփական անձը՝ սրա մեջ առնելով նաև անձի հետ կապված ամեն ինչ: Արդ, Քրիստոս, հասկանալով այս, պարզորեն ցույց է տալիս, որ սերը նմանի հանդեպ, նվազ կենդանի ու զորեղ զգացում չէ, քան մարդու մեջ սերը սեփական անձի, եսի հանդեպ: Սա, որքան էլ որ դժվար, նույնքան էլ էական սկզբունք է քրիստոնյայի համար, որովհետև անկարելի է սիրել Աստծուն` չսիրելով Աստծո արարածին: Արդյոք ինչո՞վ է փաստվում և գործնականորեն ինչո՞վ է արտահայտվում սերն Աստծո հանդեպ, եթե ոչ ընկերոջը սիրելու փաստով: Ում մեջ առկա է սերը, նրանում բացակայում է ատելությունը, ինչպես Հովհաննես Աստվածաբան առաքյալն է ասում. «Ով սիրում է իր եղբորը, բնակվում է լույսի մեջ և նրա մեջ գայթակղություն չկա: Իսկ ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է, խավարի մեջ է շրջում և չգիտե, թե ուր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը» (Ա Հովհ. 2:10-11): 
Սեփական զանցանքներն ու մեղքերը վերացնելու լավագույն ճանապարհն է մարդկանց ներելն ու նրանց թերացումներին սիրով պատասխանելը, քանզի Աստծո բարությունը մեր հանդեպ մեծապես կապված է մերձավորի հանդեպ մեր բարությամբ, ինչի համար էլ Փրկիչն ասել է. «Ներեցե՛ք և ներում պիտի գտնեք Աստծուց» (Ղուկ. 6:37) և «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների» (Մատթ. 6:14, Մարկ. 11:25): Ի վերջո խաչվելով հանուն աշխարհի, հանուն մեզանից յուրաքանչյուրի` «արձակելով մեր մեղքերի կապանքները իր արյամբ»  (Հայտն. 1:5), Փրկիչ Աստված մատնացույց է անում, որ «մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը» (Ա Հովհ. 3:16). չէ՞ որ «ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13):

Աստվածային տասը պատվիրանները` մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, ուրիշի ունեցվածքը մի՛ ցանկացիր և մյուսները (Ելք 20:2-17), ամփոփվում են մեկ ընդհանուր արտահայտության մեջ` սիրի՛ր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ:
Մերձավորի հանդեպ սիրո մի սքանչելի բանաձև է տալիս Պողոս առաքյալը` պատվիրելով «ուրախացողների հետ ուրախանալ, լացողների հետ լալ» (Հռոմ. 12:15), քանզի «եթե մի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, և եթե մի անդամը փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները» (Ա Կորնթ. 12:26): Ահա թե որքա՛ն պարզ և միևնույն ժամանակ իր խորքի մեջ բարդ է մերձավորի հանդեպ սիրո պահանջը:

Եկեք համաձայնենք, կյանքում առկա բոլոր դժվարություններն Աստծո հանդեպ սիրո պակասից են, և բոլոր խնդիրները մարդկանց միջև` միմյանց հանդեպ սիրո պակասից: Եթե կա սերը, դժվարությունները բացառվում են, բացառվում այն աստիճան, որ նույնիսկ հնարավոր է դառնում սիրել թշնամուն, ատելին և անտանելին (Մատթ. 5:44):
Սիրո փորձառությունը հաղթանակի տանող միակ ուղին է` ճշմարտագույնը և ամենաակնհայտը, ուստի «ճանաչենք Քրիստոսի սերը, որ գերազանց է քան ամեն գիտություն, որպեսզի լցվենք Աստծու լրիվ ամբողջությամբ» (Եփես. 3:19): 

«Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է. և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն: Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է: Եվ սրանո՛ւմ երևաց Աստծո սերը մեր հանդեպ. այն, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց որպեսզի նրանով կենդանի լինենք: Սրանո՛ւմ է սերը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա՛ սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քավության համար: Սիրելինե՛ր, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք ևս պարտավոր ենք սիրել միմյանց:
Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել: Եթե միմյանց սիրենք, Աստված բնակվում է մեր մեջ. և նրա սերը մեր մեջ կատարյալ է: Սրանո՛վ գիտենք, թե մենք նրա մեջ ենք բնակված, և նա էլ` մեր մեջ. այն, որ նա իր Հոգուց տվեց մեզ: Եվ մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր Որդուն` աշխարհի Փրկիչ լինելու: Նա, ով խոստովանի, թե Հիսուսն է Աստծու Որդին, Աստված բնակվում է նրա մեջ, և նա` Աստծու մեջ: Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք Աստծու սերը, որ նա ունի մեր հանդեպ: Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ: Աստծու հանդեպ սերը եթե կատարյալ է մեր մեջ, ուրեմն վստահություն կունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու. որովհետև, ինչպես որ նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում: Սիրո մեջ երկյուղ չկա. և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է. և ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ: Սիրենք Աստծուն, որովհետև առաջինը նա՛ սիրեց մեզ: Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել: Եվ նրանից ունենք այս պատվիրանը` ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը» (Ա Հովհ. 4:7-21):

1 արտահայտվիր:

Unknown said...
8/31/11, 9:34 AM

Անսպառ թեմա... ինչպես և Տիրոջ ճառագայթումն է անսպառ...

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...