5.4.17

ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՆ Է - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 38)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են  Ելք. 4:21-5:3, Զաք. 9:9-16, որ  կարող ենք կարդալ այստեղ:


Աստված մեր Երկնավոր Հայրն է, իսկ մենք Նրա զավակները, ուստիեւ շատ բնական է, որ քրիստոնյաներս Աստծո եւ մեր փոխհարաբերություններին նայենք երկրային հայրերի ու զավակների օրինակով։ Ո՞վ է մեր հայրը մեզ համար. մեր ծնողը, սնողը, դաստիարակողը, մեր լավի համար հոգացողը, նեղության եւ դժվարության մեջ մեր ձեռքը բռնողն ու պաշտպանողը։ Նույնպես է նաեւ մեր Երկնավոր Հոր պարագային. Աստված մեր Հայրն է ու պաշտպանը։ Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցման մեջ Զաքարիայի մարգարեությունը ներկայացնում է մեզ Իսրայելի անպաշտպան ու կեղեքված ժողովրդին եւ Աստծո ոգեւորիչ խոստումը թե.
«Ամենակալ Տէրը պիտի պաշտպանի նրանց» (Զաք. 9:15)։

4.4.17

ՄԵԿ ՄԱՐՄԻՆ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 37)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումն է Ա Կորնթ. 12:8-27, որ  կարող ենք կարդալ այստեղ:


Մենք քրիստոնյաներ ենք... 
Որքան բազմազան բնորոշիչներ կան, որ մեզ դարձնում են իրարից տարբերվող` արտաքին տեսք, ճաշակ, նախասիրություններ, կրթություն և դաստիարակություն, հասարակական դիրք ու աշխատանք... Իրարից շատ տարբեր ու զանազան ենք, այո՛, բայց Աստծո առջև մեկ բանով մեկ ենք` մենք քրիստոնյաներ ենք` Քրիստոսի հետևորդներ, Քրիստոսի մեկ մարմնի անդամներ.
«Ինչպէս մէկ է մարմինը եւ ունի բազում անդամներ, եւ մարմնի այդ բազում անդամները բոլորը մէկ մարմին են, այնպէս էլ՝ Քրիստոս» (Ա Կորնթ. 12։12)։

3.4.17

ԹՈՂ ՏԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԻ ՄԵՐ ԾԱՌԱՅԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ - ՄԵԾ ՊԱՀՔ (oր 36)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ Դան. 7:2-27, Ա Կորնթ. 12:1-7, որ  կարող ենք կարդալ այստեղ:


Քրիատոնեական կյանքը, սիրելիներս, գործնականացված հավատքի կյանք է։ Ապրել այդ կյանքը հնարավոր է միմիայն ծառայասիրությամբ։ Շատ շատերն, այսօր, ձգտում է ոչ թե ծառայելու, այլ ծառայեցնելու, ոչ թե օգտակար դառնալու այլ օգտագործելու ուրիշների ստեղծածը։ Քրիստոնյա մարդու կյանքում այս անհամատեղելի է, հատկապես եկեղեցու մեջ։ Մենք ամենքս կոչված ենք լինելու ընտանիք, քույրեր ու եղբայրներ եւ ոչ թե տերեր ու ծառաներ։ Այն ինչ պիտի տեղի ունենա Քրիստոսի եկեղեցու մեջ, պետք է ծառայի Տիրոջ փառքին ու արքայությանը։ Դրա համար Պողոս առաքյալն օրվա ընթերցվածի մեջ ասում է. 
«Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում» (Ա Կորնթ. 12:5)։

2.4.17

ՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ ԳԱԼՍՏՅԱՆԸ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 35)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ Ղուկ. 21:5-38, Ես. 66:1-24, Կող. 2:8-3:17, Մատթ. 22:34-23:39, որ  կարող ենք կարդալ այստեղ:


Մեծ պահքի ամենից սարսափազդու օրն է այսօր, որ կոչվում է «Գալստյան կիրակի»։ Այս կիրակին խորհրդանշում է Քրիստոսի Առաջին և Երկրերդ գալուստները։ Առաջին գալուստը Աստծո որդու մարդեղացումն է` այս մեղավոր երկրի վրա Աստծո ապրելը որպես կատարյալ մարդ։ Եվ քանի որ Հիսուսի մարդացման նպատակը մարդկության փրկությունն էր մեղքի «հիվանդությունից» և սատանայի իշխանությունից, այսօր մենք առավել քան երբևէ պիտի անդրադառնանք, թե որքանով արժնի եղանք աստվածային նմանօրինակ զոհողության։ Եսայի մարգարեն գրում է օրվա ընթերցվածի մեջ. 

«Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները եւ իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին: Ու ես պիտի բռնեմ նրանց խաբէութիւնները եւ հատուցեմ նրանց ըստ իրենց մեղքերի, որովհետեւ կանչեցի, բայց ինձ չլսեցին, խօսեցի, բայց ականջ չդրեցին, չարիք գործեցին իմ առաջ եւ ընտրեցին այն, ինչ ես չէի կամենում» (Ես. 66:3)։

Այս մասին փակագծերը բացում է ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոս` ահազդու և դատափետիչ խոսքեր ուղղելով փարիսեցիներին և ի դեմս նրանց հենց մեզ (անպայման կարդալ` սեղմելով այստեղ)։ Մեր հոգու համար, սակայն, ողբերգությունն այն է, որ նրանց, ում վերաբերում են Առաջին գալստյան այս խոսքերը, պիտի դատվեն և դատապարտվեն Երկրորդ գալստյան ժամանակ, երբ պիտի լինի Աշխարհի վախճանն ու Մեծ դատաստանը. անհնազանդները պիտի նետվեն դժոխային կրակը և այրվեն անդադար, խոշտանգվեն որդերով ու գարշահոտությամբ, ինչպես փորձում է պատկերել այդ ահեղ տեսարանը Սուրբ Գիրքը։ 
Մյուս կողմից այս օրը ցնծություն է և ուրախություն այն հոգիների համար ովքեր ընտրել ու ապրում են Աստծո կամքի համաձայն։ Դատաստանի օրը նրանց պիտի չհասնեն Քրիստոսի ՎԱՅերը։ Երանի նրանց...
Եկեք այսօր ի սրտե աղոթենք ու ինքներս մեզ հաշիվ տանք, թե որքանով ենք արդարացնում Տիրոջ Առաջին գալուստը մեր հոգեւոր կյանքով եւ որքանով ենք պատրաստ Երկրորդ գալստյանը, որի օրն ու ժամը ոչ ոք չգիտի...

Աղոթենք Սուրբ Շնորհալու Հավատով խոստովանիմի 22-րդ աղոթքով (Աղոթքն ամբողջական գրաբար կամ աշխարհաբար կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Արդա՛ր Դատավոր, 
երբ գաս Հոր փառքով՝ դատելու կենդանիներին և մեռյալներին, 
մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ, 
այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից 
և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը դեպի երկնքի արքայությունդ. 
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Օրհնվեք...

1.4.17

ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ ՄԵՂՔԵՐԻՑ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 34)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ Իմաստ. 15։2-22, Միք. 7։7-10, Փիլիպպ. 1։12-21, Մատթ. 16։24-28,  որ  կարող ենք կարդալ այստեղ:


Հաճախ, երբ քրիստոնյաներս փոքր ինչ առաջանում ու զորանում ենք մեր քրիստոնեական կյանքի մեջ, թյուրիմացաբար կարծում ենք, թե այլևս անմեղ ենք ու անսայթաք։ Սակայն նման միտքն իսկ հիանալի գործիք է սատանայի ձեռքերում մեզ հպարտության ու մեծամտության մեջ ներքաշելու և գցելու այն հարաբերական բարձունքից, որին հասել էինք։ Չմոլորվենք, սիրելիներ, ամենահայտնի սրբերն անգամ սայթաքել են և մեղանչել, սակայն երբեք չեն հուսահատվել, այլ ապաշխարությամբ ներվելով Աստծուց՝ նորից ոտքի են կանգնել։ Ահա թե ինչ է ասում Միքիա մարգարեությունն այս առթիվ. 
«Սակայն ես Տիրոջը կսպասեմ, կսպասեմ իմ փրկիչ Աստծուն, եւ իմ Տէր Աստուածը կլսի ինձ: Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թէ գլորուեցի, նորից կկանգնեմ, քանի որ եթէ խաւարում նստեմ, Տէրն է իմ լոյսը: Քանի որ մեղանչեցի Տիրոջ դէմ, համբերութեամբ կտանեմ նրա բարկութիւնը, մինչեւ որ նա արդարացնի իմ դատաստանը, իրաւունք տայ ինձ, ինձ հանի դէպի լոյսը, եւ ես տեսնեմ նրա արդարութիւնը: Ինձ կտեսնի իմ թշնամին, եւ ամօթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է քո Տէր Աստուածը»: Իմ աչքերը կտեսնեն նրան» (Միք. 7։7-10)։

31.3.17

ՈՐՊԵՍԶԻ ԼԱՎ ԼԻՆԻ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 33)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ Բ Օր. 10։1-15, Հոբ 19։1-29Ես. 45։1-13,  որ  կարող ենք կարդալ այստեղ:


Այսօրվա խորհրդածությունը, սիրելիներս, կարծես մի տեսակ ամփոփումը լինի այն բոլոր խորհրդածությունների, որ ունեցել ենք մենք մինչև այսօր։ Ի մասնավորի Ելից գրքում Տերն ասում է Մովսեսին.

«Արդ, Իսրայէ՛լ, ի՞նչ է պահանջում քեզնից քո Տէր Աստուածը. միայն այն, որ երկնչես քո Տէր Աստծուց, ընթանաս նրա ցոյց տուած ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էութեամբ, պահես քո Տէր Աստծոյ պատուիրաններն ու նրա օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպէսզի քեզ համար լաւ լինի» (Բ Օր. 10։12-13)։

Անշուշտ դիմելով իր ընտրյալ Իսրայելի ժողովրդին՝ այսօր Աստված մեզ էլ է դիմում որպես նոր ընտրյալների և այն, ինչ Աստված հորդորում է ունենալ` ճիշտ աստվածպաշտությամբ ապրելու համար Աստծո արդարադատությունից մեղավորի երկնչումն է, և չարի ճանապարհը թողած Աստծո պատվիրանների ճանապարհով քայլելն է։ Այս ամենը մեկ աղբյուրից պիտի բխեն, դրանք արդյունքը պիտի է լինեն Աստծո հանդեպ մեր սիրո։ 

30.3.17

ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՆԵՆՔ ՊԱՀՔԸ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 32)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ Ես. 53։1-54։5, Ա Կորնթ. 15։1-28, որ  կարող ենք կարդալ այստեղ:

Համբերությունը, թերևս, պահքի ընթացքին ամենաանհրաժեշտ «կերակուրներից» մեկն է։ Եթե չլինենք համբերատար ինքներս մեր, մեզ շրջապատողների և վրա հասած փորձությունների ու նեղությունների հանդեպ, շատ դժվար պիտի անցկացնենք մեր պահքը և հնարավոր է անգամ խախտենք այն։ Տեսե՛ք, թե ինչ է ասում Սուրբ Հակոբոս առաքյալը. «Իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք» (Հակ. 1։3-4)։ Հավատացեք, սիրելիներ, պահքի ժամանակ, երբ փորձում ենք հավատքով ու սրբությամբ հաղթել սատանային ու հաղթահարել հոգևոր խնդիրները, նենգ թշնամին ավելի է զորանում ու պայքարում է մեր համբերատարության դեմ, որովհետև եթե համբերատարությունը կոտրվի դրա հետ միասին կկոտրվեն պահքը, աղոթքը, պայքարը...

29.3.17

ԱՍԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ Է - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 31)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ Ելք 4։1-21, Հովել 3։9-22, որ  կարող ենք կարդալ այստեղ:

Ինչ կարևոր հատկանիշ է, չէ՞՝ ինանալ՝ երբ, ում, ինչ և ինչպես ասել... Խոսքն անշուշտ աստվածային ճշմարտությունները և քրիստոնեական սկզբունքները բարձրաձայնելու մասին է։ Հաճախ է պատահում, որ երբ մենք՝ որպես Աստծո առաքյալներ կամ մարգարեներ, փորձում ենք ասել այն ինչ որ պետք է, մեր խոսքը հանդիպում է խոչընդոտների։ Ոմանք դժկամությամբ են այն լսում, ուրիշներ ծաղրում են ու արհամարհում, կան այնպիսիք, որոնք արգելում են խոսել և այնպիսիք էլ կան, որոնք լսում են, բայց խոսքը որևէ պտուղ չի տալիս։ Դրա պատճառները հասկանալու համար, սիրելիներ, խորհուրդ կտամ ուշադիր ընթերցենք Սերմնացանի առակը, որ կարող եք գտնել այստեղ (սեղմեք հղման վրա)։ 
Մեկ այլ հարց է տակավին չլուծված մնում. այն, թե ինչպես անել որպեսզի մեր սերմանած խոսքը ծիլ տա մարդկանց սրտերում։ Մովսես մարգարեն, որի` մարգարեության կոչվելու պատմությանը հանդիպում ենք օրվա ընթերցվածի մեջ, միևնույն վախը և հարցը ունեցավ, սակայն Աստված նրան այրվող մորենու միջից պատասխանեց.
«Ես կբացեմ քո բերանը, քեզ կսովորեցնեմ, որ ասես այն, ինչ պէտք է ասել» (Ելք 4։12)։
Այո, սիրելիներ, առանց Աստծո օգնականության, քանի դեռ Նա չի բացել մեր բերանը և սովորեցրել, շատ հնարավոր է, որ մենք ձախողվենք ու մնանք ձեռնունայն, քանզի պտղաբեր է միայն Սուրբ Հոգու շնորհով ելնող խոսքը։ Հիշո՞ւմ եք ինչ ասաց Տեր Հիսուս իր առաքյալներին. 
«Հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք. քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով» (Մատթ. 10։19-20)։

Ահավասիկ մեզ մի կարևոր հորդոր. երբ որ ժամանակը հասնի ասելու այն, ինչ պետք է, նախ աղոթենք Աստծուն և խնդրենք Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, որպեսզի Հոգով լուսավորվի մեր միտքը և Հոգով բացվեն մեր շուրթերը։ 

Այսօր և առհասարակ օրվա խորհրդի շուրջ աղոթելու համար ընթերցենք կամ որ ավելի լավ է, անգիր սովորենք Սբ. Գրիգոր Տաթևացու ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ աղոթքը, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Օրհնվեք...