29.12.14

ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԱՍՏՎԱԾ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի


Հոգի աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ իջեր ի յորդանան եւ ի վերնատունն, եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին. մեղայ յերկինս եւ առաջի քո, մաքրեա զիս վերստին աստուածային հրով քո` որպես հրեղէն լեզուօք սուրբ զառաքեալսն, եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Հավատով խոստովանիմ աղոթքի հինգերորդ տունն ուղղված է Սուրբ Հոգի Աստծուն։
Սուրբ Հոգին Ամենասուրբ Երրորդության երրորդ Անձն է։ Որդու Աստվածության հավատքի պես Սուրբ Հուգու Աստվածության դավանանքն էլ հատուկ է միայն քրիստոնեական կրոնին։ Արդարև, միայն քրիստոնեության մեջ է, որ պարզորոշ կերպով հայտնվում և գործում է Սուրբ Հոգին։ Այս կրոնի հայտնաբերած հոգևոր ճշմարտությունների գրի մեջ է, որ ըմբռնելի է դառնում Սուրբ Հոգու գոյությունն ու անձնավորությունը և Նրա դերը արարչագործության և փրկագործության մեջ։
Որպես Ամենասուրբ Երրորդության Դեմքերից մեկը՝ Ինքը՝ Սուրբ Հոգին, «անքննելի» է, բայց քննում է «Աստվածային խորքերը», ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Հոգին քննում է ամէն ինչ, նոյնիսկ՝ Աստծու խորունկ ծրագրերը… ոչ ոք չգիտէ Աստծու խորհուրդները, եթէ ոչ՝ Աստծու Հոգին։ » (Ա Կորնթ. 2:10-11)։ Սուրբ Հոգին Հայր Աստծուց է։ Նրա «ի Հօրէ» լինելու իրողությունը աստվածաբանության մեջ արտահայտվում է «բխում» բառով, ինչպես Որդու ելքը Հորից ծանոթ է «ծնունդ» բառով։ Սուրբ Հոգին՝ իբրև ճշմարիտ Աստված, նույն և նման է Հորն ու Որդուն ու «Անեղ և Համագոյ» է Աստվածության մյուս երկու Դեմքերի հետ։ Տեսանք, որ «անեղ» ածականը Աստվածության հիմնական ստորոգելիներից մեկն էր, իսկ «համագո» ածականը հաստատում է Սուրբ Հոգու, այսպես ասած, «ժամանակակից» (համաժամանակյա – Սրկ.) և Հոր և Որդու հետ նույն բնությունից եղած լինելը, հետևաբար Նրանցից «ոչ յետո և ոչ կրտսեր» է։ Սուրբ Հոգու՝ Հորից բխումը «անսկզբնաբար» է, այսինքն՝ բխում է, որը սկիզբ չի ունեցել և «անհատնում», անսպառ է, այսինքն՝ շարունակաբար, չընդհատվող կերպով է բխող։

6.11.14

ԽԱՂԱՏՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՊԱՐՏՎՈՒՄ

Խաղամոլության երևույթը, թերևս, վարակն է հիմնականում հասարակության 2 շերտերի: Խաղամոլները կա՛մ չափազանց հարուստներն են, ովքեր իրենց կուտակած դրամի ավելցուկը մսխում են հաճույքների վրա ու առանց շահելու մեծ ակնկալության վատնում են հաճախ ոչ արդար քրտինքով ձեռք բերածը, կամ էլ աղքատության շեմին գտնվողներն են, որ հեշտ փողերի տիրանալու մոլուցքով վատնում են առանց այդ էլ վատնված ունեցվածքը... Չենք սխալվի, եթե ասենք, որ հաճախ խաղատների քանակը, մոլի խաղերի տեսակները և հասարակության ներգրավվածությունը դրանցում ուղիղ համեմատական են երկրի սոցիալական, հոգեբանական, բարոյական և հոգևոր կարգավիճակին: Դրա համար էլ Հայաստանում...

30.10.14

ՄՏՈՐՈՒՄ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ (ԿԱՄ ԳՈՒՑԵ... ԱՌԱՋԱՐԿ)

Վերջերս անընդհատ կպչուն մտքեր եմ ունենում՝ կապված հայոց մեծագույն վշտի՝ 20-րդ դարասկզբի հայկական ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ամյա տարելիցի և դրա շարջանակներում նախատեսվող միջոցառումների, ոգեկոչումների, սպասվող սրբադասման և մյուս նախաձեռնությունների հետ: Այո՛, շատ լավ է, որ քաղաքական հարթակում առաջընթացներ ունենանք, և սարսափազդու փաստը ընդունող երկրների, խորհրդարանների, թեկուզ առանձին շրջանների թիվը շատանա, Թրքստանն ու Ազերբադրջանն էլ իրենց նեղված զգան: Շատ լավ է, որ ֆիլմեր, վավերագրեր, գրքեր ու դասախոսություններ լույս աշխարհ գան ու դեռևս պատմության խավարում նստածներին առաջնորդեն դեպի ճշմարտության լույսը: Հոյակապ է, որ տարին գոնե մեկ օր՝ արրիլ 24-ին ազգովի կամ ազգի մի ստվար հատվածով մեկ նպատակի շուրջ համախմբվենք միտինգների, աղոթքների ու բացականաչությունների համար, բայց... Ա՛յս է ինձ տանջող հարցը (իրավունք ունեք ինձ դատապարտելու)՝ «ԲԱ ՀԵՏՈ՞»: Ի՞նչ է լինելու հետո: Լավագույն դեպքում պատկերացնենք, թե Թուրքիան կընդունի իր սխալը և երազենք թե կհատուցի (մյուս կողմից՝ չեմ պատկերացնում, թե որն է հատուցման չափը 1 սպանված մարդու դիմաց, ուր մնաց՝ 1.500.000...), բա հետո?????? Կպչուն միտք է, ի՞նչ անեմ: Ուղղակի ուզում եմ հասկանալ. նման կերպով կկարողանա՞նք ունենալ միացյալ ու հզոր Հայաստան իր աշխատասեր ու հյուրընկալ ժողովուրդով, այն դեպքում երբ մի բուռ Հայաստանը երկու ոտքով է տակավին կաղում: Հնարավոր կլինի՞ արդյոք աշխարհասփյուռ հայությանը, որ արդեն ուծացված անդեմ հայության է մասամբ վերածվում, ետ բերել Հայրենիք ու միավորել մեկ լեզվի, մշակույթի, գաղափարի, հավատքի ու մտածելակերպի շուրջ: Դժվար թե... Երևի սփյուռքում պիտի ապրեի, նոր այս հարցերը ծնվեին գլխումս... Իսկ սրանք հարցերից մի քանիսն են միայն:
Ցեղասպանության հասցրած կորուստը միայն մարդկային և տարածական չեղավ, այն նաև բազմադեմ հայություն ստեղծեց իր՝ «ախպար», «քձիբ արտասահմանցի», «անտաշ հայաստանցի» և այլ նման մակդիրներով: Եվ սրանցից ամեն մեկը հսկայական մի վիհ է հայի և հայի միջև, որով մեկը իրեն որպես մյուսի մասնիկը այլևս չի զգում... 

20.10.14

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ և ԴԱՏԱՍՏԱՆ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի


Որդի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ Կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ Հայր. մեղայ յերկինս եւ առաջի Քո, յիշեա զիղ որպես զաւազակն յորժամ գաս արքայութեամբ Քով. եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ խոնարհվեցիր հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Փառքով համբարձվեցիր առ Հայրը - Համբարձումը Հիսուսի պաշտոնապես հեռանալը, «վերանալն» է երկրավոր գործունեությունից՝ շարունակելու համար իր փրկարար միջնորդությունը երկնքում՝ Հոր մոտ։ Հիսուս Հարությունից հետո անմիջապես չգնաց «առ Հայր Իւր» («Իր Հոր մոտ»), այլ քառասուն օր մնաց երկրի վրա, որպեսզի նախ որոշ ժամանակ ևս դաստիարակի առաքյալներին, որոնք Իր Ավետարանի տարածողներն ու Իր Եկեղեցին հաստատողները պիտի լինեին։ Երկրորդ, առաքյալները Իր Հարության վկաներն էին լինելու, ուստի Իր համբարձումը ուշացրեց, որպեսզի նրանք հաստատապես համոզվեին, թե իրենց տեսածը ո´չ խաբկանք է, ո´չ էլ տեսիլք աչքերին, այլ նույնինքը՝ իրենց երբեմնի Վարդապետը, ում կողքին էին եղել շուրջ երեք տարի։ Քրիստոսի՝ տեսանելի կերպով երկինք համբարձվելն ու ամպերի ետևում անհետանալը իրական գործողություններ են՝ առաքյալների մտքում տպավորելու այն կարևոր ճշմարտությունը, թե ուր Հայրն է, այնտեղ էլ Որդին է գնում։ Այս կեպով Հիսուս Իր առաքյալներին ցանկացավ հասկացնել, թե այլևս տեսանելի պիտի չլինի իրենց համար, թեև անտեսնալի կերպով շարունակ իրենց հետ է լինելու մինչև աշխարհի վախճանը։

Մեղա՜յ երկնքի և Քո առաջ - Այս տողի մեկնությունը տե՛ս  ՄԵՂԱՆՉՈՒՄ հոդվածում:


Հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին… - Այս ակնարկը Հիսուսի խաչակից «բարի» ավազակի մասին է, ով հողեղենների մեջ ամենաերանելիներից մեկը եղավ, երբ իր կողքին խաչված Նազովրեցի Հիսուսի մեջ կարողացավ ճանաչել իր փրկչին և թագավորին, և Նրա ամենալքված րոպեին միակ ջատագովն ու պաշտպանը եղավ… խաչի վրայից և իր հերթին խնդրեց Նրա պաշտպանությունը՝ աղերսելով. «Յիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»։ Հիսուս լիովին վարձատրեց նրան նախանձելի մի խոստումով. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես» (Ղուկ. 23:43)։ Աղոթասացը ոչինչ չունի Աստծո Արքայության համար ինքն իրեն արժանի նկատելու, բացի իր հավատքից և Աստծո գութից, որը Տերը ցույց տվեց Իր կողքին խաչված ավազակի նկատմամբ։

8.10.14

ՔՐԻՍՏՈՍԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Որդի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ Կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ Հայր. մեղայ յերկինս եւ առաջի Քո, յիշեա զիղ որպես զաւազակն յորժամ գաս արքայութեամբ Քով. եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ խոնարհվեցիր հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Խաչվեցիր - Մարդկանց փրկությունը Հիսուս հնարավոր դարձրեց ոչ միայն Իր ուսմունքով ճշմարտության ճանապարհը ցույց տալով, այլ նաև, և մասնավորապես, մի շարք խորհրդավոր գործերով, որոնք, ինչպես արդեն վերևում նշեցինք, կոչում ենք տնօրինություններ։ Իսկ խորհրդավոր ասելով՝ հասկանում ենք տեսանելի և զգալի մի արարք, որի արգասիքը կամ բարոյական արդյունքը թեև իրական, բայց մեզ համար անտեսանելի և հաճախ էլ անըմբռնելի է։ Այս արարքներից առաջինը, ինչպես արդեն վերևում ասվեց, նույնինքը Բան Աստծո մարդանալն է, ապա չարչարանքները, որոնք սկսվում են Գեթսեմանիի տագնապով և ավարտվում են Գողգոթայի խաչելությամբ, որը չարչարանքների ընդհանուր տնօրինության մեջ գերագույն փրկարար արարքն է։

Թաղվեցիր - Քրիստոսի չարչարանքները հանգեցրին Նրա մահվանն ու թաղմանը։ Քրիստոս, երբ մարմին առավ մարդկանց փրկության համար, այդ կերպով նաև  հանձն առավ կրել մարկային մեղքի բոլոր հետևանքները. մեղքի գլխավոր հետևանքը մահն է՝ «մեղքի վարձը մահն է» (Հռոմ. 6:23)։ Հիսուս մահացավ, որպեսզի հարությամբ նախ խորտակի մահվան զորությունը։ Քրիստոսի մահը ճշմարիտ զոհը եղավ մարդկանց մեղքերի քավության և Աստծո հետ հաշտեցման համար։ Երբ մարդն անկեղծորեն կարողանա անդրադառնալ, թե ինչ պայմաններում եղավ Քրիստոսի մահը և թե ինչ շարժառիթներով Հիսուս Ինքն Իրեն ենթարկեց խաչի մահվան, խորապես պիտի տպավորվի դրանից։ Եթե մարդու խղճմտանքը իսպառ չի խավարել, ապա Քրիստոսի մահվանն անդրադառնալը իր մեջ կբերի ապաշխարելու տրամադրություն, եթե վերջինս շեղվել է ճշմարտության ճանապարհից, կամ կծնի ինքն իրեն առավել վերափոխելու ցանկություն՝ հավատարմորեն և հարատև հետևելով ավետարանական պատվերներին։ Քրիստոս չարչարվեց և մահացավ մե´զ համար, որովհետև Նա արժանի չէր այդ պատիժներին՝ լինելով կատարելապես արդար մեկը։ Այդ պատիժներին արժանի էր մեղավոր մարդը, ինչպես հաստատում է Պետրոս Առաքյալը. «Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք. նա, որ մեղք չգործեց, և նրա բերանում նենգությունը տեղ չգտավ. նա, որ նախատվելով՝ փոխարենը չնախատեց, չարչարվելով՝ չսպառնաց, այլ հանձնվեց արդարությամբ դատողին. նա, որ մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպէսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարության համար. նա, որի վերքերով բժշկվեցիք դուք»  (Ա Պետր. 2:21-24): Իսկ մեկ այլ տեղ նույն Առաքյալն ասում է. «Մեկ անգամ մեռավ և ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն» (Ա Պետ. 3:18)։

30.9.14

ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՈՐԴԻ ԷՐ. ԴԱՐՁԱՎ ՍՈՒՐԲ

Գիրքը կարծես ձեռքերիս սոսնձված լիներ, հափշտակված կարդում էի ու չէի կարողանում կողք դնել: Տեսնում էի բոլոր իրադարձությունները: Հանկարծ նկատեցի, որ կողքովս անցավ և հնամաշ շորերով մտավ եկեղեցի. նրա մասին շատ մեծ բաներ էի լսել ու հավատում էի, որ այդպես էլ կա: «Այ քեզ բա՜ն, բայց հագուստը ինչի էր փոշոտված ու պատռված». մի պահ հապաղեցի, բայց այդ ուժը քամու պես տարավ ինձ ներս, որ հարցնեմ. «Հո բան չի՞ պատահել»: Եկեղեցին դատարկ էր: Միտքս գլխիս ձախ կողմից աջ կողմն անցավ. «Ու՞ր կորավ»: Փնտրելուց հետո, հարավ-արևելյան անկյունում ես էլ գտա աստիճաններն ու վստահորեն իջա ներքև: Խեղդող մութ էր. ինքը լուռ ծնկած էր, հարավ արևմուտք էր նայում:
- Ի՜նչ մթեմութ է այստեղ,- մոտեցա և ծնկեցի կողքին:
- Լույսն այնքան է ներծծվել մարմնիս մեջ, որ թվում է՝ շուտով կանհետանամ,- պատասխանեց:
- Բա ինչու՞ ես արնաշաղախ ու ծվատված,- նայեցի հագուստին, սակայն, մարմնին այլևս ոչ մի նշան չկար:

9.9.14

ԱՍՏԾՈ ՄԻԱԾԻՆ ՈՐԴԻՆ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Որդի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ Կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ Հայր. 
մեղայ յերկինս եւ առաջի Քո, յիշեա զիղ որպես զաւազակն յորժամ գաս արքայութեամբ Քով. եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ խոնարհվեցիր հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

«Հավատով Խոստովանիմ» աղոթքի չորրորդ տունն ուղղված է Որդի Աստծուն՝ Քրիստոսին։
  
Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ - Այն մասին, որ Որդին իսկապես ճշմարիտ Աստված է, մեր Եկեղեցու հավատո հանգանակում տարակուսանքի որևէ նշույլ անգամ չի թողնված. «Հաւատամք… ի մի Տէր՝ Յիսուս Քրիստոս, յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր: Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ՝ յԱստուծոյ ճշմարտէ» [թրգմն. «Հավատում ենք մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն՝ Հոր էությունից։ Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց»
Բնականաբար, Քրիստոսի Աստվածությունն ուրացողներ եղել են դեռ ամենասկզբում, ինչպես որ եղել են Աստծո գոյությունն ուրացող մարդիկ. «Անզգամն իր սրտում ասաց, թե Աստված չկա»։ Իսկ Հիսուսի ժամանակակիցներից ոմանք և նրանց հետևորդները բոլոր դարերում գայթակղված ասում էին. «Դու մարդ ես և քո անձն Աստված ես համարում»։ Ավետարանները չափազանց հստակ են Քրիստոսի Աստվածությունը հաստատելու մեջ. «Սկզբից էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր»։ Հիսուս իր մասին ասում է. «Ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա ինձ տրվեց», «Ես և Հայրը մի ենք»։ Քրիստոնեական եկեղեցին հիմնված է Քրիստոսի աստվածության հավատքի վրա. նա, ով չի հավատում Քրիստոսին իբրև «Որդի Աստծո՝ Աստված ճշմարիտ», ամեն բան կարող է լինել՝ բացի քրիստոնյայից։

20.8.14

ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ 4 ՏԱՐԵԿԱՆ Է

Ամենամյա ավանդույթ է դառնում ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ տարեդարձի օրը հաշվետու գրառում անելը: Ի վերջո, երբ մեկ տարով ավելի մեծանում ենք, պիտի նաև փաստենք, որ սոսկ 365 օրերի չէ, որ գլորել, այլ մեծացել ու հասունացել ենք խոսքով ու գործով: 
Այսպիսով, սիրելի՛ ընթերցող, այսօր՝ օգոստոսի 20-ին, ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ դարձավ 4 տարեկան, ինչը մեկմեկու շնորհավորելու լավ առիթ է տալիս :):

Այս անգամ նպատակ չունեմ երկար-բարակ վիճակագրություններ կազմելու (անցյալ տարիների վիճակագրությունները կարող եք գտնել «ԲԱՐԵՎ, ԸՆԹԵՐՑՈՂ», «ԷՎՈԼՅՈՒՑԻԱ» և «ԱՅՍՊԵՍ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ՝ 3 ՏԱՐԻ» հոդվածներում), միայն թե պիտի ասեմ, որ անցյալ տարի օգոստոս ամսին ինքներս մեր առջև դրած բոլոր առաջադրանքները այլևս իրականություն են, և դրանց շնորհիվ բլոգը բավականին մեծ առաջընթաց ունի թե՛ իր այցելությունների թվով (մոտ 150.000 մեկ տարում), թե Ֆեյսբուքյան էջի հավանողների թվով (շուտով կհատենք 5.000-ը) և թե հրապարարակումների քանակի մեջ (ներկայումս բլոգն ունի ավելի քան 300 գրառում):
Չեմ սխալվի, եթե ասեմ, որ այս ձեռքբերումների հիմնական խթանիչները եղան բլոգում կյանքի կոչված 2 մեծ նախաձեռնությունները՝ «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» մրցույթը և Նոր Կտակարանի մեկնության ԲԱՆԱԼԻ ծրագիրը: Այսքանը, թերևս...