3.3.14

ՀՈԳՈՒՍ ՄԵՋ ԳԱՄՎԱԾ ԱՉՔԵՐԸ

Ձայնը… հուժկու, համառ, ազդեցիկ, մինչև հոգուդ ամենա-ամենախորը ակյունները թափանցող ու քրքրող… Լսվում էր ձայնը՝ բարձր, ազդու… անընդհատ ու բուռն հոսում էր դեպի ներսս, հոսում… հետո կամաց-կամաց դանդաղում, հանդարտվում ու խաղաղեցնում…Աչքերը… կլանող, թափանցող, խորը, շաաատ խորը…աչքեր, որ ողջ կյանքիս ընթացքում դեռ մանկուց միշտ դրոշմված են եղել հոգուս մեջ, կյանքիս ամենավճռական պահերին միշտ սաստել ու սթափեցրել: Ուրիշ որևէ մեկի աչքերը այդքան հզոր երբեք չեն մխրճվել հոգիս: Նայում են ներսից ինձ, միշտ հետևում, սաստում, կյանքի կոչում, ոգևորում, խաղաղեցնում հոգուս փոթորիկները… Նայում եմ դեմքին՝ սուրբ ու լուսառատ խորանից մեզ լուսավորող… խիստ է հայացքը, բայց և խաղաղ՝ կարծես անէացած իրականությունից, Սուրբ Հոգով զորացած, կենդանի մի աղոթք դարձած: Գիտեք, փառք Տիրոջը, շատ ու շատ անգամներ և շատ արժանի հոգևորականների միջոցով է Տերն ինձ առաջնորդել դեպի Իր տուն՝ մասնակցելու Սուրբ Պատարագին, ճաշակելու Իր անսպառ քաղցրությունը, ճշմարիտ կյանքի իրական քաղցրությունը…

1.3.14

ՍԵՎԱԶԳԵՍՏ ԼՈՒՍԱՎՈՐ ՄԱՐԴԸ – ՏԵՐ ՍՏԵՓԱՆՈՍ ՔՀՆ. ԻԳՆԱԹԵՎՈՍՅԱՆ

Օրս սովորական օրերից չէր: Միանգամից նոր դեմքեր, նոր մարդիկ: Առաջին անգամ պետք է ոտք դնեի հոգևորականի «հայրական տուն», շփվեի «ընտանիքի անդամների» հետ, այն մեծ ընտանիքի, որը մի ուրիշ աշխարհ է իրականում: Ականջիս ծայրով լսեցի, որ ճանապարհին Տեր Հայրն էլ է մեզ միանալու: «Տեր» և «Հայր» բառերից հասկացա, որ հոգևորական է, մի սովորական եկեղեցու ծառայող` խիստ, սառը հայացքով, գրեթե առանց ժեստերի, ինչպես որ պատկերացրել էի միշտ (մի քիչ իրենց հասկանում եմ): Մի պահ մեր մեքենան կանգ առավ, և եկավ, իմ`այդքան սպասված Տեր Հայրը: Ապշեցի առաջին իսկ րոպեներին.. Ինչպե՜ս…Հոգևորականը ժպտում է ու հետդ խոսում է սովորական մարդկանց պես ու նույնիսկ կատակո՞ւմ է: Չտեսնված երևո՜ւյթ: Նա անմիջական է բոլոր մարդկանց պես…. Փաստորեն բոլո՞րն են այդպիսին: Մտամոլոր ու զարմացած էի, երբ մեքենան կանգ առավ: Ճեմարանում ենք: Նոր դեմքեր, նոր սևազգեստ մարդիկ: Այժմյան և ապագա քահանաներ: Իմ պատկերացումներն իսկապես փոխվեցին հոգևորականների մասին, որ տեսել էի գրեթե միայն եկեղեցում, գրեթե միայն մոմ վառելիս: Ճիշտ է, հասկացա, որ նախկինում թյուր կարծիք եմ ունեցել հոգևոր աշխարհի և մարդկանց մասին, սակայն իմ առաջին տպավորությունը, ի շնորհիվ Տեր Հայրի (դիտմամբ չեմ հոլովում «հայր» բառը, որպեսզի ներքին հոլովմամբ չփոխվի ականջիս սովոր անունը), աննկարագրելի ու անհամեմատելի էր: Երբ դուրս եկանք ճեմարանից, իմ դիմաց հայտնվեց մեր` արդեն ՄԵՐ սիրելի Տեր Հայրը` Տեր Ստեփանոսը՝ սևազգեստ լուսավոր մարդը:

28.2.14

ԵՐԵՔ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐ (ոչ մրցութային)

Աստծո այս զինվորներին հանդիպեցի մայիսի վերջին Գեղարքունիքի մարզում, Տեր Տաճատ քահանա Դավիդյանի առաջնորդությամբ մեկնել էինք ուխտագնացության:
Նախօրէին տեղած անձրևները տեսնելով՝ հարազատներս համոզում էին չմեկնել: Առավոտյան ամպած էր երկինքը, արևի լույսը սքողող ամպերը ճանապարհի ամբողջ ընթացքին սպառնում էին անձրևի տարափ հեղել երկնքից: Սակայն ուխտավորի համար վատ եղանակ չկա, իսկ ճանապարհին ասվող աղոթքը մոռացնել տվեց գույժ ամպերի սպառնալիքը: Հասանք Ծովինար գյուղ, որտեղի սբ. Աստվածածին եկեղեցում մասնակից եղանք Սուրբ Պատարագի խորհրդին, պատարագիչն էր այդ գյուղի զավակ Տեր Գևորգը: Պատարագին ներկա էին նաև Մարտունու քահանա Տեր Սիմեոնն ու Արծվանիստից Տեր Տիրատուրը: Աներևակայելի է, բայց պատարագի ավարտին եղանակը բոլորովին այլ էր, չքվել էին մեզ սպառնացող ամպերը և երկնքում տիրում էր ջերմացնող արեգակը:

26.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է... (ոչ մրցութային)

Նա քահանա է: Հայր Սուրբ՝ Աստծո օծյալը, ով որոշել է իր կյանքը նվիրել Աստծուն ու մարդկանց: Նա Հայր Սուրբ է, և ես նրան Հայր եմ կոչում: Թեպետ ինձ հայր կոչվելու համար շատ երիտասարդ է, բայց ունի մեծ հայրական սիրտ, ունի դարերով կուտակված իմաստության պաշար, որը ջնջում է մարդու տարիքը, ունի լսելու և հասկանալու մեծ շնորհ: Հետը զրուցելիս ես զգում Սուրբ Օծման զորությունը: Զգում եմ մեծ հոգատարություն ու կարեկցանք ու շատ աննկատ օգնելու ցանկություն: Անգամ շատ դեպքերում, մարդկանց օգնելիս աննկատ մնալու համար, ինձ է դիմում օգնության խնդրանքով: Ես էլ օգնում եմ ու ականատեսը դառնում, թե ինչպես է Աստծո ու մարդկանց միջնորդը մոլորված զավակներին մեկ-մեկ հավաքում ու տանում եկեղեցի: Սուրբ Պատարագի ընթացքում Խորանում փայլուն սպասավոր է կանգնած, եկեղեցու բակում՝ շատ հոգատար հայր: Մի փոքր բարկացնելու դեպքում սիրով խիստ հանդիմանում է: Տեսնում ես, որ ծնողների հետ ինքն էլ զավակ է:

25.2.14

Ո՞Վ ՀԱՂԹԵՑ «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

57 ստեղծագործություն, 44 մասնակից, ովքեր գրեցին 41 հոգևորականների մասին. այս է վիճակագրությունը Սրբոց Ղևոնդյաց տոնին նվիրված «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» մրցույթի, որը մեկ ամսվա ընթացքում ոգևորեց, հուզեց, հույս ու հավատ ներշնչեց բազմահազար ընթերցողների (ապացույց՝ մեծաթիվ այցելություները և սիրառատ մեկնաբանությունները):

Հեղինակներից մեկն իր պատումը սկսել էր հետևյալ գեղեցիկ տողերով.
Ո՜վ Դու Աստված, տուր ինձ ուժ,
որպեսզի Քո օրհնյալ կամքին
ի հաճություն լինի այս գիրը...
Չափազանց մխիթարիչ է տեսնելը, թե որքան մեծ է Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակների սերը իրենց Հովիվների հանդեպ, որքան նախանձախնդիր են մարդիկ՝ դեռահասներից մինչև հասուն տարիքի անձնավորություններ, իրենց կյանքի վկայությունները բերելու, բարու ու լավի մասին վկայելու և Աստծո փառքը վեր հանելու համար: Այո՛, այս մրցույթը գովեստի մրցույթ չէր, այս մրցույթը մարդահաճություն սերմանող մրցույթ չէր, այլ Բարձրյալի կամքի, Ամենակալ Աստծո փառքն ու սերը վեր հանելու փոքրիկ մի ճիգ էր: Այն բարին, դրականն ու լուսավորը, որ առօրյա բամբասկոտ գաղջության մեջ սփռեցին մրցույթի մասնակիցները, ոչ միայն գնահատանքի նվեր եղավ հավատացյալից հոգևորականին, այլև, վստահաբար, բարի պտուղ եղավ շատուշատ հոգեբեկների համար, մխիթարություն՝ հուսահատների համար, դարձ՝ թերահավատների համար, հաստատում առաքինիների համար և ի վերջո զորացում ու աղոթք հենց «Ղևոնդյաց սերնդի»՝ քահանա հայրերի համար:

23.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է (ոչ մրցութային)

Ծնկաչոք սկսվող հոգու վերելք…
Սև ծալքերն ունեն խնկագույն բույր, և փեշերը երկար` սրբորեն հին քարերի հպում, ճերմակ օձիքը շղթայված է խոնարհությամբ, կրծքին խաչ` ծանրացած դողդոջ շուրթերի հավատի համբույրներով:
Գիշերվա մեջ ապրող մթության գույնն ունի, որ սահում է նորածիլ կանաչի վրայով:
Կյանքի փոշին է խունացնում սևը նրա:
Աղմուկի մեջ լռած շրշյուն, որ հանգչում է դիպչելով եկեղեցի տանող աստիճաններին:
Լայն թևքի տակից բարձրացող ձեռք, որ վերին օրհնությունն է խաչակնքումով դրոշմում գլխիկոր մարդկանց և խոնարհ հավատացյալների միաձույլ բազմության վրա:
Անեղծ ճերմակի վարդաբույր շրշյուն…բարակ մատների մեջ սեղմված ծաղիկներ…
Երկու գլուխ, իրար այնքան մոտ ու սրտեր բաբախող անհայտ տարածության հուզմունքի մեջ:
Լայն թևքի տակից բարձրանում է ձեռքը` սեր միացնող ձեռքեր:
Ջուր ցողող ձեռքեր…անգիտակից ճիչ մանկան, լույս արցունքներ աչքերում, դեպի նորն ուղղորդող սև թևքերի տակ սեղմված թաց ձեռքեր:

22.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՍՈՂՈՄՈՆ ՔՀՆ. ՄԻՆԱՍՅԱՆ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմքը հայ հոգևորականն է: Դարերի խորքից մինչև այսօր Հայոց Եկեղեցու նվիրապետական աստիճանի բոլոր հոգևորականներն եղել են ժողովրդի կողքին ու կիսել նրա հոգսը, դարդն ու ցավը: Ժողովրդի ծոցից դուրս եկած ու ժողովրդի հետ քայլող հոգևորական է Տեր Սողոմոն քահանա Մինասյանը: Բարեպաշտ քահանան ամեն օր շրջում է իր քաղաքում ու սփռում Աստծո Խոսքը, իսկ ժողովուդը մեծ սիրով ու սպասումով ընդունում են Տեր Հոր խորհուրդները: Մեծ իրադարձություն է տեղի ունենում մեր դպրոցում, երբ քահանան այցելում է մեզ: Բոլորս շտապում ենք ողջունելու Տեր Սողոմոնին: ‹‹Օրհնեցե՛ք, Տեր Հայր››,- անմեղ ու մանկական ձայնով մոտենում են երեխաները: Իսկ քահանան, իր աջը դնելով երեխաների գլխին, հայրաբար ժպտում ու ասում է. ‹‹Աստվա՛ծ օրհնի, զավա՛կս››: Տեր Սողոմոնը քարոզն սկսում է ‹‹Հայր մեր››-ով: Աղոթքի հնչյունների տակ բոլորս զգաստանում ենք, ու օդը լցվում է խորհրդավոր բույրով: Քահանայի խոսքն այնքան տպավորչ է ու դյութիչ, որ բոլորս նոր ուժ ենք ստանում: Խնկաբույր քարոզից հետո Տեր Սողոմոնը պատասխանում է աշակերտների ամենատարբեր հարցերին ու գոհացնում նրանց: Վերջում բոլորս մոտենում ենք նրան ու օրհնություն ստանալով՝ հրաժեշտ տալիս միմյանց նորից հանդիպելու ակնկալիքով:

ՔՐԻՍՏՈՍԻ ԼՈՒՅՍԸ ՏԱՐԱԾՈՂԸ

«Յիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տուի քեզ՝ 
իմ ձեռքերը դնելով քեզ վրայ, որովհետեւ Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, 
այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան»։

Սուրբգրային այս տողերը միշտ վրիպել են իմ ուշադրությունից: Սկսեցի նկատել դրանք միայն վերջերս: Դա պատահեց այսպես….

Իմ պատմությունը...

Երբ ծառը կտրում են իր արմատից, այն սկսում է թոշնել ու մահանալ: Այդպես էլ մարդն է: Չի կարող ապրել լիարժեք, երբ նրան կտրում են հայրենի հողից: Եվ ահա մի օր ես ինքնակամ պոկեցի ինձ հայրենիքիցս և մեկնեցի Մոսկվա: Միայն տարիներ հետո ես հասկացա, որ իմ այս քայլն անհրաժեշտ էր ոչ միայն ապագայիս` երկրային բարիքների, այլ նաև հոգևոր զարգացմանս համար:
Մասնագիտությանս բերումով Երևանում ես հնարավորություն չունեի ամեն կիրակի հաճախել եկեղեցի: Իհարկե, ընկերներիս հետ պարբերաբար գնում էինք Էջմիածին, երբեմն մորաքրոջս հետ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում մասնակցում Սուրբ և Անմահ Պատարագին: Սակայն ես նման էի մի մարդու, ով կարող է գեղեցիկ ու երկար խոսել Աստծո մասին, բայց չխոսել Նրա հետ: Մոսկվայում ես հնարավորություն ստացա վերանայել և փոխել կյանքս: