Showing posts with label մայա. Show all posts
Showing posts with label մայա. Show all posts

18.12.12

ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋ` ԵՐԿՍԱՅՐԻ ՍՈՒՐ

Հիշում եմ, 1999թ. դեկտեմբերի ավարտն էր: Մոտենում էր 2000 թվականը, և միլլենիումի մերձեցումը տակավին մանկական իմ հոգում սարսափ էր առաջ բերում, քանի որ ակտիվ քննարկվում էր այն, որ 2000 թվականով աշխարհի վերջը պիտի լինի: Փա՛ռք Աստծուն, աշխարհն այսօր դեռևս կա: Անցել է 12 տարի ու այսօր էլ ականջներիս կոշտուկներ անելով լրատվական ու գիտահանրամատչելի բոլոր ռեսուրսները փորձում են մեկնաբանել 2012-ի դեկտեմբերի 12-ին կամ 21-ին իբր տեղի ունենալիք աշխարհի վերջը` մայաների ինչ-որ օրացույցի, Տիբեթի Լամայի խոսքերի, Վանգայի կանխագուշակումների, մեր հարևան Արշամ և Գևորգ պապիների նստարանային բանավեճերի վրա հիմնվելով... Է հետո՞... Բա՛վ է վերջապես, ժողովո՛ւրդ: Պաշտոնապես 90%-ից ավել քրիստոնյա բնակչություն ունեցող Հայաստանում (դեռ չեմ խոսում աշխարհի քրիստոնայաների մասին) քանի՞սդ է մտածել. «Իսկ ի՞նչ է այս մասին ասում իմ Աստված` Հիսուս Քրիստոսը», քանի՞սն է բացել Աստվածաշունչը և ընթերցել աշխարհի վերջի օրվա մասին սրբազան այն տողերը, որ ասում են` «Սակայն այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտե. ո՛չ հրեշտակները երկնքում և ո՛չ էլ՝ Որդին, այլ միայն՝Հայրը։ Զգո՛ւյշ եղեք, հսկեցե՛ք ու աղոթեցե՛ք, քանի որ չգիտեք, թե ե՛րբ է ժամանակը» (Մարկ. 13:32-33): Թեսաղոնիկեցիներին ուղղված նամակում էլ Պողոս առաքյալն է ասում. «Եղբայրնե՛ր, բայց ժամերի և ժամանակների մասին կարիք չկա ձեզ գրելու, որովհետև դուք ինքներդ իսկ ստույգ գիտեք, թե Տիրոջ օրը այնպես է հասնում, ինչպես գողը՝ գիշերով» (Ա Թեսաղ. 5:1-2):