Showing posts with label գիրք. Show all posts
Showing posts with label գիրք. Show all posts

18.10.23

ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ - գիրք, որ պետք է ընթերցվի ամեն ընտանիքում

 Շատ սիրելիներ, ուրախ եմ հայտնել Ձեզ, որ լույս է ընծայվել
«Սերը Երբեք Չի Անհետանում.
#15քայլ հանուն ամուր ընտանիքի»
գրքի 5-րդ տպաքանակը։

Գիրքը կարող եք գնել Երեւանի գրեթե բոլոր գրախանութներից, ինչպես նաեւ զանգահարելով հետեւյալ հեռախոսահամարներով՝
☎️ 091 85 66 77 - մանրածախ
☎️ 091 46 09 72 - մեծածախ

Հիշեցնեմ, որ գիրքը հասանելի է նաև audiobook / աուդիոգիրք տարբերակով եւ այն կարող եք վայելել հետևյալ հարթակներում (սեղմել հղման վրա)։ 

Խնդրում եմ նաեւ, որ կիսեք այս գրառումը Ձեր էջերում։
Աստված օրհնի բոլորիդ։

20.8.21

11 ՏԱՐԻ և ԵՎՍ ՄԵԿ ԳԻՐՔ 🎂


Այսօր լրանում է 11 տարին, ինչ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔը գոյություն ունի համացանցում։
Անցյալ տարի 10-ամյակը նշանավորվեց ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ գրքի շնորհանդեսով և փառք Աստծուն, գիրքը գտավ իր ընթերցողին և այսօր տպագրված 500 օրինակն այլևս սպառված է (եթե շատ ուզեք, կարող ենք էլի տպել 😙):

Բայց այս տարին էլ առանց նորույթների չէ, և ասեմ՝ այս անգամվա նորույթը շատ ավելի կարևոր է, քանի որ վերաբերում է մեր ազգի, մեր ինքնության հիմքերից մեկին՝ քրիստոնյա հայ ընտանիքին։

Լուս է տեսել Տեր Հուսիկ քհն. Սարգսյանի հեղինակած ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ գիրքը, որը ընթերցողին առաջարկում է 15 կարևոր քայլեր Աստծո օրհնությամբ ընտանիքը ամուր պահելու համար։

Գրքի 300 էջերը բաժանված է 15 բաժինների (քայլերի)՝ համապատասխան Պողոս Առաքյալի Սիրո Օրհներգի 15 կատարելատիպերին։ Յուրաքանչյուր բաժին ունի իր բուն ասելիքն ուղղված 21-րդ դարի երիտասարդներին և ընտանիքներին՝ համեմված առակներով, օրինակներով և հայտնի ասույթներով։ Յուրաքանչյուր բաժնի ավարտին ընթերցողը կգտնի հարցեր և առաջադրանքներ հանուն սիրո, որոնք կօգնեն էլ ավելի լավ մարսել ասվածը և կատարել սեփական քայլը հանուն սիրո և ընտանիքի։

Գիրքը նկարազարդված է տաղանդավոր նկարչուհի Անահիտ Քեճեճյանի կողմից, ինչի արդյուքնում հոգևոր բովանդակության այս գիրքը դառնում է ավելի թեթև և հաճելի ընթերցելու համար։

Այս պահին գիրքը հասանելի է այսպես ասած՝ «ձեռքի վրա» և եթե ցանկություն առաջացավ այն ունենալու կամ նվիրելու ձեր շրջապատում ապրող ընտանիքներին կամ նորապսակներին, ապա բոլոր տեղեկությունները կգտնեք ստորև՝

Ինչպե՞ս ձեռք բերել
ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ
նորատիպ գիրքը 
Սիրելիներ, մինչ գիրքը կհայտնվի գրախանութներում, հայտարարում ենք նախավաճառք Հայաստանի եւ արտերկրի մեր ընթերցողների համար։

🇦🇲 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ գիրքը կարող եք ձեռք բերել
👉 Երևանում
📞 096 88 87 50
👉 Գյումրիում
📞 077 55 73 83
👉 Վանաձորում
📞 077 85 65 13
👉 Էջմիածնում
📞 096 10 50 97
👉 Արտաշատում
📞 077 51 73 65

🇨🇵 ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
գիրքը ձեռք բերելու համար կարող եք
👉 💻 գրել Սարկավագագիրք էջին (Facebook և Instagram) կամ
👉 📞զանգահարել 0033 7 62 82 62 25

🇺🇲🇷🇺 🇪🇺 ԱՄՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԵՎՐՈՊԱ ինչպես նաև ՀՀ ԱՅԼ ՔԱՂԱՔՆԵՐ գրքի առաքումը կարող եք կազմակերպել
👉 Քո Աստվածաշունչը էջի միջոցով, կամ զանգահարելով
📞 +374 91 10 71 34

💱Գրքի արժեքը Հայաստանում (առանց առաքման) 4000 դրամ է, այլ հարցերի համար, խնդրում ենք կապ հաստատել վերոնշյալ միջոցներով։

Խնդրում ենք կիսվել և առավելագույնս տարածել այս հայտարարությունը համացանցում, որպեսզի դուք էլ ձեր հերթին օգնենք մեր ընտանիքներին կատարելու իրենց 15 քայլը հանուն ամուր ընտանիքի։

Օրհնվեք 🙏

#ՍերըԵրբեքՉիԱնհետանում #15քայլ #սիրոճառ #սեր #ընտանիք #գիրք #նորգիրք #վաճառք 

19.8.20

ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ 10-ԱՄՅԱԿԸ

Օգոստոսի 10-ին կլրանի ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ բլոգի 10-րդ տարեդարձը (իրականում նա ավելի մեծ է, քան աղջիկս 😊): 10 տարիների հաճելի աշխատանք, երբեմն ակտիվ, երբեմն պասիվ ընթացքով, որն այսօր հիմնականում տարվում է
Facebookյան տիրույթում։ Նպատակը եղել և մնում է մեկը` ընթերցողներին փոքրիկ, բայց հաստատուն քայլերով մոտեցնել Աստծուն` Եկեղեցուն, հավատքին։ Որքանով է այդ ստացվում Աստված է դատավոր և դուք` սիրելի հետեւորդներ, իսկ ինձ համար փոքրիկ մխիթարություն է այս կայքի 1.000.000-ից ավել դիտումը և 15.000 հետեւորդները։ Հուսամ նույնքան էլ աղոթողներ ունեմ, կամ գոնե... կեսը 🙏։

Այս տարի ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ տարեդարձը շատ յուրահատուկ կերպով ենք նշելու։ Երջանիկ պատահությամբ հենց այս օրերին է լույս աշխարհ եկել ձեր խոնարհ ծառայի նոր գիրքը, որը կոչվում է ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ (60 պատմություն հոգևոր աճի համար)։ Ահա ինձ համար (հուսամ ձեզ համար էլ) նշանակալից այս առիթով Սարկավագագիրք բլոգի տարեդարձի օրը տեղի կունենա նոր լույս տեսած գրքի շնորհանդեսը։ Կներկայացնեմ գիրքը, դրա բովանդակությունը, ստեղծման ընթացքը, ձեռք բերելու մանրամասնություները, կպատասխանեմ ձեր հարցերին։

Հաշվի առնելով ծառայության վայրիս հեռավորությունը Հայաստանից և արդի սանիտարահիգիենիկ իրավիճակը կապված Կորոնավիրուսի համաճարակի հետ՝ մեր շնորհանդեսը տեղի կունենա համացանցային տիրույթում՝ online, Սարկավագագրքի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։ Ուրախ կլինեմ բոլորիդ վիրտուալ ներկայությանը և շնորհակալ, եթե կիսվեք ու հրավիրեք ձեր ընկերներին։

Ուրեմն՝ հանդիպում ենք օգոստոսի 20-ին, Երևանի ժամանակով ժամը 21։00-ին։
Աստված օրհնի բոլորիդ։


15.11.19

- ԱԴԱՄ - ՈՐՈՇՈՂԸ ԴՈ՛Ւ ԵՍ


«Ինչո՞ւ Ադամ»,- երևի հետաքրքրված կհարցնես դու: Վստահ եմ՝ աշխարհի արարման և առաջին մարդու՝ Ադամի ստեղծման պատմությանը ծանոթ ես. «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, եւ մարդն եղավ կենդանի էակ» (Ծննդ. 2:7),- նկարագրված է Աստվածաշնչում: Իսկ համաձայն Եկեղեցական Ավանդության՝ Աստված Ադամին ստեղծեց 30-ամյա երիտասարդ հասակում, հետեւաբար՝ Ադամը եւս երիտասարդ էր: Աստվածային արարչագործության մեջ մարդը միակ արարածն էր, որը ոչ միայն մարմնավոր եղավ, այլև՝ հոգևոր՝ կենդանացած Աստծո շնչով: Ավելին, Սուրբ Գիրքը վկայում է, որ նախահայր Ադամին Աստված ստեղծեց «իր պատկերով և նմանությամբ» (Ծննդ. 1:27-28): Այս երկու հատկանիշները, ի դեպ, Ադամից սկսյալ յուրաքանչյուր սերունդ «գենետիկորեն» կրում է իր մեջ, ուստի որպես այդ հատկանիշների կրողներ արի՛ մի փոքր աստվածաբանենք ու հասկանանք, թե ինչ ասել է «պատկեր և նմանություն»: 

Իմաստով իրար շատ մոտ այս բառերը կարող են տպավորություն ստեղծել, թե խոսքն այստեղ արտաքին նույնության մասին է, իբր Աստված մեզ պես (ավելի ճիշտ՝ մենք Աստծո նման) ոտքեր, ձեռքեր, քիթ բերան և աչքեր ունի: Անշուշտ, նման ենթադրությունը հեռու է ճշմարտությունից, սակայն, իրապես, կան աստվածային հատկանիշներ, որոնցով Սուրբ Երրորդությունը օժտում է մեզ՝ ադամորդիներիս, երբ կյանքի հետ միասին մեզ է տալիս Իր պատկերը. կարևորագույն այս հատկանիշներից են՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ և ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Այս շնորհները իր մեջ կրելով է, որ ամեն մարդ՝ Ադամից մինչև դու և ես, առաջնորդվում, արարում ու գործում է բարին կամ չարը և ապրում է դրանցով: 

Տրամաբանորեն ինչ-որ բանի պատկերն ունենալը, սակայն, համարժեք չէ այդ բանի կատարյալ նմանությունը ունենալուն: Օրինակ՝ որքան էլ որ վիպասանը ջանա թղթին հանձնել իր աչքի առաջ եղած պատկերը, այն կատարյալ նմանության չի կարող հասցնել: Ընթերցողը պատկերագրվածը ակամայից լրացնում է իր բանականությամբ եւ երեւակայության ազատ թռիչքով: Ճիշտ այսպես Ադամին շնորհված Աստծո պատկերը, թեև մոտ, այնուամենայնիվ նույնական չէր Աստծո նմանության հետ: Աստվածաբանորեն ասած՝  նմանությունը առաջին մարդուն շնորհված ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆՆ էր եւ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ, որոնցից, ցավոք, մարդը զրկվեց...

Այսպիսով, եթե փորձենք բանաձեւել՝
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՏԿԵՐ = ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ + ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ = ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ + ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

14.11.19

ՍԿՍԵՆՔ - Աստվածաշնչի երիտասարդները


«Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, 
եթե ոչ Աստծո խոսքերը պահելով» (Սաղմ. 118:9)

Աստվածաշունչ մատյանը, որ քրիստոնյա ամեն մարդու կյանքի և փրկության ուղեցույցն է, հարուստ է պատմություններով, առակներով, խրատներով, հրաշքներով և դրանցից բխող օրհնություններով: Քրիստոնյայի համար Սուրբ Գրքի էջերի միջից խոսում է Ինքը՝ Աստված, ինչի համար Աստվածաշունչը նաև անվանվում է «Աստծո Խոսք»: Երբեմն, սակայն, քրիստոնյաներս Աստվածաշունչն ընթերցում ենք պարզապես ընթերցած լինելու համար, որպես վիպական մի ստեղծագործություն կամ պատմական մի նկարագրություն, որ տեղի է ունեցել անցյալում, դարեր առաջ:

Իսկ այսօ՞ր… Ի՞նչ ունի ասելու Աստված մեզ այսօր... Ավելի ճիշտ՝ ի՞նչ կարող ենք մենք այսօր քաղել Աստվածաշնչի սուրբ էջերից: Թերևս մենք մոռանում ենք, որ մարդիկ ու հերոսները այս Գրքի մեջ առասպելաբանական հորինվածքներ չեն: Նրանք իրական միս ու արյունից կազմված մարդիկ են, որ պարզորեն ապրել են իրենց հանապազօրյա կյանքը: Ինչպես մեզ, այնպես էլ նրանց հարազատ են եղել մարդկային բնույթի բոլոր հատկանիշները. մարդիկ էին իրենց թերություններով և առավելություններով, վերելքներով և անկումներով: Ուրեմն, սիրելի՛ երիտասարդ, մենք ևս, օրինակ առնելով Աստվածաշնչի կենդանի հերոսներից, կարող ենք նրանց համաքայլ ապրել մարդկային պարզ կյանքը՝ այն իմաստավորելով Աստվածաշնչի լույսով ու սրբությամբ: