Showing posts with label Տեր Ավետիս. Show all posts
Showing posts with label Տեր Ավետիս. Show all posts

26.1.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է, ԱՍՏԾՈ ՀԱՍԱՐԱԿ ԾԱՌԱ... ՏԵՐ ԱՎԵՏԻՍ ՔՀՆ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Առավոտյան արթնանում եմ ու շտապ-շտապ պատրաստվում դուրս գալ տանից: Ամուսինս կիսաձայն անհանգստանում է. «Եթե կարող ես, ներսում կանգնիր, որ շատ չմրսես…»: «Լավ, ոնց կստացվի…»,- ասում եմ ու շտապում, որ չուշանամ պատարագից: Փա՜ռք Քեզ Տեր, որ կարող եմ այսօր հաղորդվել: Կանգառից մինչև եկեղեցի քայլում եմ մեկ կանգառի չափ: Ճանապարհին «Նվագախմբի տղաների» նման իրար միանալով դեպի եկեղեցի են ձգվում մեր հոտի հավատացյալները: Ցուրտ է, նույնիսկ շատ… Հավատացյալները մտնում են Կաթողիկե Աստվածածին տաճարը: Դուռը արդեն չի փակվում: Տեր Հայրը ձեռքով ցույց է տալիս, որ առաջ գան: Ավելի վաղ եկածները արդեն իրար կպել, տաքացել են, նորից պետք է տեղաշարժվեն, չեն ուզում: Տեր Հայրը հորդորում է. «Մի քիչ էլ առաջ եկեք, դրսում էլի մարդ կա, գոնե դուռը ծածկվի…»: Գնում են առաջ, բայց դե ուշացողներ էլ կան: Էլ չեմ ասում պատահական մարդիկ, որոնք ուզում են տեսնել, թե ինչ է կատարվում այդ փոքրիկ տաճարում, որ այս ցրտին այսքան մարդ կա, էն էլ դրսում կանգնած: Վերջիվերջո դուռը բաց է մնում: Թե՛ ներսում, թե՛ դրսում և թե՛ սուրբ սեղանի վրա գտնվողները` բոլորը սառում են… Այն մութ ու ցուրտ տարիները, երբ Տեր Հայրը սիրով ծառայում էր և անշահախնդրորեն ոչ ոքի չէր մերժում ոչ մի հարցում, չնայած պայմաններին, կարծես ձգվել են մինչ հիմա: Հնչում է. «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ…» և Տեր Հայրը խաչակնքում է հավատացյալներին: Նրա սերը փոխանցվում է դիմացի կանգնածներին և սփռվում շարքերով` մինչև դրսում կանգնած վերջին մարդը: