Showing posts with label Տեր Ադամ. Show all posts
Showing posts with label Տեր Ադամ. Show all posts

1.11.12

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՏԵՐ ԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախաբանը և նախորդ հատվածը տե՛ս՝ այստեղ։

Աղանդավորները մեղադրում են մեզ, որ հոգևորականներին դիմում ենք նաև «տեր» ձևով, որը մենք գործածում ենք ոչ թե երկնային Տիրոջ իմաստով, այլ որպես մի պարզ պատվանուն։ Աղանդավորների այս մեղադրանքը կրկին անգամ ցույց է տալիս, որ նրանց առաջնորդները խաբում են միամիտ շարքային աղանդավորներին, իսկ շարքային աղանդավորները պարզապես շատ տկար գիտելիքներ ունեն Աստվածաշնչից։ Աստվածաշնչից հասարակ աղանդավորների տկար գիտելիքների պատճառն այն է, որ գրեթե բոլոր աղանդավորները աղանդ մտնելուց առաջ ընդհանրապես Աստվածաշունչ չեն իմացել և հետո ընդունել են այն, ինչ իրենց ասել են աղանդի մեջ։ Նրանք միայն մեկ բան գիտեն «տեր» բառի գործածության վերաբերյալ, որն ամեն անգամ կրկնում են անգիր սովորած երեխայի պես. Քրիստոս Մատթեոսի Ավետարանում ասում է. «Բայց դուք որևէ մեկին ուսուցիչ մի կոչեք, որովհետև ձեր ուսուցիչը մեկ է, և դուք բոլորդ եղբայրներ եք։ Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր մի կոչեք, որովհետև մեկ է ձեր Հայրը, որ երկնքում է։ Եվ ուսուցիչներ չկոչվեք, որովհետև Քրիստոս է ձեր ուսուցիչը» (Մատթ. 23.8-10) կամ «մեզ համար միայն մե ՛կ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան, և մենք ապրում ենք նրանով. և` միայն մե՛կ Տեր Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, և մենք ապրում ենք նրանով» (Ա Կորնթ. 8.6)։ Ահա այն ամենը, ինչ նրանց հայտնի է «հայր» կամ «տեր» բառերի մասին։

28.10.12

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅՐ ԿԱՄ ՎԱՐԴԱՊԵՏ ԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Բազմաթիվ ընթերցողների խնդրանքով, ինչպես նաև Սուրբ Գրքի «ուղնուծուծը ըմբռնածների սադրանքով» :))) այս և հաջորդ գրառումները կլինեն հոգևորականների դիմելաձևերի շուրջ: Տեր Ադամ քահանա Մակարյանի կողմից պատրաստված այս հոդվածները ժամանակին տեղադրված էին բլոգում առանձին էջով, սակայն բլոգի ձևափոխման արդյունքում դրանք դուրս մնացին. այժմ հոդվածները վերահրապարակվում են: Շնորհակալություն Արժանապատիվ Տեր Հորը այս սպառիչ հոդվածները պատրաստելու և մեր ուշադրությանը հանձնելու համար:

Որոշ մարդիկ և հատկապես աղանդավորները հաճախ հետևյալ մեղադրանքն են անում. «Քրիստոս ասաց` ոչ ոքի ուսուցիչ կամ հայր չկոչեք, բայց ահա հոգևորականներն արհամարհում են Քրիստոսի պատվիրանը և ստիպում են մարդկանց իրենց կոչել տեր, վարդապետ կամ հայր»։ Հոգևորականներին «տեր հայր» կամ «հայր սուրբ» դիմելաձևը աղանդավորների և եկեղեցու հետ շատ քիչ կապ ունեցող, սակայն իրենց աստվածաշնչի գիտակներ համարող մարդկանց կարծիքով Քրիստոսի կողմից ասված մի կարևոր պատվիրանի խախտում է։ Իրոք, Քրիստոս Մատթեոսի Ավետարանում ասում է. «Բայց դուք որևէ մեկին ուսուցիչ մի կոչեք, որովհետև ձեր ուսուցիչը մեկ է, և դուք բոլորդ եղբայրներ եք։ Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր մի կոչեք, որովհետև մեկ է ձեր Հայրը, որ երկնքում է։ Եվ ուսուցիչներ չկոչվեք, որովհետև Քրիստոս է ձեր ուսուցիչը» (Մատթ. 23.8-10)։