Showing posts with label Մոնթե. Show all posts
Showing posts with label Մոնթե. Show all posts

3.7.12

ՀԵՐՈՍտրատ


Մոտ մեկ ամիս առաջ մկրտություն էի կատարում մեր հինավուրց վանքերից մեկում: Մկրտվում էին 2 եղբայր և քույրը, բոլորն էլ չափահաս երիտասարդներ: Հայոց Եկեղեցու կարգի համաձայն մկրտվողին, ով պետք է ծնվի Աստծուց՝ Սուրբ Հոգուց և ջրից , երկրորդ՝ հոգևոր անուն է տրվում, որպես նշան վերածննդի: Այս երկրորդ անունը հիմնականում որևէ սրբի անուն է լինում, որպեսզի մկրտվողը հետ այդու ունենա իր բարեխոս սուրբը և բացի այդ իմանա ու հետևի տվյալ սրբի կյանքի օրինակին՝ ապրելու Քրիստոսի արյան գնին փոքրիշատե արժանի կյանք: Եղբայրներից մեկի անունը Հայկ էր: Իմ հարցին, թե ունի որևէ նախընտրած սուրբ, ում անունը կուզենար կրել, երիտասարդը քմծիծաղ տվեց:

-   Կուզե՞ս Գևորգ կնքենք քեզ, Սուրբ Գևորգի անունով,- հարցրեցի ես ուշադրություն չդարձնելով նրա ոչ լուրջ վերաբերմունքին:
-   Չէ, այ՛ ցավդ տանեմ,- փողոցային մոտեցմամբ պատասխանեց երիտասարդը,- ի՞նչ Գևորգ, Հայկո, Հայկո լավ ա…
Ուզում էի հարցնել նրան՝ «ի՞նչ Հայկո… Սպիտակցի Հայկո, Կարգին Հայկո, թե՞ ՀՏ Հայկո»: Հազիվ դիմացա: Եթե ասեր Հայկ, միանգամից կմտածեի, որ հայոց նախածնողի անունն է նրա համար թանկ, բայց Հայկո՞…
Կողքից մի տարեց մարդ (հավանաբար հայրն էր) կարծես լուծեց թնջուկը.
-      Տե՛ր Հայր, պապուս անունը Գևորգ ա էղել, լավ ա, Գևո՛րգ դիր:
Ճիշտ, թե սխալ, ավելորդ համարեցի խոսել Սուրբ Գևորգի սխրանքի ու սրբության մասին. մարդն իր նախնիներին անգամ չեր ճանաչում ու հարգում (հուսամ Սուրբ Մկրտությունը աստվածային ներգործությամբ ինչ-որ կերպ լուսավորություն շնորհած կլինի երիտասարդին):