Showing posts with label Հուդա Իսկարիովտացի. Show all posts
Showing posts with label Հուդա Իսկարիովտացի. Show all posts

2.4.12

ԳԵԹՍԵՄԱՆԻԻ ԱԿԱՆԱՏԵՍԸ

Նվիրում եմ եղբորս`

Դուռն ուժգին բախում էին:
- Մարիա՛մ, բացի՛ր. գիտեմ` ներսում են,- բղավում էր տղամարդու խռպոտ ձայնը:
Հովհաննեսը վեր թռավ քնից: Բռունցքներով տրորեց աչքերը` զատորոշելու համար երազի ու իրականության սահմանը: Լսեց մոր անհանգիստ ձայնը: Զգուշավոր քայլերով մոտեցավ տանիքի եզրին և մինչև գոտկատեղը ձգվեց առաջ: Դռան շեմին Վարդապետի աշակերտներից մեկն էր` Սիմոնի որդին, նրա հետ մի քանի զինվորներ` սրերով և մահակներով:
- Ի՞նչ է պատահել, Հուդա՛,- տարակուսած հարցրեց Մարիամը` դուռը բանալով,- ի՞նչ են նշանակում այս զինվորները...
- Եղբայրներն ո՞ւր են,- հարցրեց Հուդան` կարծես չլսելով Մարիամի հարցը. Իսկարիովտացու հայացքը խուսափում էր կնոջ աչքերից:
- Դուրս են եկել մի քանի րոպե առաջ: Դու նրանց հետ չէի՞ր:
- Ո՛չ,- կոպտորեն վրա բերեց Իսկարիովտացին,- Հիսո՞ւսն էլ նրանց հետ է,- շարունակեց նա` փորձելով դռան շեմից ներս խուժել: