Showing posts with label Եր Ան. Show all posts
Showing posts with label Եր Ան. Show all posts

23.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է (ոչ մրցութային)

Ծնկաչոք սկսվող հոգու վերելք…
Սև ծալքերն ունեն խնկագույն բույր, և փեշերը երկար` սրբորեն հին քարերի հպում, ճերմակ օձիքը շղթայված է խոնարհությամբ, կրծքին խաչ` ծանրացած դողդոջ շուրթերի հավատի համբույրներով:
Գիշերվա մեջ ապրող մթության գույնն ունի, որ սահում է նորածիլ կանաչի վրայով:
Կյանքի փոշին է խունացնում սևը նրա:
Աղմուկի մեջ լռած շրշյուն, որ հանգչում է դիպչելով եկեղեցի տանող աստիճաններին:
Լայն թևքի տակից բարձրացող ձեռք, որ վերին օրհնությունն է խաչակնքումով դրոշմում գլխիկոր մարդկանց և խոնարհ հավատացյալների միաձույլ բազմության վրա:
Անեղծ ճերմակի վարդաբույր շրշյուն…բարակ մատների մեջ սեղմված ծաղիկներ…
Երկու գլուխ, իրար այնքան մոտ ու սրտեր բաբախող անհայտ տարածության հուզմունքի մեջ:
Լայն թևքի տակից բարձրանում է ձեռքը` սեր միացնող ձեռքեր:
Ջուր ցողող ձեռքեր…անգիտակից ճիչ մանկան, լույս արցունքներ աչքերում, դեպի նորն ուղղորդող սև թևքերի տակ սեղմված թաց ձեռքեր: