Showing posts with label Գրական. Show all posts
Showing posts with label Գրական. Show all posts

31.8.21

ԿԱՄՈՒՐՋՆԵՐ եւ ԱՆՈՒՐՋՆԵՐ


Կամուրջները... Նրանք Փարիզի ռոմանտիկան են։ Գորշ ու գարշահոտ Սենը, որ կարծես ծեր գնչուհու թաց թարթիչներից վար հոսող ածխե սուրմա լինի, սոսկ կամուրջների ռոմանտիզմի շնորհիվ է լղոզվում քաղաքային գունապնակի վրա։ Հատկապես գիշերը, երբ ինքը` գետը` որպես նապոլեոնեան շրջանի մի ծեր մարշալ, կուրծքը զարդարում է կամուրջների լուսաշող արտացոլումներով, ռոմանտիկներին թվում է, թե այդ կամուրջներն են հոսում` ծեր զինվորականի հանդարտ քայլքով ակոսելով Փարիզը երկու մասի։

Բազմաթիվ են կամուրջները, բազմաձեւ են, բազմիմաստ...

Որքան կենտրոնին մոտ, այնքան` գեղակերտ ու պչրող, որքան կենտրոնախույս` այնքան ավելի պարզ բնավորությամբ, սակայն միշտ կապող, միշտ միացնող` որպես խորհրդանիշ անբաժանության։

Ահա ժանեկազարդ մի կամուրջ. ասես միջնադարյան մի ասպետ իր կուռ բազուկով գրկել է իշխանուհու բարալիկ մեջքն ու հավատարմության երդում է տալիս։ Մի քանի մղոն այնկողմ նորից անբաժան սիրահարներ են, նախորդների հակապատկերները. ոչ մի հանդիսավորություն, ոչ մի ազնվականություն, ուղղակի լոթի-փոթի գավառական մի պատանյակ ձեռքը գցել է գեղջկուհի դեռահասի ուսով եւ երազով վերհիշում են մինչհեղափոխական տարիները, երբ այնքան առատորեն օգտվում էին կարդինալի սեղանի փշրանքներից։ 

Կամուրջներից մեկը` որպես խիտ հոնքեր` ամուր իրար կպած, երկկամար է. արձանագրություն Ֆրիդայի փարիզյան վերջին այցի մասին։ Իսկ դրա հարեւանությամբ` մյուսը, հիշեցնում է Դալիի արտառոց բեղերը, որովհետեւ աջից ու ձախից ցցել է իր աշտարակներն ու կղմինդրներին նստած ամպիկները դարձրել խատուտիկներ բեղերի ծայրերին։ Պիկասոյի աբստրակտ ռոմանտիզմն էլ կգտնես. կամուրջներ կան, ասես այլաբանություն լինեն` ծուռ, անհամաչափ, խճճված, բայց անհասկանալիորեն կայուն ու հավասարակշռված` ճիշտ եւ ճիշտ գինովցած ֆրանսացու նման։ Ամենաշքեղներն, անկասկած, արքայական կամուրջներն են։ Անգամ ոչ գաղիածին արքաներն իրենց կամուրջներն ունեն, գուցե ոչ այնքան ռոմանտիկ, բայց փառքի, հարստության եւ վեհության պաթոսով առլեցուն. ամեն մեկը կարծես հաղթության կամար լինի, որի վրայից սքանչացած զբոսաշրջիկը ընդունում է ֆրանսիական նավատորմի ռազմաշքերթը։ 

Չափչփում ես այս կամուրջների ոսկեձոն երկայնքն ու ռոմանտիկ երազկոտությամբ ինքդ քեզ աշխարհակալ ես երեւակայում։ Հետո հիշելով, որ այստեղ` կամրջազարդ այս քաղաքում, միապետ եւ գիլիոտին բառերը հոմանիշների պես են հնչում, ռոբեսպիերյան ռոմանտիզմին զոհ չդառնալու համար գերադասում ես զմայլվել մեկ այլ կամրջով։ Բացված գրքի նմանվող հաջորդ կամրջի վրա որձաքարերի դասավորությունը գրաշար է հիշեցնում, քայլում ես տողերի արանքով, հարգանոք գլուխ ես տալիս լուռ ծխող Քամյուին, ձեռնափայտը մատների մեջ պտտող Բալզակին, որ Մոպասանի հետ ինչ-որ բան է համոզում լուսասյանը հենված Հյուգոյին։ Իսկ կռնակը կամրջին դարձրած Վան Գոգը, որ հանդիպակաց կամուրջն է տպավորում կտավի վրա, անգամ բարեւդ չի առնում։ «Հավանաբար չլսեց»,- արդարացնում ես նրան ու գլուխդ  ձեռքիդ հենած մոդիլիանական թախծոտությամբ լի հայացքով ուղեկցում ես  նավակներին, որոնք Մոնեի անուրջների պես սահելով, հեզ համբուրվում են կամուրջների հետ, կամուրջներ, որ Փարիզի ռոմանտիկան են։

Տ.Հ.
2018

29.8.13

ԻՆՁ և ԻՄ ԵՂԲԱՅՐ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Տարիներ առաջ էր, երբ համացանցի (ինտերնետ) վերաբերյալ մի հաղորդում էի դիտում, ի շարս նորագույն այս գյուտի բերած վնասների՝ մատնանշվեց նաև դրա առաջադրած մի մարտահրավերը գրականությանը: Պարզվում է, որ էլեկտրոնային նամակներից օգտվելու պրակտիկությունն ու հարմարավետությունը վերացման վտանգով են սպառնում գրականության էպիստոլյար՝ նամակագրական, ժանրին: Բայց վերջերս մեր եկեղեցականներից մի քանիսը կարծես հանձն են առել պայքարել այս վտանգի դեմ՝ միևնույն ժամանակ ծանոթ չլինելով այս ժանրի առանձնահատկություններին:

Իսկ ընթերցողը... Դե շատ մեծ է ուրիշի նամակները կարդալու և քննարկելու գայթակղությունը... 

20.8.11

ՄԱՅՐ ԻՄ

Այսօր հիշեցի մայրիկիս նվիրված մի բանաստեղծություն, որ գրել էի սրանից ուղիղ 10 տարի առաջ` 2001թ. օգոստոսի 20-ին: Դե իհարկե Չարենց կամ Շիրազ չեմ :), բայց կարծում եմ ճիշտ և ըստ արժանվույն կգնահատվեն պատանյակիս առաջին գրական քայլերը:


Մա´յր իմ քնքուշ, թանկագին, 
Մա´յր իմ անուշ ու անգին,
Մա´յր իմ չքնաղ ու բարի,
Մա´յր իմ, մա´յրն ես աշխարհի: