Showing posts with label Գայանե Մանուկյան. Show all posts
Showing posts with label Գայանե Մանուկյան. Show all posts

15.2.14

ԼՌԵՆՔ ` ՔԱՐԵՐԸ ԿԱՂԱՂԱԿԵՆ

ՔԱՀԱՆԱ` ըստ ՄԵԼՔԻՍԵԴԵԿԻ ԿԱՐԳԻ

Մեզ կանգուն պահող,
Մեզ երկինք հանող ձեր աղոթքների սանդուղքը վերում
Լուծված է կաթի քա՜ղցր լույսերում…

ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Գովերգ չէ սա, որ շող կորզի
Քահանայի երկնապսակ վարձքից թաքուն,
Այլ աղոթող մի խոնարհում,
Որ հավատի վեմը նրա պահի կանգո՛ւն:


ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Իննսունիննի Ս. Աստվածածնի Վերափոխման Պատարագն էր: Աշխարհգալոցի թափորը հանդիսավոր առաջ էր շարժվում Մալաթիայի «Սուրբ Մայրիկ Աստվածածնում» (ինչպես պատմական Մալաթիացի տատիկներն են ասում): Խաչվառն ու Խաչն իրենց էին ձգում մարդկանց, և բազմությունը ալիք-ալիք խոնարհվում էր սրբության առաջ:
Մի կին` անհաղորդ համբուրելու խորհրդին, մի տեսակ քնեած-թմրած կանգնած էր անշարժ: Մայրավանքից եկած երիտասարդ Հայր Սուրբը (հայտնություն մեր փոքրիկ եկեղեցում ), որ ոչ մեկին չէր զրկում սրբությունից, ինքն ընդառաջ գնաց նրան: Կինն ու օծյալի`առաջ պարզած Ձեռաց Խաչը նայում էին իրար` աչք-աչքի… Ինչ կատարվեց` չգիտեմ, բայց Ձեռաց Խաչին դրոշմած ակամա համբույրից կինն ասես ԿԵՆԴԱՆԱՑԱՎ. մի սքանչելի ժպիտ ծաղկեց նրա դեմքին , գոհունակության մի ալիք ելէջեց կուրծքը, թուլացած իջան հոգսից կծկված ուսերը. կարծես մի ԵՐԳ հնչեց նրա հոգում, և ես ոչ թե լսեցի, այլ ՏԵՍԱ այդ լուռ երգը: Քահանան սրբությամբ ՏԵՍԱՆԵԼԻ ԷՐ ԴԱՐՁՆՈՒՄ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Եվ այդ քահանան Հայր Բագրատն էր: