Showing posts with label Աստվածաշնչային գիտելիքներ. Show all posts
Showing posts with label Աստվածաշնչային գիտելիքներ. Show all posts

9.3.16

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԱՊԱՏՈՒՄ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ծրագրի շրջանակներում տրված 6-րդ հարցը բավականին հետաքրքրական էր՝ «Քանի՞սն էին Հիսուսի փորձությունները անապատում»:
Պատասխանողների (124 հոգի) մեծամասնությունը ընտրել էր, որ փորձություննորի թիվը 3-ն էր (105 հոգի): 17 հոգի էլ այն կարծիքն էին հայտնել, թե դրանք բազմաթիվ էին: Միայն 2 հոգի նշել էր, որ Հիսուս անապատում միայն 1 փորձություն է անցել:

Իրականաում Ավետարանը մեզ պատմում  է միայն 3 փորձությունների մասին: Կարդանք՝
«Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու։ 2Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։ 3Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. «Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»։ 4Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»։ 5Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. 6«Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետեւ գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»։ 7Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես»։ 8Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. 9«Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»։10Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»։ 11Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան» (Մատթ. 4:1-11 ):

23.2.16

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ - Հարց 6

Մեծի պահոց շրջանի մեջ ենք հիմա, սիրելիներ, ուստի որոշեցի ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ 6-րդ հարցը փոքր-ինչ կապել քառասնորդական պահքի հետ: Նոր Կտակարանում Ավետարանիչները խոսում են անապատի մեջ Քրիստոսի ծոմապահության և փորձությունների մասին, որոնք տևեցին 40 օր: Արդ, այսօրվա հարցը նպատակ ունի բացահայտելու, թե այդ փորձությունները քանի՞սն էին: Դե ձեզ տեսնեմ: Ցանկացողները կարող են նաև մեկնաբանությունների մեջ իրենց կարծիքները հայտնել ու քննարկել: 

Ակտիվ եղեք և առաջարկեք նաև ձեր ընկերներին: Ճիշտ պատասխանը սպասեք մի քանի օրից: Աստված օրհնի ձեզ և ճիշտ պահեցողության մեջ հաստատի:

19.2.16

ՊՈՂՈՍԻ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՆԱՄԱԿԸ

Երկար ժամանակ ոչ հարց ենք տվել, ոչ էլ հարցի պատասխանել... Իսկ վերջին հարցը, թե որն էր Պողոս Առաքեալի նամակներից ամենակարճը հակառակ որ երկար ժամանակ ակտիվ էր, այնուամենայնիվ շատ մեծ ակտիվությամբ չէր քվեարկվում. հարցին պատասխանել է 90 հոգի, որոնց մեծ մասը տվել է ՃԻՇՏ ՊԱՏԱՍԱԱՆԸ՝ ՆԱՄԱԿ ՓԻԼԻՄՈՆԻՆ:


Արդեն խոսել ենք այն մասին, որ Նոր Կտակարանում Պողոս Առաքեալի անունով հայտնի 14 գրություններ՝ նամակներ կան: Դրանց շարքում ամենից երկարը, ի դեպ, Հռոմեացիներին ուղղված նամակն է՝ բաղկացած 16 գլխից (քվեարկույամբ 2-րդ տեղում էր այս տարբերակը 25 ձայնով), Տիտոսին ուղղված նամակը, թեեւ կարճ, բայց ամենակարճը չէ, իսկ Փիլոպոսին ուղղված նամակ համենայն դպս մեզ բնավ հայտնի չէ: Ամենից կարճը Փիլիմոնին ուղղված նամակն է՝ ընդամենը 1 գլուխ, 25 համար:


Փիլիմոնը բարի համբավի տեր քրիստոնյա էր, Պողոսի բարեկամը, Կողոսիայի եկեղեցու անդամ և Օնեսիմոս անունով մի ստրուկի տերը: Այս ստրուկը փախել էր իր տիրոջից, ինչը մահացու հանցանք էր: Երբ Պողոս առաքեալը գտնվում էր բանտում, Օնեսիմուսը հանդիպում է նրան, դարձի գալիս և քրիստոնյա է դառնում: Այս նամակով Պողոսը նամակի մեջ խնդրում է Փիլիմոնին, որ ների Օնեսիմոսին և ընդունի նրան ոչ թե որպես ներողամտության արժանացած ստրուկի, այլ որպես քրիստոնյա եղբոր:

Այս կարճ նամակը մի կարևոր պատգամ ունի. Պողոս առաքյալը ո՛չ հրահանգ է տալիս Փիլիմոնին, ո՛չ իր կամքն է պարտադրում և ո՛չ էլ իր ծառայի վրա ունեցած նրա իրավունքները դարձնում խնդրո առարկա: Այլ ցույց է տալիս, թե Քրիստոսի հավատն ու սերն ինչպե՛ս են խորությամբ փոխակերպում մարդկային մեր հայեցակետն ու հարաբերությունները:

26.1.16

ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ - Հարց 5

Շատ հետաքրքիր հարց ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ շրջանակներում: Մեր աստվածաշնչասերները հաճախ ավելի նախընտրում են ընթերցել Ավետարանները, իսկ Սուրբ Պողոսի թղթերը՝ նմակները, երբեմն դժվարըմբռնելի լինելով, շատ ծանոթ չեն ըներցողներին: Այսպես, եկեք տեսնենք թե ո՞րն է այդ նամակների շարքում ամենից կարճը: Ակնկալում եմ բոլորի ակտիվությունը:

20.1.16

ՂԵՎՏԱՑԻՆԵՐԸ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ՔԱՀԱՆԱՆԵՐ

Անկեղծ ասեմ, կարծում էի, թե այս հարցը շատերի համար դժվար կլինի, երևի որովհետև Հին Կտակարանից էր, բայց ընթերցողներս հաճելիորեն զարմացրեցին: 88 հոգի 105 քվեարկողից տվել է ճիշտ պատասխանը՝ նշելով որ հին ուխտի քահանայության համար Աստված առանձնացրեց ՂԵՎԻԻ ՑԵՂԻՆ
Նրանք այդպես էլ կոչվեցին՝ Ղևտացիներ.

 «Այդ ժամանակ Տէրը Ղեւիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջեւ, ծառայեն նրան ու նրա անունով աղօթք անեն, ինչպէս որ լինում է մինչեւ այսօր։ Այդ իսկ պատճառով ղեւտացիներն իրենց եղբայրների մէջ բաժին ու ժառանգութիւն չունեն, քանի որ Տէրն ինքն է նրանց բաժինն ու ժառանգութիւնը, ինչպէս որ ասաց նրանց» (Բ Օրենք 10:8-9):

Իսրայելի մյուս զավակները և նրանց սերունդները Ավետյաց երկրից ստացան իրենց հողակտորներն ու հարստությունները, սակայն Ղևիի ցեղը մնաց դատարկաձեռն: Ղևտացիներին որպես քահանայական ցեղ առանձնացնելով, սակայն, Աստված կարգադրեց, որպեսզի մնացած 11 ցեղերը իրենց ունեցվածքից տասանորդ վճարեն իր սպասավորներին: 

Այսքանը թերևս, սպասեք հաջորդ հարցին ՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ծրագրի շրջանակներում և շնորհակալություն ակտիվության համար:

12.1.16

ՀԻՆԿՏԱԿԱՐԱՆՅԱՆ ՀԱՐՑ - Հարց 4

Ահավասիկ պատրաստ է մեր 4-րդ հարցը: Ենթադրելի է, որ հարցը հեշտերից չէ, այնպես որ պատասխանելուց առաջ մի փոքր «խուզարկեք» նորինն ամենագիտություն գուգլը, կամ որ ավելի օգտակար կլինի, փորձեք գտնել ճիշտ պատասաանը Աստվածաշնչի Երկրորդումն օրինաց (Բ Օրենք) գրքի մեջ: Դե ինչ, զարմացրեք մեզ ձեր ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐով, իսկ ճիշտ պատասխանը՝ բացատրությամբ հանդերձ սպասեք մի քանի օրից: Գնացինք՝

9.1.16

ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԵՍՏ «ՀՅՈՒՐԵՐԸ»


Պետք է ընդունել՝ հարցը՝ «Ովքե՞ր առաջինն իմացան Հիսուսի Ծննդյան մասին», հեշտերից չէր, նախ որովհետև ենփադրում էր 2 տարբեր ավետարարաններում՝ Մատթեոս և Ղուկաս, նկարագրված դեպքերի համեմատություն և ապա ճիշտ պատասխանը, փոքրիշատե, կապված է մանրուքների քննությունից: Անտեսելով պարզապես հորինած այն տարբերակները, թե Հիսուսի ծննդյան մասին առաջինն իմացան հրեա կրոնավոր փարիսեցիները կամ մանկաբարաձները, անդրադառնանք 2 հիմնական տարբերակներին՝ Արևելքի մոգեր և հովիվներ: Այս երկուսը անցնող մի քանի օրերի ընթացքում անընդհատ մրցում էին ձայների քանակով և հիմա էլ 126 քվեարկումից հետո միայն 15 ձայնի տարբերություն ունեն: Այս էլ է արդարացված, քանի որ, օրինակ, պատկերագրության մեջ մշտապես կարելի է տեսնել հովիվներին և մեգերին Քրիստոսի ծննդյան դրվագում: Այսուամենայնիվ 68 հոգի՝ 54,4 տոկոս մեծամասնությունը ընտրել է ՃԻՇՏ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ՀՈՎԻՎՆԵՐԸ:


3.1.16

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԱՐՑ - Հարց 3

Քանի որ առջևում Սուրբ Ծնունդն է, որոշեցինք այս անգամ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ զորացնել քրիստոնեական այս գեղեցիկ տոնի վերաբերյալ հարցումով: Համաձայնեք, տոնել մի բան, որի մասին շատ բան գիտենք, ավելի հաճելի է, ուրեմն սպասում ենք ընթերցողներիս պատասխաններին: Իսկ ճիշտ պատասխանին կանդրադառնանք Սուրբ Ծնունդից հետո՝ առաջիկա շաբաթվա մեջ: Այնպես որ բացի ձեր անձնական ակտիվությունը, հրավաիրեք նաև ձեր ընկերենրին մասնակցելու այս հարցին: Շնորհակալություն և կանխավ՝ 


ՅԻՍՈՒՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ 

29.12.15

ԵԴԵՄԻ ՊԱՐՏԵԶԻ ՊՏՂԻ ՄԱՍԻՆ

Մեր «վիկտորինայի» 2-րդ հարցը, թե ինչ պտուղ էր դրախտային Եդեմում Ադամի և Եվայի կերածը՝ խնձոր, նուռ թե ադամաթուզ կամ բնավ անհայտ մի միրգ, նախորդ հարցի պես բավականին հեշտ էր, բայց և մի փոքր շփոթեցնող:
Եդեմի ծառի վրա՝ նռներ:
Հարցմանը մասնակցեց 129 հոգի որոնց մեծամասնությունը (55%) տվել է «խնձոր» պատասխանը, բայց որքան էլ, որ զարմանալի լինի, խնձորը, հակառակ արմատացած կարծրատիպի, հիշատակված չէ Ծննդոց գրքի մեջ: Նուռն էլ չկա այնտեղ, թեև երբեմն խնձորին զոգահեռ հայկական պատկերագրության մեջ այն հանդիպում է, իսկ ադամաթուզը, որը ոչ հայերեն ասած բանանն է, միայն կարելի է ենթադրել, թե ինչ կապ ունի Ադամի անվան հետ. համենայն դեպս այն ևս հիշատակված չէ, որպես չարի և բարու գիտության ծառից աճող միրգ: Իրականում ճիշտ պատասխանն էր «հայտնի չէ» (41,1%, 53 ձայն)՝
«Օձն ասաց կնոջը. «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել»։ Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել։ Սակայն դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստուած ասաց. «Դրանից չուտէք եւ չմօտենաք, որպէսզի չմեռնէք»։ Օձն ասաց կնոջը. «Չէք մահանայ, որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման՝ կ՚իմանաք բարին ու չարը»։ Կինը տեսաւ, որ ծառի պտուղը լաւ է ուտելու համար, ակնահաճոյ է եւ գրաւիչ՝ ըմբռնելու համար։ Նա առաւ նրա պտղից, կերաւ եւ տուեց իր մօտ կանգնած ամուսնուն, եւ նրանք կերան։ Երկուսի աչքերն էլ բացուեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են» (Ծննդոց 3):
Ինչպես տեսաք, Սուրբ Գիրքը Ադամի և Եվայի կերածը անվանում է պարզապես պտուղ, թե ինչ պտուղ էր այն, կարևոր էլ չէ և գուցե բնավ միրգ էլ չէր. Հին Կտակարանը հարուստ է այլաբանություններով: Ամեն պարագայում արգելվածը «չարի և բարու» զանազանության պտուղն էր, որ արգելված էր ճաշակել: Աստծո առաջին այդ պատվիրանին չհնազանդվելով առաջին մարդով աշխարհ մտավ մեղքը՝ Աստծո խոսքի զանցառությունը և մարդը դարձավ մահվան համար խոցելի, ուստի այն նաև ՄԵՂՔԻ ՊՏՈՒՂՆ էր:

23.12.15

ԴՐԱԽՏԻ ՊՏՈՒՂԸ Ի՞ՆՉ ԷՐ - Հարց 2

Սիրելի ընթերցողներ, ահավասիկ 2-րդ հարցը ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ծրագրի շրջանակում: Հետաքրքրական հարց է, կարծում ենք: Սպասում ենք ձեր պատասխաններին: Արդյունքները կհրապարակվենք մի քանի օր հետո՝ անշուշտ տալով նաև ճիշտ տարբերակի բացատրությունը: Նախկին հարցերը և պատասպանները կարող եք գտնել այս հղմամբ՝ Աստվածաշնչային գիտելիքներ:

Շնորհակալության ձեր ակտիվության, հարցը ընկերներին առաջարկելու և աստվածաշնչասիրության համար (Այս վերջինը նոր բառ էր :)))))

22.12.15

ՔԱՆԻ՞ ԳՐՔԻՑ Է ԲԱՂԿԱՑԱԾ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ - Հարց 1

Գուցե առաջին հարցումը, թե քանի գրքից է բաղկացած Նոր Կտակարանը պարզերից էր (չիմանալու պարագային կարելի էր  բացել Աստվածաշունչը և հաշվել), այնուամենայնիվ 86 ընդհանուր կարծիք հայտնողներից ստացանք հետևյալ պատկերը՝

Ճիշտ պատասխանն էր՝ 27, որը և բարեբախտաբար ամենից շատ ձայներն է հավաքել:

Աստվածաշունչ մատյանը լայն առումով բաղկացած է 2 մասից՝ Հին Կտակարան և Նոր Կտակարան: Պարզորեն ասած՝ Հին և Նոր բառերի բաժանարար կետը Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղացումն է: Ուրեմն, Նոր Կտակարնը ընթերցողին է ներկայացնում Հիսուսի ծնունդի հետ կապված և դրան հաջորդող իրադարձությունները և գրություններ, որոնք արդեն Հիսուսի Հարությունից հետո թողնված գրական ժառանգություն են: Ասում եմ գրական ժառանգություն, քանի որ Նոր Կտակարանի 27 գրքերից և ոչ մեկը, սկզբունքորեն չի գրվել Աստվածաշնչի մաս կազմելու նպատակով, այլ դրանք զատ-զատ «գործեր են»՝ իրենց հատուկ ոճով և լեզվով գրված, ունեցել են իրենց հասցեատերերը, լսարանը, որոնց հոգևոր պահանջները բավարարելու համար Առաքեալները գրել են դրանք: Քիչ ավելի ուշ դրանք միավորվել են մեկ ընդհանուր «հատորի մեջ» որով կազմվել է Նոր Կտակարանի կանոնը:

16.12.15

Վերսկսում ենք «ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ» ծրագիրը

Հիշո՞ւմ եք, մոտ 2 տարի առաջ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ հանդես եկավ բավական հաջող մի նախաձեռնությամբ, որը կոչվում էր «ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ»: Ինչպես նշվել էր նախաձեռնության առաջին գրառման մեջ, այն նպատակ ուներ՝ «հարցումների միջոցով ստուգել և մանավանդ զարգացնել ու տալ ընթերցողին Սուրբգրային այլևայլ գիտելիքներ»: Հարցումներից մի քանի օր հետո հրապարակվում էին արդյունքները և նաև փոքրիկ բացատրություն էր տրվում ճիշտ կամ սխալ պատասխանների մասին: Ծրագիրը հիմնականում գործարկվում էր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ ֆեյսբուքյան էջում:

Նկատի առնելով համացանցասերների մեծ հետաքրքրությունը տարատեսակ հարցումների և թեստերի հանդեպ, որոշեցի արդեն բլոգի տիրույթում վերսկսել հարցումների այս ծրագիրը, ինչ կասե՞ք: Եթե ժամանակը բավարարի, շաբաթական 1 անգամ 1 հարց կտեղադրվի, որի ճիշտ պատասխանը կքննարկենք միասին մի քանի օր հետո:

Մեզ կարող եք ուղարկել նաև ձեր հարցումները, որոնք շուտով կկարողանաք տեսնել այս ծրագրի հարցերի շարքում :)