Մեկնություն - ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ











ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ 

Չորրորդ ավետարանի հեղինակ Հովհաննես առաքյալին է վերագրվում Նոր Կտակարանի երեք ընդհանրական նամակներ, որոնցից առաջինը` Հովհաննեսի Ա թուղթը համեմատաբար ընդարձակ է: Այն չունի նամակին հատուկ ձև: Ենթադրվում է, որ ի սկզբանե այն եղել է ճառ, որին հետագայում նամակի ձև է տրվել:
Նամակը գրվել է առաջին դարի վերջում` Եփեսոսում:

Հովհաննես առաքյալի այս նամակը հետապնդում է երկու նպատակ.
1. քաջալերել ընթերցողներին, որ Աստծուն և Հիսուս Քրիստոսին միացած կյանքով ապրեն,
2. ազդարարել ընթերցողներին, որ զգուշանան և չհետևեն սխալ վարդապետությունների, որոնք քանդում են Աստծու հետ ունեցած իրենց կապը:
Սխալ ուսուցումներից մեկը և ամենավտանգավորը հիմնված էր այն տեսության վրա, որ նյութեղեն այս աշխարհը և ամեն ինչ, որ նյութեղեն է, ինքնին չար է, և հետևաբար, անկարելի է, որ Քրիստոսը՝ Աստծու Որդին, մարդ եղած լինի: Այս ըմբռնումի բնական հետևանքը լինում էր այն, որ կյանքում արհամարհվում էր մարդկային ամեն կապ և մտահոգություն: Նրանք ուսուցանում էին, որ փրկությունը որևէ առնչություն չունի բարոյականության հետ, և ուրիշի հանդեպ ցուցաբերված սերը  ևս առանձին նշանակություն չունի, այլ կարևորը միայն Աստծու մտավոր և հոգևոր ճանաչումն է:
Այս ուսուցումներին ընդդիմանալով՝ առաքյալը հստակորեն շեշտում է, որ Աստծու լույսի և գիտության մեջ կարող է լինել միայն նա, ով  գործադրում է սիրո պատվիրանը: Սիրո մարմնացումը մարդացած Քրիստոսն է: Ով «չի խոստովանում, թե Հիսուս Քրիստոսն աշխարհ գալով իսկապես մարդացավ, նա խոսում է ոչ թե Աստծու Հոգով, այլ Քրիստոսի հակառակորդի դրդումով» (4.3): Աստծու իսկական զավակներն ապրում են արդարությամբ  և միմյանց հանդեպ ցուցաբերած սիրով. «իսկ ով չի սիրում, նա չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է» (4.8):

ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
 Նախաբան (1.1-4)
 Լույս և խավար (1.5- 2.29)
 Աստծու որդիներ և Սատանայի որդիներ (3.1- 24)
 Ճշմարտություն և կեղծիք (4.1- 6)
 Սիրո պարտավորությունը (4.7- 21)

 Հաղթական հավատ (5.1- 21)





Ա Հովհաննես 1 ՆԱԽԱԲԱՆ ԱՍՏՎԱԾ ԼՈՒՅՍ Է. ՔԱՅԼԵՆՔ ԼՈՒՅՍԻ ՄԵՋ


Ա Հովհաննես 2 ՔՐԻՍՏՈՍ ՄԵՐ ԲԱՐԵԽՈՍՆ Է ՆՈՐ ՊԱՏՎԻՐԱՆԸ ՉՍԻՐԵԼ ԱՇԽԱՐՀԸ ՆԵՌԸ` ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԸ


Ա Հովհաննես 3 ԱՍՏԾՈՒ ՈՐԴԻՆԵՐԸ ՍԻՐԵԼ ՄԻՄՅԱՆՑ


Ա Հովհաննես 4 ՃՇՄԱՐԻՏ ԵՒ ՍՈՒՏ ՀՈԳԻՆԵՐ ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է


Ա Հովհաննես 5 ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՆԴԵՊ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ