19.2.18

ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՒ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ - Շավիղ 8

Հարց. Լա՛վ, հասկացա, որ Հիսուսը եղբայր չունի: Բայց այդ միջոցին ո՞ւր գնացին Հիսուսի աշակերտները:

Պատասխան. Բոլորն էլ թողեցին և փախան:

Հարց. Իսկ ի՞նչ եղավ չարագործ Հուդան:

Պատասխան. Հուդան իր չարությունը կատարելուց հետո, երբ իմացավ, որ Հիսուսի խաչելու հրամանագիրը գրվել է, այդժամ շատ զղջաց և ստացված արծաթը տարավ քահանայապետներին տվեց և ասաց. «Ես մեղավոր եմ, Նրան իզուր տեղը մատնեցի»: Նրանք արծաթը ետ չվերցրեցին, ուստի արծաթը տաճարի մեջ գցեց, հուսահատությունից գնաց ու կախվեց (Մատթեոս ԻԷ 5):

Հարց. Ի՞նչ արեցին արծաթը հրեաները:

Պատասխան. Արյան գին լինելու պատճառով գանձանակի մեջ չընդունեցին և դրանով գնեցին բրուտի ագարակը՝ որպես գերեզման օտարների համար:

Հարց. Նախապես գրված կա՞ր այդ մասին:

Պատասխան. Այո՛, Երեմիա մարգարեն է գրում. «Արյան գինը երեսուն արծաթ առան և բրուտի այգու համար տվեցին, ինչպես որ Տերը հրամայեց ինձ» (հմմտ. Երեմիա ԼԲ 9):


Հարց. Հիսուս ի՞նչ եղավ: Ի՞նչ լուր պետք է տաս մեզ:

Պատասխան. Հիսուսի գլխին եկած բաների պատճառով երկինքն ու երկիրը չհամբերելով իրենց սրտի ցավն ու տառապանքը հայտնեցին:

Հարց. Ինչպե՞ս հայտնեցին:

Պատասխան. Նախ՝ արեգակը խավարեց, երկիրը շարժվեց, ժայռերը պատռվեցին, գերեզմանները բացվեցին, տաճարի վարագույրը վերից վար երկու կես եղավ:

Հարց. Ե՞րբ խաչեցին Հիսուսին:

Պատասխան. Ուրբաթ օրը՝ վեցերորդ ժամին: Այդ ժամանակ արեգակը խավարեց մինչև իններորդ ժամը և հետո բացվեց:

Հարց. Նախապես կա՞ր գրված այդ մասին:

Պատասխան. Այո՛, Ամովս մարգարեն է գրում. «Այդ օրը,- ասում է Տեր Աստված,- այնպես պիտի լինի, որ արեգակը մայր պիտի մտնի միջօրեին, և երկրում լույսը պիտի խավարի ցերեկով» (Ամովս Ը 9): Զաքարիան էլ է գրում. «Դա պիտի լինի միայն Տիրոջը հայտնի օր. ո՛չ ցերեկ պիտի լինի և ոչ էլ գիշեր, այլ լույս պիտի լինի միայն երեկոյան» (Զաքարիա ԺԴ 7), որովհետև վեցերորդ ժամում արեգակը խավարեց և իննին բացվեց:

Հարց. Այլևս Հիսուս պետք է չխոսի՞:

Պատասխան. Երբ Հոգին ավանդելու ժամանակը մոտեցավ, Հիսուս ասաց, որ ծարավ է, և զինվորներից մեկը սպունգը քացախով թրջեց ու եղեգի ծայրին անցկացնելով՝ Հիսուսի բերանին մոտեցրեց: Հիսուս, քացախի համը առնելով, ասաց. «Ամեն ինչ կատարված է» (Հովհաննես ԺԹ 30):

Հարց. Ինչի՞ համար է ասում, թե ամեն ինչ կատարված է:

Պատասխան. Որովհետև Դավիթն է գրում. «Կերակրի տեղ ինձ լեղի տվին և ծարավելիս քացախ խմեցրին» (Սաղմոս ԿԸ 22):

Հարց. Ի՞նչ ասացին հրեաները Հիսուսին:

Պատասխան. Քահանայապետները և իշխանները, խաչի դիմաց կանգնած, գլուխները շարժելով ասում էին. «Վա՛հ, Դու որ քանդում էիր տաճարը, երեք օրից այն շինում, փրկի՛ր Քեզ, եթե Աստծու Որդի ես, իջի՛ր այդ խաչից» (Մատթեոս ԻԷ 40):

Հարց. Նախապես գրված կա՞ր այդ մասին:

Պատասխան. Այ՛ո, Դավիթ մարգարեն է գրում. «Բոլոր Ինձ տեսնողներն արհամարհում էին Ինձ, խոսում շրթունքներով և շարժում գլուխներն իրենց» (Սաղմոս ԻԱ 8): Նաև քահանայապետները և իշխանները ասում էին իրար. «Ուրիշներին փրկեց, Ինքն Իրեն չի կարողանում փրկել: Եթե Իսրայելի թագավոր է, հիմա թող այդ խաչից իջնի, և Դրան կհավատանք: Եթե Դա հույսը դրել է Աստծու վրա, թող Նա այժմ Դրան փրկի, եթե ուզում է Դրան, քանի որ ասաց, թե՝ Աստծու Որդի եմ» (Մատթեոս ԻԷ 42-43):

Հարց. Այդ խոսքերի վերաբերյալ նախապես գրվա՞ծ էր:

Պատասխան. Այո՛, Սողոմոնը գրում է. «Տեսնենք արդյո՞ք ճշմարիտ են Նրա խոսքերը և փորձենք իմանալ, թե ինչ է լինելու Նրա վախճանը: Եթե, արդարև, Աստծու Որդի է, ապա թող Աստված պաշտպանի և ազատի Նրան հակառակորդների ձեռքերից» (Իմաստ. Բ 17-18):

Հարց. Հիսուս ի՞նչ եղավ:

Պատասխան. Մինչև հիմա քո հարցերի պատասխանը շատ շուտ էի տալիս, բայց այս հարցիդ չեմ համարձակվում պատասխանել:

Հարց. Ի՞նչ է, չլինի թե Հիսուս մահացավ:

Պատասխան. Այո՛, բարձր ձայնով կանչեց. «Հա՛յր, Քո ձեռքերի մեջ եմ ավանդում Իմ հոգին», և ամենամաքուր Հոգին ավանդեց Հայր Աստծու ձեռքը (Ղուկաս ԻԳ 46):

Հարց. Ո՛հ, այդ ի՞նչ կսկիծ էր, որ պատճառեցիր: Ա՞յդ էլ էր գրված:

Պատասխան. Այո՛, Եսայի մարգարեն է գրում. «Երկրի վրա վերջ տվին Նրա կյանքին. իմ ժողովրդի անօրենությունների պատճառով Նա մահվան մատնվեց» (Եսայի ԾԳ 8):

Հարց. Խեղճ մայրը Որդու մահը տեսնելով ի՞նչ արեց:

Պատասխան. Մոր լացն ու ողբը ո՞ր լեզուն կարող է պատմել:

Հարց. Հետո ի՞նչ արեցին Հիսուսի մարմինը:

Պատասխան. Արեմաթիա քաղաքում Հովսեփ անունով մի արդար մարդ կար: Նա գնաց, Պիղատոսին աղաչեց, որ Հիսուսի մարմինը իրեն տան, որ թաղի: Եվ երբ նա թույլ տվեց, Հովսեփը Նիկոդեմոսի հետ միասին Հիսուսին խաչից ցած իջեցրին և մաքուր կտավով պատեցին: Ժայռում փորված մի նոր գերեզման կար, այնտեղ թաղեցին ուրբաթ երեկո և գերեզմանի դռան բերանը մի մեծ քարով փակեցին, իսկ հրեաներն էլ կնքեցին:

Հարց. Ի՞նչի համար կնքեցին գերեզմանը:

Պատասխան. Հիսուս սկզբից քանի անգամ ասել էր. «Երեք օրից հարություն պետք է առնեմ» (Մատթեոս ԻԷ 63): Դրա համար գերեզմանը կնքելուց բացի, շատ զինվորներով պահպանում էին, որ չլինի թե Հիսուսի աշակերտները գիշերը գան, մարմինը տանեն, ուրիշ տեղ պահեն՝ ասելով, թե հարություն առավ:

Հարց. Նախապես գրվա՞ծ էր Հիսուսին թաղելու մասին:

Պատասխան. Այո՛, Հոբ երանելին է գրում. «Եվ Ինքը դեպի գերեզման ուղղվեց, անքուն անցկացրեց» (Հոբ ԻԱ 32):

Հարց. Հետո ի՞նչ եղավ Հիսուս:

Պատասխան. Լույս կիրակի գիշերը մեծ ցնցումով հարություն առավ:

Հարց. Գերեզմանի մեջ քանի՞ ժամ մնաց:

Պատասխան. Մոտ երեսուներեք ժամ մնաց, որ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերն էր ընդգրկում:

Հարց. Եթե մարմինը գերզմանում էր, ապա Հոգի՞ն որտեղ էր:

Պատասխան. Հոգին դժոխք իջավ և այնտեղ գտնվող հոգիներին քարոզեց երեսուներեք ժամ:

Հարց. Դա որտեղի՞ց է հայտնի:

Պատասխան. Պետրոս առաքյալն է վկայում. «Նա թեպետև մարմնով մեռավ, բայց կենդանի է Հոգով, որով և գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին» (Ա Պետրոս Գ 18-19):

Հարց. Քարոզելուց հետո ի՞նչ արեց:

Պատասխան. Ադամի սկզբնական մեղքի պատճառով դժոխքի մեջ արգելափակված նահապետներին, մարգարեներին ու բոլոր արդարների հոգիները ազատեց:

Հարց. Որտեղի՞ց է հայտնի նրանց ազատվելը:

Պատասխան. Ահա՛, նախ Զաքարիան է գրում, ինչպես որ սկզբից ասացինք. «Դու Քո Արյան խոստումով բանտում կապվածներին արձակեցիր»: Եվ Մատթեոսն է գրում. «Գերեզմանները բացվեցին, և ննջեցյալ սրբերի բազում մարմիններ հարություն առան» (Մատթեոս ԻԷ 52):

Հարց. Նախապես գրվա՞ծ էր Հիսուսի հարություն առնելը:

Պատասխան. Այո՛, Դավիթ մարգարեն է գրում. «Աստված հարություն պետք է առնի, ու Նրա թշնամիները պետք է ցրվեն» (հմմտ. Սաղմոս ԿԷ 1):

Հարց. Որտեղի՞ց հայտնի դարձավ Հիսուսի հարություն առնելը:

Պատասխան. Մարիամ Մագդաղենացին այն կիրակի օրը՝ վաղ առավոտյան, գերեզման գնաց և տեսավ, որ գերեզմանի վրայի քարը մի կողմ են շրջել, և Հիսուսի մարմինն այնտեղ չէ: Նա սկսեց անմխիթար սգով լալ: Այդ միջոցին հանկարծակի ճերմակ շորերով երկու հրեշտակ երևացին և ասացին նրան. «Ո՛վ կին, դու ինչո՞ւ ես լալիս և ո՞ւմ ես փնտրում»: Այնտեղ ուրիշ կանայք էլ կային, նրանց էլ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մեջ եք փնտրում: Այստեղ չէ, այլ հարյավ» (Ղուկաս ԻԴ 5):

Հարց. Հարություն առնելուց հետո աշակերտներին երևա՞ց:

Պատասխան. Այո՛, այդ կիրակի առավոտյան աշակերտները գնացին Գալիլիա: Հիսուս այնտեղ էր: Երբ տեսան Նրան, ոտքերի մոտ խոնարհվեցին, երկրպագեցին և շատ ուրախացան: Ոմանք էլ կասկածի մեջ էին, թե արդյոք Նա է: Այսպես երբեմն աշակերտներին երևում, մխիթարում և խրատում էր մինչև քառասուն օր:

Հարց. Ի՞նչ արեց քառասուն օր հետո:

Պատասխան. Երբ լրացավ քառասուն օրը, աշակերտներին տարավ Ձիթենյաց լեռ: Այնտեղ շատ պատվերներ տալուց հետո ասաց. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես Հայրը Ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր, և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս ԻԸ 18-20): Եվ այս ամենից բացի պատվիրեց, որ մինչև Սուրբ Հոգին իրենց վրա չիջնի, Երուսաղեմից դուրս չգան և ուրիշ տեղ չգնան:

Հարց. Սուրբ Հոգին ինչո՞ւ պիտի գար:

Պատասխան. Հիսուս սկզբից խոստացել էր, թե ձեզ տված Իմ բոլոր պատվերները բոլորը չեք հիշի: Երբ Ես գնամ, Սուրբ Հոգին կուղարկեմ, որ գա ձեզ հիշեցնի Իմ սովորեցրածները: Նաև կմխիթարի ձեզ, կփարատի ձեր տրտմությունը և մանավանդ ձեր վախը կվերացնի ու սրտներդ կամրացնի: Դրա համար պատվիրեց Երուսաղեմից չհեռանալ մինչև Սուրբ Հոգու գալը:

Հարց. Հետո ո՞ւր գնաց Հիսուս:

Պատասխան. Այս պատվերներն աշակերտներին տալուց հետո նրանց օրհնեց, երկինք համբարձվեց և Հայր Աստծու աջ կողմը նստեց (Մարկոս ԺԶ 19):

Հարց. Հիսուսի համբարձման մասին նախապես գրված կա՞ր:

Պատասխան. Այո՛, Դավիթ մարգարեն գրում է. «Աստված բարձրացավ օրհնությամբ, և մեր Տերը՝ շեփորի ձայնով» (Սաղմոս ԽԶ 6):

Հարց. Աշակերտներն այդ միջոցին ի՞նչ արեցին:

Պատասխան. Գլուխները բարձրացրել, դեպի երկինք էին նայում, մինչև որ Հիսուս ամպի մեջ մտավ: Հետո մարդու կերպարանքով երկու հրեշտակ երևացին ճերմակ զգեստներով և ասացին. «Ո՛վ գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում եք երկնքին. այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրա երկինք գնալը» (Գործք Ա 11):

Հարց. Աշակերտները հետո ո՞ւր գնացին:

Պատասխան. Ձիթենյաց լեռից իջան, եկան, մտան Վերնատուն և տաս օր այնտեղից դուրս չեկան:

Հարց. Հիսուս կատարե՞ց իր խոստումը:

Պատասխան. Այո՛, տասներորդ օրը՝ կիրակի առավոտյան երրորդ ժամին, երբ աշակերտները միասին նստած էին Վերնատանը. «Հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն, սաստիկ հողմից եկած ձայնի նման և լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ՝ նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին էր նրանց խոսել տալիս» (Գործք Բ 2-4):

Հարց. Հետո ի՞նչ արեցին աշակերտները:

Պատասխան. Իսկույն վախը հեռացավ նրանցից և այդ ժամանակվանից Հիսուսի ով լինելը հաստատապես հասկացան: Բայց ի՞նչ օգուտ, որ Նա արդեն համբարձվել էր: Ուստի այնքան սրտները վառվեց Հիսուսի հանդեպ եղած սիրուց, որ կարծես բացականչում էին. «Հիսուսի համար պատրաստ ենք մեռնելու. եթե սպանող կա, թող գա»:

Հարց. Եթե դրանից առաջ չէին հասկանում Հիսուսի Ով լինելը, ապա ինչո՞ւ Նրան աշակերտեցին:

Պատասխան. Թեպետ հասկացել էին, բայց դեռ հավատը թերի էր: Այս պատճառով չէին ուզում Հիսուսի համար մեռնել, ինչպես որ մատնության գիշերը ցույց տվեցին՝ Հիսուսին թողնելով և փախչելով: Սակայն Սուրբ Հոգին ընդունելուց հետո ամենևին չվախեցան նահատակվել ի սեր Քրիստոսի: Ուրեմն Հիսուսի Ով լինելը նրանք լավ հասկացան Սուրբ Հոգու իջնելուց հետո միայն:

Հարց. Նախապես գրվա՞ծ էր Սուրբ Հոգու իջնելու մասին:

Պատասխան. Այո՛, Հովել մարգարեն է գրում. «Սրանից հետո Իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա, և կմարգարեանան ձեր տղաներն ու աղջիկները» (Հովել Բ 27):

Հարց. Հետո ի՞նչ արեցին աշակերտները:

Պատասխան. Իրարից բաժանվեցին և գնացին, ամբողջ աշխարհում քարոզեցին Աստծու Ավետարանը և Երկնքի Արքայությունը: Հիսուսի կամքը և պատվիրանները բոլոր ժողովուրդներին հասկացրեցին: Իրենց քարոզչություններն ընդունող և Հիսուսին հավատացողներին առաջին անգամ անվանեցին քրիստոնյա Անտիոք քաղաքում: Սա լրացումն է քրիստոնյա անվան վերաբերյալ տրված առաջին հարցիդ: Ահա այս է քրիստոնյա անվան սկիզբը:

Հարց. Աշակերտնե՞րն էլ հրաշք գործեցին:

Պատասխան. Այո՛, Հիսուսի անվամբ: Կաղերի քայլեցրին, դիվահարների բժշկեցին, մեռելներ ողջացրին, բորոտների մաքրեցին, և այս ամենից զատ՝ մինչև անգամ Պետրոսի ստվերը և Պողոսի երեսի քրտինքը սրբած թաշկինակը հրաշք էին գործում (տե՛ս Գործք Ե 13 և ԺԹ 12):

Հարց. Հետո ի՞նչ եղան աշակերտները:

Պատասխան. Բոլորն էլ, Հիսուսի սիրո համար բազմաթիվ չարչարանքներ կրելով, մեռան հրեաների և հեթանոսների ձեռքով:

Հարց. Հիսուսի համար ինչո՞ւ են մեռնում աշակերտները:

Պատասխան. Հիսուսի մոտ գնալու համար, ինչպես սկզբից Հիսուս էր ասել. «Եթե մեկն Ինձ ծառայի, Իմ հետևից կգա: Եվ ուր Ես եմ, այնտեղ կլինի և Իմ ծառան» (Հովհաննես ԺԲ 26): Հիմա հասկացա՞ր Քրիստոսի Ով լինելը, Նրա մասին էր, որ սկըզբից պատմեցինք: Քանզի Ինքն Աստված է, և մեզ սատանայի գերությունից ազատելու համար աշխարհ եկավ ու մարմին առավ:

Հարց. Եթե մարմին չառներ, չէ՞ր կարող մեզ ազատել:

Պատասխան. Կարող էր: Բայց Եսայի մարգարեն գրում է. «Ո՞վ իմացավ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձավ Նրան» (Եսայի Խ 13): Աստծու խորհուրդը մեր մտքից վեր է, մենք չենք կարող քննել այն: Բայց այնքան ենք հասկանում, որ աշխարհ եկավ մարդկանց հետ խոսելու և երկնքի թագավորությունը քարոզելու համար: Եթե մարմնով չգար, մահկանացու մարդկանցից ո՞վ կարող էր Նրան տեսնել կամ հետը խոսել: Ինչպես երեք աշակերտներին՝ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին վերցրեց ու բարձրացավ Թաբոր լեռը և այնտեղ պայծառակերպվեց և Իր Աստվածային փառքը ցույց տվեց նրանց: Մովսեսը և Եղիան էլ երևացին և խոսում էին Հիսուսի հետ: Իսկ Պետրոսը և մյուսները Հիսուսի Աստվածային փառքը որ տեսան, զարհուրեցին ու երեսի վրա գետին ընկան և չկարողացան Հիսուսի հետ մի բան իսկ խոսել: Եվ երբ որ այն Աստվածային փառքը մարմնով ծածկեց, այդ ժամանակ միայն Պետրոսը կարողացավ Նրա հետ խոսել ու ասել. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք. եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ Քեզ համար, մեկը՝ Մովսեսի և մեկն էլ՝ Եղիայի» (Մատթեոս ԺԷ 4):
Եղբա՛յր, եթե այսքան խոսքերով չկարողացար հասկանալ, վախենամ՝ մեր աշխատանքը իզուր անցնի:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...