11.11.17

ՀԻՆԳ ԸՆԿԵՐ

- Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, չո՛րս,- հաշիվը տալով՝ ուսերին առան պատգարակը։
Առջևից քայլում էին երկու երիտասարդները, հետևի երկուսը Ղևին ու բժիշկն էին։

Կափառնաումի չոր ու անջրդի փողոցներում, որտեղ միշտ կարելի է ականատես լինել ավազի խորշակապարին, միտքդ անընդհատ նույն բառն է կրկնում՝  ստվեր, ստվեր, ստվեր ... Ո՛չ ծառ, ո՛չ թուփ, ոչ մի բարձրաշեն հյուղակ. ոչ մի ստվեր... 
Հակառակ արևի տապին, չորսը՝ պատգարակն ուսերին, անհամաչափ քայլքով շտապում են դեպի մոտակա թաղամասը՝ մերթընդմերթ սրբելով արևից սևացող ճակատները։ Ամենից տառապալիցը հինգերերդի վիճակն է, նրա, որ պատգարակի մեջ է. թեև առանձնահատուկ ջանքեր չի գործադրում, պառկած է, սակայն անդմալույծի անկարողությունն ասես պարանոցից կախված հավելյալ ծանրություն լինի։ Տպավորություն է, թե գլուխը մարմնից անջատվել է, անզոր տարուբերվում է քայլերթին համընթաց, և անդամալույծն ինքն իրեն մահճի մի մաս է կարծում... Մի  քանի տասնամյակ է, ինչ միայն մտովի է պատկերացնում իր ինքնուրույն տեղաշարժը։ Ահա, արթնացավ աքլորականչից առաջ, ձեռքերը գլխից վեր երկարելով քարկապեց մատներն ու օձի նման գալարվեց հարդի ցողունների մեջ, ապա ոտքերի ծայրի վրա բարձրանալով  իսկույն բացեց առավոտյան պաղը պարսպած երդիկի մուտքը, ներծծեց թարմ օդն ու մթնշաղը ճեղքելով վազեց դեպի աղբյուրը՝ իր չարաճիճիությամբ արթնացնելով հարևանների շներին։ Զուլալ ջրին զարկվելիս ձեռքերը թարմացնող ճողփյունով վերարթնություն բերեցին զգայարաններին... բայց իրականությունը մահճի մեջ է՝ անօգնական, անդմալույծ։ Հիմա արևի ճառագայթների ուղիղ նետահարման տակ, բերանը կիսաբաց, անհնազանդ գլուխն է տարուբերում՝ փորձելով օդից խոնավություն քամել պապակած կոկորդի համար։
Պատգարակակիրները ասես չեն էլ նկատում, որ իրենց ձեռքերի մեջ կիսամեռ մեկն է. հույսով լեցուն հայացքները հառած առաջ շտապում են, շատ են շտապում, հնարավորինս շրջանցելով փորձության պես ճանապարհին հայտնվող ժայռաքարերն ու մացառները։

- Ասում եմ ձեզ,- հիացած պատմում էր բժիշկը,- գրեթե հասել էինք դարպասների մոտ։ Դե... թաղում էր, թափոր, ինչպես միշտ լաց ու կական։ Մայրն իսկապես շատ էր տանջվում. միակ զավակն էր։ Մի քանի ամիս կռիվ տվեցի համառ հիվանդության դեմ, բայց անիծյալ մահը ինձանից զորեղ դուրս եկավ։ Երբ Տերը կնոջը տեսավ, խղճաց նրան և ասաց. «Մի՛ լար»։ Մոտենալով դագաղին դիպավ։ Դագաղը տանողները կանգ առան։ Եվ նա ասաց.
 -Քե՛զ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց։
 Մեռելը վեր կացավ, նստեց և սկսեց խոսել։ Եվ Հիսուս նրան մորը տվեց[1]։ Մարդիկ  ափիբերան մնացին. վախը, հիացմունքը, հրաշքի և իրականության բախումը, այս բոլորը խառնվել էին իրար...
- Քո բժշկությունն ու դարմանները միշտ էլ անօգուտ են եղել, բժի՛շկ,- Ղուկասի խոսքը կտրեց անդամալույծը.- հաշիվս էլ եմ կորցրել, թե քանի՜ տարի է, որ պառապանքներիս գումարել ես քո այդ անօգուտ, անհասկանալի ու զզվելի դարմանները։ Ի՞նչ օգուտ։
- Ի՞նչ ասեմ, իրավունք ունես... տառապանքներիդ վերջնական հանգիստ չկարողացա տալ, բայց այս պատմածս էլ քեզ համար վառ ապացույց է, որ ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է[2]։
- Բուժողը միանգամից կբուժեր,- ռունգերի մեջ կամացուկ արտաբերեց անդմալույծը,- ուրեմն ի՞նչ,- բղավեց հանկարծ,- Աստված այսքան տարի ուշացնում է բժշկումս, որ ես տառապե՞մ. այս ի՜նչ դաժան Աստված է։
Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անվանը կհավատան[3],- հոգոցախառն ընդմիջեց Հովհաննեսը։
- Լսի՛ր, տարիքիդ չափ այս անիծյալ անկողնուն եմ գամված և դու դեռ խոսում ես նրան հավատալո՞ւ մասին։ Գոնե հասկանո՞ւմ ես, թե ինչպիսի ատելություն է մեջս ծնել ցավը, տառապանքը, անօգնականությունը... Որտեղ՞ց հասկանաս... Աստված մի արասցե երբևէ ապրես այդ զգացումը։
- Անհավատ ես ձևանում, բայց նորից Աստծո անունն ես տալիս,- քմծիծաղեց մյուս երիտասարդը՝ Մարկոսը։
- Լսե՛ք, խոսքներդ մեկ եք արե՞լ... Այո՛, ժամանակին օրինակելի մեկն էի, Տաճար էի գնում, աղոթք անում, ծոմ բռնում ու տասանորդ տալիս քահանաներին... բայց Աստված այդ չհասկացավ։
- Իսկ դա հավա՞տք է։
- Հապա՞... Օրենքը պիտի հայհոյե՞ս։
- Օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և Ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան[4]։
- Օսեեն լավ է ասել. «Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ»[5],- վերջապես խոսեց Ղևին․
- Ես շատ էի լսել նրա մասին. քանի՜ անգամ ճիշտ դիմացովս անցել էր, քանիցս հեռվից լսել էի նրա իմաստուն խոսքերը, իսկապես ուսուցանում էր ինչպես մեկը, որ հեղինակություն ունի և ոչ թե՝ ինչպես օրենսգետները[6]։ Նրա խոսքը մխրճվեց սրտիս ու մտքիս մեջ, բայց դե... մաքսավոր էի, մեղավոր, դրամասեր, ագահ հարստահարող մի մարդ. ներվելու, փոխվելու, ավելի լավը լինելու ոչ մի հեռանկար։ Այո՛, մեղավոր էի, ինչպես ոչ ոք, և ինձ անարժան էի համարում նրա քարոզած Արքայությանը։ Հաճախ խեղդում էի խիղճն իմ մեջ, հաճախ մտովի կռիվ էի տալիս Նրա խոսքերի հետ, արդարացումներ էի փնտրում ինքս ինձ համար, իսկ անկեղծության պահերին Տաճարի մի անկյուն քաշված կուրծքս էի ծեծում ու խնդրում. «Աստվա՜ծ ների՛ր մեղավորիս»։
- Ճի՜շտ է, Վարդապետը պատմել է այդ մասին,- մանկական հիացմունքով բացականչելով, միջամտեց Ղուկասը։
- Մի օր, սակայն,- կարծես չնկատելով ընկերոջ միջամտությունը, շարունակեց Ղևին,- Նազովրեցին ինքը մոտեցավ մաքսատան իմ սեղանին... Երեք բառ ասաց ինձ միայն. «Իմ հետևից արի՛»... Ինձ՝ մեղավորիս, ախտավորիս, օրենքով դատապարտվածիս, կանչեց իր հետևից։  
Հենց այդպես թողեցի ամեն ինչ՝ դրամ, մուրհակներ, ունեցվածք ու գնացի։ Նույն օրը հրավիրեցի բոլոր ծանոթ-անծանոթներիս՝ պատվելու Վարդապետին։ Ուրախությունս անմեկնելի էր, ասես վերստին ծնված լինեի։
- Մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց...[7], - խոսքին նորից միջամտեց բժիշկը։
- Հովհաննե՛ս, դու էլ կայիր, հիշո՞ւմ ես,- երիտասարդին դիմեց մաքսավորը, բայց չսպասելով պատասխանին, շարունակեց.- հրավիրվածներից ոմանք, երբ ինձ ու Հիսուսին իրար կողքի բազմած տեսան, իրար խառնվեցին ու հարցնում էին եղբայրներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»։ Իսկ Հիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիվանդներին։ Գնացե՛ք, սովորեցե՛ք, թե ինչ է նշանակում՝ ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղավորներին[8]։ 
- Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին,- ինքնաբերաբար կրկնեց անդամալույծը։
- Այո՛, դու պիտի լավ ըմբռնես՝ մեղքը հիվանդություն է, հոգու հիվանդություն, մարմնիդ ցավն ու տառապանքը հոգուդ ախտից է, միայն նա՝ հավիտենական Բժիշկը, կարող է քեզ մաքրել, միայն թե ճշմարտապես հավատաս նրան, անկեղծորեն ապաշխարես մեղքերիդ համար ու ապավինես Աստծո ողորմությանը։ Ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծու բարկությունը[9]։ Նա իսկ է կյանքը և լույսը, որ մահվանից կենդանության և խավարից դեպի լույս է առաջնորդում։
Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛,- ասես քնից վեր թռած բացականչեց Մարկոսը,- որդեկորույս ժողովրդապետին «Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛» ,-ասաց Վարդապետը, և հավատքը փրկություն բերեց։ Կեփասը պատմեց, որ երբ հասան ժողովրդապետի տուն, աղջիկն արդեն մահացած էր, և հեռու-մոտիկ մարդիկ միաձայն մեծ ողբ էին կապել։ Ներս մտնելով՝ Հիսուս նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովված ու լաց եք լինում. մանուկը մեռած չէ, այլ ննջում է»։ Սակայն նրանք ծաղրում էին նրան։ Իսկ նա, ամենքին դուրս հանելով, վերցրեց իր հետ մանկան հորն ու մորը և նրանց, որ իր հետ էին, և մտավ այնտեղ, ուր պառկած էր մանուկը։ Եվ բռնելով մանկան ձեռքից՝ ասաց նրան՝ Տալի՛թա, կո՛ւմի, որ նշանակում է՝ աղջի՛կ, դո՛ւ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց։ Եվ աղջիկը իսկույն վեր կացավ ու քայլում էր[10]։
- Ես դեռ մեռած չեմ,- կեսկատակ խոսեց անդամալույծը,- բայց դուք իսկապես հավատում եք, որ ի՞նձ էլ կարող է այդպես անել։
- Այո՛, հավատում ենք ու չենք կասկածում. թող Տերն օգնի քո անհավատությանը,- միաբերան հաստատեցին ուղեկիցները։

Հեռվում նշմարվեց տունը, որտեղ իջևանել էր Վարդապետը։ Շուրջբոլորը մարդկանց խայտաբղետ ամբոխն էր ու կատարյալ լռություն։ Խաղաղություն...

- Մի փոքր էլ համբերի՛ր, ամեն բան լավ է լինելու։
- Համբերե՞մ.... ատում եմ այդ բառը, որքա՞ն... մինչև մեռնե՞մ։
Ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի[11],- խոսեց Մատթեոսը,- երբեմն հիվանդությունն ու ցավը պետք են  մարդուն համբերություն սովորեցնելու համար։
- Երբեմն էլ Աստծո գործերի փառքը հայտնի անելու համար[12],- հավելեց Հովհաննեսը։
- Հո՞բն եմ, ի՞նչ է։
- Գուցե փորձություն է այսքան տարիներիդ տառապանքը, և եթե սատանան է Աստծո առաջ փորձում հավատքդ ու հավատարմությունդ... վաղուց հանձնվել ու տանուլ ես տվել այս պայքարը՝ թույլ տալով նրան, Արարչիդ առաջ հպարտագլուխ  հոխորտալ։

Մարկոսի այս խոսքերից հետո րոպեական լռություն տիրեց. տպավորություն էր, թե անդամալույծն աղոթում է։ Լռությունը կտրեց Ղուկասը.
-Դեռ դու Հոբից բախտավոր ես. քեզ միայն մարմնի ցավ է բաժին ընկել, խեղճ Հոբը դրա հետ մեկտեղ ճաշակեց հոգու ցավը՝ զավակների կորուստն ու մահը, դու առողջությունդ ես կորցրել, երանելին առողջության հետ ունեցվածքն էլ կորցրեց...
- Դու, բախտավոր ես, կին չունես, իսկ Հոբի բախտը կարծես կնոջ հարցում այդքան էլ չեր բերել,- կատակեց Մարկոս-Հովհաննեսը և հինգ ընկերները սկսեցին քրքջալ։
- Ընկերներիդ հարցում, սակայն, Հոբին կարող ես հասնել,- քրիջը կրկնապատկեց Ղուկասը,- մենք...- չկարողանալով ծիծաղը սանձել, շնչակտուր, հատ-հատ արտաբերեց բառերը,- մենք... հավատում ենք... որ... որ... Հիսուսը կփրկի քեզ։

Բոլորին վայրկենապես  պատեց լրջությունը։ Անդամալույծը, ասես մոռացած անասելի ցավերը, աննշան վեր բարձրացրեց գլուխը՝ տեսնելու փրկության փարոս դարձած կացարանը։

- Գիտե՞ս, հիվանդին միշտ թվում է, թե իր ցավն ամենաուժեղն է, մինչդեռ... Հոբը Աստծուն չհայհոյեց,- խոսքն ավարտեց Ղուկասը։
- Այն դժվարին ճանապարհը, որ անցել ես, քեզ համար ոչ թե բողոքի, հուսահատության, անկումի և պարտության ուղի պիտի լինի, այլ՝ զղջումի, ինքնամաքրման, կյանքի խոտանը մաքրելու և որպես նոր մարդ՝ հոգով զորացած Աստծո առջև կանգնելու, որովհետև ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անվանը կհավատա
ն[13]։
- Հիմա մեկ ընտրություն ունես ա՛յս ճանապարհի վրա, որ երբ հասնենք Վարդապետին, Տիմեի կույր որդու նման աղաղակես. «Դավթի՛ Որդի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ», ու պիտի ստանաս որպես պատասխան. «Գնա՛, քո հավատը քեզ փրկեց»[14]։

Եվս մի քանի րոպե և ընկերները հասան ամբոխին, որն այնպես էր փակել տուն տանող մուտքը, որ անհնար էր մոտենալ։ Եվ երբ ամբոխի պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին երդիկը այն տան, ուր գտնվում էր նա. և բացելով առաստաղը, իջեցրին այն մահիճը, որի մեջ էր անդամալույծը։ Եվ Հիսուս, տեսնելով նրանց հավատը, անդամալույծին ասաց. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»։
 Օրենսգետներից մի քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորհում էին. «Այս ի՞նչ է խոսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ՝միայն Աստված»։ Եվ Հիսուս իր հոգում իմացավ, որ այնպես են խորհում իրենց մտքում. ուստի ասաց. «Ինչո՞ւ ձեր մտքում այդ եք խորհում. ո՞րն է ավելի դյուրին. անդամալույծին ասե՞լ՝ քո մեղքերը քեզ ներված են, թե՞ ասել՝ վե՛ր կաց, ա՛ռ մահիճդ և գնա՛ քո տունը։ Բայց որպեսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի ներելու մեղքերը, - ասաց նա անդամալույծին, - քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը և գնա՛ քո տունը»։ Եվ վեր կացավ ու անմիջապես վերցնելով մահիճը՝ բոլորի առաջ դուրս ելավ, այնպես որ ամենքը զարմացան և փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չենք տեսել[15]»։


Հուսիկ քհն.

(2017)
_____________________
[1] Ղուկ. 7։13-15
[2] Ղուկ. 18։27
[3] Հովհ. 1։11-12
[4] Հովհ. 1։17
[5] Մատթ. 9։13
[6] Մատթ. 7։29
[7] Ղուկ. 12։24
[8] Մատթ. 9։11-13
[9] Հովհ. 3։36
[10] Մարկ. 5։35-42
[11] Մատթ. 10։22
[12] Հովհ. 9։3
[13] Հովհ 1։12
[14] Մարկ. 10։47-52
[15] Մարկ. 2:4-12

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...