3.4.17

ԹՈՂ ՏԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԻ ՄԵՐ ԾԱՌԱՅԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ - ՄԵԾ ՊԱՀՔ (oր 36)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ Դան. 7:2-27, Ա Կորնթ. 12:1-7, որ  կարող ենք կարդալ այստեղ:


Քրիատոնեական կյանքը, սիրելիներս, գործնականացված հավատքի կյանք է։ Ապրել այդ կյանքը հնարավոր է միմիայն ծառայասիրությամբ։ Շատ շատերն, այսօր, ձգտում է ոչ թե ծառայելու, այլ ծառայեցնելու, ոչ թե օգտակար դառնալու այլ օգտագործելու ուրիշների ստեղծածը։ Քրիստոնյա մարդու կյանքում այս անհամատեղելի է, հատկապես եկեղեցու մեջ։ Մենք ամենքս կոչված ենք լինելու ընտանիք, քույրեր ու եղբայրներ եւ ոչ թե տերեր ու ծառաներ։ Այն ինչ պիտի տեղի ունենա Քրիստոսի եկեղեցու մեջ, պետք է ծառայի Տիրոջ փառքին ու արքայությանը։ Դրա համար Պողոս առաքյալն օրվա ընթերցվածի մեջ ասում է. 
«Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում» (Ա Կորնթ. 12:5)։
Ամեն մարդ ձգտում է ՊԱՇՏՈՆյա լինելու ՊԱՇՏՈՆ զբաղեցնելու եւ բանեցնելու, որպեսզի մյուսները ծառայեն իրենց։ Հետաքրքիր է, սակայն, որ հայոց լեզվի մեջ ՊԱՇՏՈՆ բառն իր բուն նշանակությամբ նշանակում է ծառայություն, իսկ ՊԱՇՏՈՆյա՝ ծառայություն մատուցող։

Հիշո՞ւմ եք, թէ ինչ արեց մեր տերը իր խաչելությունից մի քանի ժամ առաջ. նա, հակառակ աւանդական սովորության ծնկեց իր աշակերտների առաջ եւ որպես ծառա լվաց նրանց ոտքերը՝ ասելով. «Գիտէ՞ք, թէ այդ ինչ արեցի ձեզ։ Դուք ինձ Վարդապետ եւ Տէր էք կոչում. եւ լաւ էք անում, քանի որ իսկապէս ե՛մ. իսկ արդ, եթէ ես՝ Տէրս եւ Վարդապետս, լուացի ձեր ոտքերը, դուք էլ պարտաւոր էք միմեանց ոտքերը լուանալ. որովհետեւ մի օրինակ տուի ձեզ, որ, ինչպէս ես ձեզ արեցի, դուք էլ նոյն ձեւով անէք» (Հովհ. 13:13-15): 

Օրինակ վերցնելով մեր Տիրոջից՝ աղոթենք այսօր, որպեսզի Աստծո օգնականությամբ առատացնենք մեր մեջ քրիստոնեական ծառայասիրությունը եւ օրհնենք Աստծուն մեր գործերով, որ ծառայասիրությամբ անում ենք հանուն մեր ազգի, եկեղեցու եւ մեր Տիրոջ։

Այսօր աղոթենք Դավթի 99-րդ սաղմոսով (որ կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ), որը ընթերցողների առավելաբար ծանոթ է Սուրբ Պատարագից։

Օրհնվեք...


0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...