7.4.17

ԲԱՐԵԽՈՍԱԿԱՆ ԱՂՈԹՔ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 40)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումները, որոնք կարող ենք կարդալ այստեղ, բավական առատ են, քանի որ այսօր՝ Ապրիլի 7-ը լինելով, Սուրբ Աստվածածնի Ավետման տոնն է։ 


Ավետման տոնի մասին ամենայն մանրամասնությամբ կարող եք կարդալ մեր՝ ԱՎԵՏՈՒՄ՝ ՏՈՆ ՄԱՅՐԵՐԻ հոդվածի մեջ։ Իսկ այսօրվա աղոթքը ի պատիվ Սուրբ Աստվածամոր կլինի բարեխոսական, քանի որ Սրբուհին համարվում է Եկեղեցու մեծագույն սուրբն ու առաջին բարեխոսը։ Հետաքրքրական է Զաքարիայի մարգարեությունը Սուրբ Աստվածածնի մասին, ուր որ ընդգծվում է Սրբուհու ողջ մեծությունը.
«Խնդա՛ եւ ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կգամ եւ կբնակուեմ քո մէջ,– ասում է Տէրը,– եւ այդ օրը շատ ազգեր կապաւինեն Տիրոջը, նրա ժողովուրդը կդառնան ու կբնակուեն քո մէջ: Երբ դա պատահի, դու կիմանաս, թէ Ամենակալ Տէրն ուղարկեց ինձ քեզ մօտ:» (Զաք. 37։10-11)։
Մարգարեական այս տողերի ամբողջական արտահայտությունն ենք գտնում Ղուկասի Ավետարանի մեջ (Ղուկ. 1։26-38)։ 
Ի՞նչ է բարեխոսական աղոթքը և ո՞րն է դրա իմաստը։ Քրիստոսի եկեղեցին աստվածաբանորեն բաղկացած է իրար հետ անբաժանելիորեն կապված 2 բաժիններից։ Առաջին բաժինը կոչվում է մարտնչող եկեղեցի, որի կազմի մեջ ենք մենք, որ աղոթքով, պահքով, հոգևոր կատարելագործումով պայքարում ենք փրկության թագը վաստակելու և սատանային հաղթելու համար։ Երկրորդ բաժինը հաղթանակած եկեղեցին է, որի մեջ մտնում են բոլոր նրանք, ովքեր արդեն վաստակել են փրկության պսակը և սրբադասվելով Աստծո աջակողմում են բազմել։ Հաղթանակած այս եկեղեցու մեջ առաջնային կարևորություն ունի Տիրոջ մայրը։ Հասկանալով և ընդունելով մարտնչողներիս և հաղթանակածների հոգևոր կապը, շատ քրիստոնյաներ աղոթքով և խնդրանքով հաճախ դիմում են Սուրբ Կույսին կամ մյուս սրբերին, աղաչելով նրանց միջնորդությունը Աստծո առջև, որովհետև Հակոբոս Առաքյալն ասում է. «Արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է» (Հակ. 5։16)։

Եթե անկեղծ լինենք, սիրելիներ, հաճախ է պատահում, որ մենք մեզ այնքան նվաստ ու մեղքերով ընկած ենք համարում, որ չենք էլ համարձակվում մեր հայացքները բարձրացնել դեպի երկինք և Աստծո հետ խոսել աղոթքով (խոսքս հուսահատության մասին չէ, անշուշտ)... Այս պահերին է, հատկապես, որ մենք պետքությունն ունենք օգնության այն մարդկանց, ովքեր արդար ու սուրբ են Աստծո առջև, գտնվում են դեմ-հանդիման Սուրբ Երրորդությանը և կարող են օգնել մեզ իրենց բարեխոսությամբ Աստծո առջև։
Թող Սուրբ Կույս Մարիամը բարեխոս լինի մեր, մեր ընտանիքների, մեր հարազատների և ողջ հայ և քրիստոնյա ժողովրդի համար այժմ և հավետ։

Այսօր աղոթենք Առավոտյան ժամերգության՝ Սուրբ Աստվածածնի նվիրված մեկ աղոթքով,  որ կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ և ավարտենք Սուրբ Շնորհալու Հավատով Խոստովանիմի վերջին աղոթքով։


Փառավորյա՛լ Տեր, ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները 
և ի բարի՛ կատարիր իմ խնդրվածքները՝ 
բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի
 և Հովհաննես Մկրտչի և սուրբ Ստեփանոս Նախավկայի
 և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի 
և սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, 
մարտիրոսների, հայրապետների, ճգնավորների, 
կույսերի, միանձանց և Քո բոլոր երկնավոր և երկրավոր սուրբերի. 
և Քեզ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, 
փա՜ռք և երկրպագություն հավիտյանս հավիտենից. ամեն:

Հ.Գ. Այսօր լրանում է մեր աղոթական խորհրդածությունների 40-րդ օրը, ուստի վաղը, հիշատակելով Ղազարոսի Հարությունն ու Կիրակի օրը՝ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), այնուհետ ոտք պիտի դնենք Քրիստոսի Չարչարանքների Ավագ Շաբաթ։
Այսպիսով սա մեր վերջին գրառումն է Մեծ Պահքի քառասնորդական այս շրջանի համար։ Հաճելի էր մեզ աղոթական միասնության մեջ գտնվել ձեզ հետ անցնող 40 օրերի ընթացքին և լիահույս ենք, որ փոքրիկ հոգևոր օգուտ քաղեցիք մեր այս համեստ աշխատանքից։ Տա Աստված, որ առաջիկա Ավագ Շաբաթը առավել ևս անցկացնեք պահքով, ծոմով և հոգևոր զորացմամբ և սրբված ու մաքրված դիմավորեք Տէր Հիսուսի Հարության տոնը։

Օրհնվեք...

1 արտահայտվիր:

Varduhi комментирует...
08.04.2017, 22:51

Շնորհակալություն!!!

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...