1.4.17

ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ ՄԵՂՔԵՐԻՑ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 34)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ Իմաստ. 15։2-22, Միք. 7։7-10, Փիլիպպ. 1։12-21, Մատթ. 16։24-28,  որ  կարող ենք կարդալ այստեղ:


Հաճախ, երբ քրիստոնյաներս փոքր ինչ առաջանում ու զորանում ենք մեր քրիստոնեական կյանքի մեջ, թյուրիմացաբար կարծում ենք, թե այլևս անմեղ ենք ու անսայթաք։ Սակայն նման միտքն իսկ հիանալի գործիք է սատանայի ձեռքերում մեզ հպարտության ու մեծամտության մեջ ներքաշելու և գցելու այն հարաբերական բարձունքից, որին հասել էինք։ Չմոլորվենք, սիրելիներ, ամենահայտնի սրբերն անգամ սայթաքել են և մեղանչել, սակայն երբեք չեն հուսահատվել, այլ ապաշխարությամբ ներվելով Աստծուց՝ նորից ոտքի են կանգնել։ Ահա թե ինչ է ասում Միքիա մարգարեությունն այս առթիվ. 
«Սակայն ես Տիրոջը կսպասեմ, կսպասեմ իմ փրկիչ Աստծուն, եւ իմ Տէր Աստուածը կլսի ինձ: Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թէ գլորուեցի, նորից կկանգնեմ, քանի որ եթէ խաւարում նստեմ, Տէրն է իմ լոյսը: Քանի որ մեղանչեցի Տիրոջ դէմ, համբերութեամբ կտանեմ նրա բարկութիւնը, մինչեւ որ նա արդարացնի իմ դատաստանը, իրաւունք տայ ինձ, ինձ հանի դէպի լոյսը, եւ ես տեսնեմ նրա արդարութիւնը: Ինձ կտեսնի իմ թշնամին, եւ ամօթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է քո Տէր Աստուածը»: Իմ աչքերը կտեսնեն նրան» (Միք. 7։7-10)։
Օրինակ վերցնենք Սուրբ Դավիթ Մարգարեից։ Այս թագավորը զազրելի մեղքերի մեջ էր` նախ ցանկասիրությամբ գայթակղվեց ուրիշի կնոջով, ապա խաբեությամբ այդ կնոջ ամուսնուն վտանգի մեջ նետեց, որից հետո իր նենգության արդյունքում այդ մարդը սպանվեց և Դավիթը կենակցեց ուրիշի կնոջ հետ։
Այսքանը բավարար էր, որպեսզի Դավիթն ընկներ անհուսության գիրկը և ինքն իրեն կործանված և անփրկելի համարեր։ Մյուս կողմից էլ կարող էր հակառակ ծայրահեղությունը պատահել և Դավիթը անհոգ ու անփույթ լիներ իր գործած մեղքերի հանդեպ։
Սակայն, հասկանալով իր արարքների ողջ ծանրությունը, թագավորը քուրձ հագավ մոխիր ցանեց գլխին և ապաշխարող սրտով արտասվախառն երգեց իր ամենահայտնի սաղմոսը։ Եվ Աստված ներեց նրան ու անգամ սրբության հասնելու արժանիք տվեց։
Եկ մենք էլ, սիրելի ընթերցող, վերհիշենք մեր մեղքերը՝ լի սրտով զղջանք դրանց համար և Դավթի սաղմոսով (որ կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ) խնդրենք Աստծո ողորմությունը։


Օրհնվեք...

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...