7.3.17

ԱՂՈԹՔ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 9)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները երեքն են՝ Ա Թագ. 1:1:23-2:26Առակներ 2:1-3:10Երեմ. 1:11-2:3
որոնք կարող եք կարդալ այստեղ:

Մեծ պահքի 9-րդ օրն է այսօր և սուրբգրային ընթերցումներից կուզեմ համառոտակի աչքի անցկացնենք Սամվել մարգարեի մոր՝ Աննայի աղոթքից մի տող՝


«Տէրն է սպանում եւ ապրեցնում, իջեցնում գերեզման եւ դուրս բերում այնտեղից» (Հռոմ. 8:31):
Աշխարհիս կարգն այսպես է. այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ՝ վախճան: Ոմանք այն կարծիքին են, որ կյանքը սոսկ կենսաբանական, սկիզբ ունի և նույնպիսի էլ վախճան: Քրիստոնյաներիս համար կյանքի աղբյուրն Աստված է, որ  «շունչ փչելով» հոգի է փչում և կենդանություն է պարգևում մեզ: Եւ ինչպես կյանքի սկիզբը, այնպես էլ այս աշխարհի մեջ կյանքի վերջը  Աստծո ձեռքերի մեջ է: Ի՞նչ է մահը, սիրելիներ: Մահը մարդու հոգու բաժանումն է մարմնից: Տեսանելիորեն մահը վերջ է և վախճան, այո. մարմինը դրվում է գերեզման՝  «հող դառնալու», սակայն հոգին, որ անմահ է, ապրում է հավիտենապես՝ վերադառնալով իր Արարչի մոտ՝ սպասելով մեռյալների հարության օրվան, երբ պիտի հոգին վերամիավորվի մարմնի հետ և ներկայանա վերջին դատաստանին:
Ուրեմն, սիրելիներ, մահը վերջը չէ, այլ երկարատև մի քուն, հոգու և մարմնի ժամանակավոր բաժանում. «Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են» (Ղուկ. 20:38),- ասում է Տեր Հիսուս Քրիստոս:

Եթե Աստծո համար բոլորը ողջ են, ուրեմն և մեր սիրեցյալ ննջեցյալները ևս ողջ են ի Տեր և սպասում են, թե երբ Տերը իրենց պիտի ապրեցնի և դուրս բերի գերեզմաններից:
Եվ քանի որ Աստծո համար բոլորը ողջ են, մենք՝ մարմնով ողջերս չպետք է դադարենք աղոթական հաղորդակցության մեջ գտնվել ննջեցյալ, բայց ողջ ու կենդանի մեր սիրելիների հետ: Այս նպատակով է, որ եկեղեցիներում հաճախակի ննջեցյալների համար կատարում ենք աղոթքներ՝ հոգեհանգիստներ կամ մեռելոց Պատարագներ (ավելի մանրամասն կարդանք մեր այս նյութի մեջ՝ ՄԵՌԵԼՈՑ ՊԱՏԱՐԱԳԻ ԻՄԱՍՏԸ (ի՞նչ օգուտ ունի ննջեցյալի համար արված աղոթքը): 

Եկեք մենք էլ այսօր փառք տանք մեր Աստծուն, որ կյանք տվողն ու կյանքի կոչողն է և աղոթենք ննջեցյալների հոգու հանգստության համար: Թող Աստված ողորմած գտնվի նրանց կամա կամ ակամա մեղքերի հանդեպ և հավիտենական կյանքի կոչի:

Աղոթենք այսօր Սիմեոն Երևանցի կաթողիկոսի՝ ննջեցյալների աղոթքով, որը կարող եք գտնել  մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ Օրհնվեք...

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...