6.3.17

ԱՊՐԵՆՔ ԱՍՏԾՈ ԽՈՍՔՈՎ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 8)




Այսօրվա Աստվածանչյան ընթերցվածքները երեքն են՝ Ա Թագ. 1:1-23, Առակներ 1:2-33, Երեմ. 1:1-10
որոնք կարող եք կարդալ այստեղ:

Այսօրվա ընթերցվածքի մեջ Առակների գիրքը սկսվում է յուրաքանչյուր հայի՝ դեռևս դպրոցից հայտնի առաջին հայատառ նախադասւթյամբ.
«Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ Հանճարի Խօսքերը» (Առակ 1։2):

Շատ կարևոր ու խորիմաստ են այս խոսքերը և, թերևս, պատահական չէ, որ սուրբ թարգմանիչները, հայոց այբուբենի ստեղծվելուց հետո, թարգմանական աշխատանքը սկսեցին հենց այս տողից: 
Նախ այս տողը սկսում է ճանաչողության հորդորով. անհրաժեշտ է ճանաչել, հետևել ամեն տեսակ իմաստության և խրատի: Ժամանակակից աշխարհում այս ծիրից ներս կարելի է մտցնել կրթությունը, գիտելիքները, տեղեկատվութունը՝ ամեն բան ինչ մեզ դարձնում են խելացի, զարգացած, իմաստուն և փորձառու: Սակայն ի հավելում այս ճանաչողության՝ Առակացի հեղինակը շեշտում է՝ պետք է իմանալ նաև Հանճարի՝ Աստծո Խոսքերը: Գիտե՞ք, շատ նուրբ  ու կարևոր տարբերություն կա, ճանաչելու և իմանալու միջև: Ճանաչողությունը ենթադրում է գիտելիքի միայն ընդհանուր, արտաքին կողմը (ծանոթություն), սակայն իմանալ նշանակում է յուրացնել և ըստ ամեանայնի հասկանալ ու ընկալել:
Նայենք մեզ, մեր աշխարհին, մեր առօրյային: Հաճախ մեր կյանքում այն ինչ պետք է ճանաչենք և այն ինչ պիտի իմանանք, իրենց տեղերով փոխված են: Մենք հսկայական ժամանակ ենք ծախսում գիտելիքների, տեղեկատվության, մասնագիտական և ոչ մասնագիտական, գեղարվեստական և առօրյա (ֆեյսբուք, համացանց, թերթեր) ընթերցանության վրա, սակայն աննշան է այն ժամանակը, որ ներդնում ենք Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը կարդալու և ուսումնասիրելու համար: 
Հիմա պատասխանենք այս հարցին. «Օրվա 24 ժամից քանի՞ րոպե ենք տրամադրում Աստծո Խոսքին»: Եթե ստացանք անկեղծ պատասխանը՝ առաջարկում եմ 2-րդ հարցը.  «Կուզեի՞ արդյոք որ Աստված էլ իմ մասին միայն այդքան ժամանակ մտածեր»:

Սիրելիներս, Սուրբ Գիրքը մեր քրիստոնեական կյանքի լավագույն ուղեցույցն է (այս մասին մի հետաքրքրական նյութ ունենք այստեղ՝ ԱՍՏԱԾԱՇՈՒՆՉՆ ՈՒ like-Ի ԳԱՂՏՆԻՔԸ), Սուրբ Գիրքը մի միջոց է, որով Աստված խոսում է մեզ հետ, այն ընթերցելը, հասկանալ և իմանալը պարտադիր է... Առնվազն քրիստոնյայի համար... Դե, շտապենք բանալու մեր Սուրբ Գրքերը և իմանալ Հանճարի Խոսքերը:


«Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, ընկալել խօսքի բարդ դարձուածքները, հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝ պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպէսզի դրանք լսելով՝ իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ, թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ»:


Այսօրվա մեր աղոթքը թող լինի մեր և բոլոր նրանց համար, ովքեր մինչ այս հեռու են եղել Աստծո Խոսքից: Աղոթենք, որպեսզի մեր և բոլոր քրիստոնյաների մեջ առատանա ձգտումը իմանալու Աստծո Խոսքը, խորամուխ լինելու և ապրելու դրանով: 

Աղոթենք Սուրբ Ոսկեբերանի աղոթքով, որը կարող եք գտնել  մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ Օրհնվեք...

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...