2.3.17

ՇՆՈՐՀՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆՔ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 4)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքը (Նամակ Հռոմեացիներին 6:3-17) կարդանք այստեղ։

«Օրէնքի տակ չէք, այլ՝ շնորհի» (Հռոմ. 6:14), - ընթերցումի վերջում հիշեցնում է Պողոս Առաքյալը: 

Առհասարակ, այսօրվա մեջբերումը շատ խորհրդավոր է և բազմաշերտ, սակայն Մեծ պահքի այս 4-րդ օրով, առաջարկում եմ խորհրդածենք այս փոքրիկ բայց զորեղ տողի շուրջ: Խոստովանենք կամ ոչ, մենք մարդիկս սիրում ենք ապրել ռոբոտացված կյանքով, սիրում ենք, երբ դպրոցում, աշխատավայրում, ամենուր հստակ գծվում են մեր պարտականությունները, անելիքների և չանելիքների սահմանները: Այո, դրանք երբեմն շատ կարևոր են առօրեա կյանքում, սակայն քրիստոնեական կյանքի մեջ կարող են անգամ վտանգավոր լինել: Հոգևոր մարզում քրիստոնյաներս երբեմն սահմանափակվում ենք Խօսքի միայն արտաքին կողմը՝ օրենքը, սրբորեն պահելով, սակայն բուն բովանդակությունը և հարցի հոգևար խորքը թողնում ենք անտեսված: Օրինակ տամ. պահքի բոլոր 40 օրերին սրբորեն ամենայն օրինապահությամբ պահում ենք կերակրի ժուժկալությունը, ամեն կիրակի եկեղեցում ենք ու աղոթաժողովներին, սակայն պահքը այդպես էլ անցկացնում ենք ոխով, բամբասանքով, նախանձով ու չարակամությամբ: Կամ մարդն ինքն իրեն անվանում է Աստծուն հավատացող, սակայն իր քրիստոնեական կյանքը սահմանափակում է սոսկ արտաքին բարեպաշտական ձևերով՝ անպայման մոմ է վառում եկեղեցում՝ չհասկանալով անգամ մոմավառության իմաստը, եկեղեցուց դուրս է գալիս խորանից մինչև դուռը ետ-ետ քայլելով ինքն էլ խորամուխ չլինելով դրա նպատակի մեջ... Այսքանը և վերջ. օրենքը, կարգը հարգված է և ոչինչ ավելին... 
Տեր Հիսուս սա անվանում էր ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ, քանի որ հրեա օրենսգետներն ու փարիսեցիներն էին ապրում միայն օրենքի արտաքին կողմին հետևելով, ինչի համար Քրիստոս հաճախակի «վայեր» էր ուղղում նրանց հասցեին (Մատթ. 23 գլուխ):

Այո՛, սիրելինե՛րս, մենք էլ մի-մի փարիսեցի ենք դառնում, երբ կարևորը քողարկում ենք պակաս կարևորով, չհասկանալով, որ  ծայրահեղ օրինապաշտական մոտեցումը, ռոբոտաբար միայն օրենքներով ապրելը կարող է սպանել ողջ հոգևոր կյանքը. «քանի որ օրէնքը, որ գիր է, սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում» (Բ Կորնթ. 3:6): Հոգին, սիրելիներ մեզ ազատության, սիրո, փրկության շնորհ է բաշխել, որպեսզի այլևս դադարենք ապրել սոսկ օրինական հարթության վրա և դադարենք մեղանչել. «Այսուհետեւ մեղքը թող չթագաւորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկութիւններին: Եւ ձեր մարմնի անդամները, որպէս անիրաւութեան գործիք, ի ծառայութիւն մեղքի մի՛ պատրաստէք, այլ յանձնեցէ՛ք ձեզ ի ծառայութիւն Աստծոյ՝ որպէս մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարութեան գործիքներ՝ ի ծառայութիւն Աստծոյ, որպէսզի մեղքը ձեզ չտիրի. քանզի օրէնքի տակ չէք, այլ՝ շնորհի» (Հռոմ. 6:12-14):

Եկեք այսօր աղոթենք հենց այս բանի համար, որպեսզի Աստված օգնական լինի մեզ մեր միջից արմատախիլ անելու փարիսեցիական օրինապաշտությունները, որպեսզի մեր հավատքն ավելին լինի քան օրենքների սոսկական կատարումը,  որպեսզի այնքան ծարավն ունենանք Հոգու և շնորհի, որ աղաչենք եւ Աստված մեզ հագեցնի իր Հոգու առատ շնորհներով:

Աղոթենք Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի 5-րդ աղոթքով (Աղոթքն ամբողջական գրաբար կամ աշխարհաբար կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ 

Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, 

որ իջար Հորդանան և Վերնատուն 
և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ, 
մեղա՜յ երկնքի և Քո առաջ, 
մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով,
ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Օրհնվեք...

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...