29.3.17

ԱՍԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ Է - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 31)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ Ելք 4։1-21, Հովել 3։9-22, որ  կարող ենք կարդալ այստեղ:

Ինչ կարևոր հատկանիշ է, չէ՞՝ ինանալ՝ երբ, ում, ինչ և ինչպես ասել... Խոսքն անշուշտ աստվածային ճշմարտությունները և քրիստոնեական սկզբունքները բարձրաձայնելու մասին է։ Հաճախ է պատահում, որ երբ մենք՝ որպես Աստծո առաքյալներ կամ մարգարեներ, փորձում ենք ասել այն ինչ որ պետք է, մեր խոսքը հանդիպում է խոչընդոտների։ Ոմանք դժկամությամբ են այն լսում, ուրիշներ ծաղրում են ու արհամարհում, կան այնպիսիք, որոնք արգելում են խոսել և այնպիսիք էլ կան, որոնք լսում են, բայց խոսքը որևէ պտուղ չի տալիս։ Դրա պատճառները հասկանալու համար, սիրելիներ, խորհուրդ կտամ ուշադիր ընթերցենք Սերմնացանի առակը, որ կարող եք գտնել այստեղ (սեղմեք հղման վրա)։ 
Մեկ այլ հարց է տակավին չլուծված մնում. այն, թե ինչպես անել որպեսզի մեր սերմանած խոսքը ծիլ տա մարդկանց սրտերում։ Մովսես մարգարեն, որի` մարգարեության կոչվելու պատմությանը հանդիպում ենք օրվա ընթերցվածի մեջ, միևնույն վախը և հարցը ունեցավ, սակայն Աստված նրան այրվող մորենու միջից պատասխանեց.
«Ես կբացեմ քո բերանը, քեզ կսովորեցնեմ, որ ասես այն, ինչ պէտք է ասել» (Ելք 4։12)։
Այո, սիրելիներ, առանց Աստծո օգնականության, քանի դեռ Նա չի բացել մեր բերանը և սովորեցրել, շատ հնարավոր է, որ մենք ձախողվենք ու մնանք ձեռնունայն, քանզի պտղաբեր է միայն Սուրբ Հոգու շնորհով ելնող խոսքը։ Հիշո՞ւմ եք ինչ ասաց Տեր Հիսուս իր առաքյալներին. 
«Հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք. քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով» (Մատթ. 10։19-20)։

Ահավասիկ մեզ մի կարևոր հորդոր. երբ որ ժամանակը հասնի ասելու այն, ինչ պետք է, նախ աղոթենք Աստծուն և խնդրենք Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, որպեսզի Հոգով լուսավորվի մեր միտքը և Հոգով բացվեն մեր շուրթերը։ 

Այսօր և առհասարակ օրվա խորհրդի շուրջ աղոթելու համար ընթերցենք կամ որ ավելի լավ է, անգիր սովորենք Սբ. Գրիգոր Տաթևացու ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ աղոթքը, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Օրհնվեք...


0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...