21.3.17

ՓԱԽՉԵԼ ԴԱՏԱՍՏԱՆԻՑ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 23)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումը Հոբի գրքից է՝  Հոբ 38։2-39։35.  կարող ենք կարդալ այստեղ:

Սիրելիներ, ամեն բան, ինչ որ Աստված ստեղծել է տիեզերքում, կատարյալ կարգադրյալ և ներդաշնակ վիճակում է։ Այդ մասին ամենայն մանրամասնությամբ Աստված հիշեցնում է Հոբի հետ երկխոսության մեջ՝ Հոբ 38։2-39։35 հատվածով։ Արարչագործության ամեն մեկ պտուղ Աստծո անսահման իմաստության և սիրո արտացոլանքն է աշխարհում, այդ թվում և մարդը, որ «թագ ու պսակն է» արարածների՝ ստեղծված Աստծո «պատկերով և նմանությամբ»։ Հակառակ Աստծո հայրական սիրուն և գորովին, մարդը, սակայն, գերադասեց անմահությունից շեղվել դեպի մահ, սրբությունից դեպի մեղավոր ու անկյալ կյանք։ 
Այդ պահից իսկ չարը ճանաչելով՝ մարդիկ՝ Ադամ և Եվայից սկսած, բարուն զուգահեռ սատանայի ճանապարհը ընտրելու ազատությունը ունեն, որով (ինչպես որ անցյալ մեր հանդիպմանը խոսեցինք), թիկունք ենք դարձնում Աստծուն և օտարանում մեղքերով։ Այս ընտրությունը մեզանից յուրաքանչյուրին մեկ օր պիտի կանգնեցնի Աստծո դատաստանի առջև, և որևէ մեկս այդ դատաստանից խուսափել չի կարողանա։ Արդար է այդ դատաստանը և անբեկանելի, ինչպես որ կարդում ենք օրվա ընթերցման մեջ. 


«Մի՞թէ մէկը պիտի կարողանայ իմ դատաստանը ծռել» (Հոբ. 39։32)։

Նրանք, ովքեր ընտրում են Աստծո ճանապարհը, նրանց համար օրհնություններ և փրկություն է նախատեսել դատաստանը, սակայն Աստծուն հակառակ ճանապարհն ընտրողները պիտի դատապարտվեն տանջանքի և կորստյան։ Ցավոք, այսօր մենք հաճախ ապրում ենք այնպես, ասես այդ դատաստանը մեզ համար չէ, բնավ կապ չունի մեզ հետ. մեզ թվում է, թե մենք կարող ենք շարունակել մեղքերի մեջ լողալ, չներել միմյանց, լինել հանցագործ ու ամբարտավան, սերմանել կեղծիք, նախանձ և ատելություն ու մնալ առանց պատասխանատվության, առանց դատաստանի... Գուցե շատերիս հույսն էլ այն է, որ Աստված զսպում է իր ցասումը և ուշացնում դատաստանը, սակայն այդ էլ վկայում է, որ Աստված սիրում է մեզ և փափագում մեր փրկությունը...

 Միայն ի սրտե ապաշխարությունը կարող է ծռել Աստծո դատաստանը՝ մեզ կործանման դատապարտումից դեպի փրկության հույսը առաջնորդելով։

Այսօր աղոթենք Հովհաննես Գառնեցու Երեքշաբթի օրվա աղոթքով, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա) և Սբ. Ներսես Շնորհալու «Հավատով Խոստովանիմի» 22-րդ տան աղոթքով, որում ասվում է.


Արդա՛ր Դատավոր, 
երբ գաս Հոր փառքով՝ դատելու կենդանիներին և մեռյալներին, 
մի՛ մտիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ, 
այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից
 և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը դեպի երկնքի արքայությունդ. 
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

Օրհնվեք...

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...