14.3.17

ԱՂՈԹՔ ԱՆՊՏՈՒՂ ԶՈՒՅԳԵՐԻ ՀԱՄԱՐ - (ՄԵԾ ՊԱՀՔ օր 16)


Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումն է
Եբրայեցիների նամակի 11:1-31, որը կարող եք կարդալ այստեղ:

Մեծ Պահքի մեր աղոթքները, սիրելիներ, այսօր պիտի ուղղենք դեպի բավականին տարածված մի խնդիր, որ առկա է բազմաթիվ երիտասարդ ընտանիքներում, դեպի երեխա չունենալու խնդիրը։ Հայաստանում, օրինակ, այս խնդրին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ ընտանիք։
Ամեն նորաստեղծ ընտանիքի համար սիրո սպասված պտուղ են զավակները, սակայն երբեմն առողջական կամ հոգեբանական խնդիրների պատճառով այր եւ կին ստիպված են լինում տարիներ շարունակ սպասել եւ պայքարել։ Անպտղության հայտնի ու անհայտ պատճառների շարքում չպետք է մոռանալ նաև դրա հոգևոր պատճառների մասին, երբ, օրինակ, զավակ ունենալու ակնկալությամբ ծնողները թակում են այս կամ այն խաբեբայի, գրբաց-բուժակի դուռը և կամ հուսահատված թիկունք են դարձնում Աստծուն։ Հիշցնեմ՝ «Այն ինչ մարդկանց համար անհնար է, Աստուծո համար հնարավոր է»,- ասում է Սուրբ Գիրքը։ Աստված ամեն տեսակ խնդրի, այդ թվում եւ անպտղության լուծման հիմքում դնում է հավատքի զորավոր ներկայության անհրաժետությունը։ Աստվածաշունչը լեցուն է ամուլ զույգերի օրինակներով և նրանցից ամենահայտնին Աբրահամը և Սառան են, որոնց Աստված, ի վերջո, զառամյալ տարիքում պարգևեց Իսահակին։ Ահա թե ինչ է Պողոս Առաքյալը գրում այդ մասին այսօրվա ընթերցման մեջ`
«Հաւատով ինքը Սառան էլ, որ ամուլ էր, որդեծնութեան սերմը ստանալու զօրութիւնն ունեցաւ եւ ծնեց առաջացած տարիքում, քանի որ հաւատարիմ համարեց նրան, ով խոստացաւ այդ բանը» (Եբր. 11:11):
Սիրելիներ, եկեք մենք էլ մեր հավատքը մեկ դարձնենք հանուն նման ընտանիքների (վստահ եմ` ձեր շրջապատում ունեք օրինակներ) աղոթենք, որպեսզի Աստված նրանց ներսում ամրացնի սերը, մեծացնի հույսը և զորացնի հավատքը, որպեսզի հավատքից հրաշքներ ծնվեն։ Եթե անգամ բժիշկներն ասել են, թե անհնար է, Աստված ասում է ՀՆԱՐԱՎՈՐ Է նրա համար, ով իրապես հավատում է Իրեն եւ ապրում հավատքը։

Այսօրվա մեր աղոթքը ՄԱՇՏՈՑ ծիսամատյանից է, մի աղոթք, որը հոգևորականները ընթերցում են դժվարածին կանանց համար։ Աղոթքը օրվա խորհրդածությանը համապատասխանեցված ներկայացնում ենք ստորև, իսկ բնօրինակը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ 

Ով մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոս՝ 
բարձրյալ և մեծ, անայլայլելի, անփոփոխելի և մշտնջենավոր. 
դու, որ երկնքից իջար և Սուրբ Հոգու միջոցով սուրբ Կույս Մարիամից ծնվեցիր 
և քո Աստվածությամբ սրբեցիր նախահոր հանցանքի հետևանքը՝ 
մեղքով ապականված մեր բնությունը, 
որով կանացի բնությունը ցավերով և տրտմությամբ զավակ ծնելու անեծք ու պատիժ էր ստացել:
Արդ աղաչում ենք քեզ, մարդասեր Թագավոր, 
դու, որ մեր ստեղծիչն ու նորոգողը և մեր հիվանդությունների բժիշկն ես, 
բժշկի՛ր քո (անունը) աղախնուն / ծառային: 
Քո սուրբ բնակությունից օգնի՛ր և զորացրո՛ւ նրան, որպեսզի իր զավակն ունենա 
և նրան՝ իբրև իր որովայնի պտուղ, 
Սուրբ Ավազանից ծնունդով ամեն արատներից մաքրելով՝ Քո սուրբ Եկեղեցուն ընծայի: 
Շնորհի՛ր, որ այս զույգը հանդարտությամբ և առանց փորձանքի հասնի ցանկալի ուրախության, 
և բոլոր հավատացյալ տները աճեն ու բազմանան քո փառքի համար, ո՛վ Տեր, 
որպես կատարում աստվածային քո խոսքի. «Աճեցե՛ք և բազմացե՛ք»: 
Այո՛, Տեր մեր Աստված, այս պահին լսիր քո անարժան ծառայի (և բոլոր այստեղ գտնվողների) խնդրանքը 
անարատ ծնողիդ՝ սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերիդ բարեխոսությամբ. 
որովհետև քեզ՝ Միածին Որդուդ, և անսկիզբ ու համագո քո Հոր 
և կենդանարար ու ամենասուրբ Հոգուդ են վայել փառքը, պատիվն ու երկրպագությունը 
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Օրհնվեք...


0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...