11.3.17

ԱՂՈԹՔ ՀԱՆՈՒՆ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՄԱՆ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 13)


Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները չորսն են՝
Առակ. 11:2-11, Ես 61:3-7, Բ Տիմ. 4:1-8, Հովհ. 10:11-16, որոնք կարող եք կարդալ այստեղ:

Օրվա Աստվածաշնչյան ընթերցվածների մեջ, այսօր Պողոս Առաքյալը իր աշակերտ Տիմոթեոսին գրում է.





«Քարոզի՛ր Աստծոյ խօսքը, շարունակ յայտարարի՛ր այն՝ ժամանակին լինի թէ տարաժամ, յանդիմանի՛ր, սաստի՛ր, յորդորի՛ր՝ կատարեալ համբերատարութեամբ ուսուցանելով. քանզի պիտի գայ ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետութեանը, այլ, իւրաքանչիւրն ըստ իր ցանկութիւնների, ուսուցանողներ պիտի հաւաքի իր շուրջը իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով. եւ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտութիւնից ու պիտի մոլորուեն-գնան առասպելների յետեւից: Իսկ դու արթո՛ւն եղիր ամէն ինչում, նեղութիւնների մէջ համբերի՛ր, աւետարանչի գործե՛ր արա, լիուլի կատարի՛ր քո պաշտօնը» (Բ Տիմ. 4:2-5):
Քարոզել Աստծո խոսքը, սիրելիներ, նախ և առաջ այդ գործին կոչված, ուսումն ու օծումն առած «մարգարեների»՝ հոգևորականների գործն է, սակայն երիտասարդ Տիմոթեոսին ուղղված այս խոսքը շատ կենսական է նաև Քրիստոսին հավատացող ամեն մարդու համար: Պատկերացնենք թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե ամեն մեկ քրիստնյա իր ընտանիքում, իր աշխատավայրում և միջավայրում քարոզեր Աստծո Խոսքը, շարունակ հայտարարեր այն և համբերատար ուսուցաներ... Վստահ եմ, աշխարհն այսօր այլ՝ ավելի լավ պատկեր պիտի ունենար: Մենք խուսափում ենք աստվածահաճո այս քայլը ձեռնարկելուց, որովհետև կամ չունենք համապատասխան  գիտելիքներ ու կարողություն կամ վախենում ենք, թե ինչ կմտածեն դիմացինները, որոնք «ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից», սակայն առաքյալը հաստատում է. «Իսկ դու, արթուն եղիր ամեն ինչում, նեղությունների մեջ համբերիր և ավետարանչի գործեր արա»:

Այսօր եկեք աղոթենք, որպեսզի աշխարհում, մեր երկրում և մեր Եկեղեցում պտղաբեր լինի Աստծո Խոսքի ավետարանչությունը: Ուժ, կորով, համբերություն խնդրենք Տիրոջից մեր հոգևորականների համար, իմաստություն և Աստծո Սուրբ Հոգու ներկայությունը քարոզչության մեջ: Աղոթենք նաև մեզ համար, որպեսզի Աստված մեզ շնորհ ու ոգի տա համարձակությամբ և սիրով քարոզիչ և օրինակ լինելու մեկս մյուսի համար՝ ի փառս Աստուծո: Թող Աստված բոլորիս իմաստություն տա՝ լինելու Քրիստոսի շուրթերը այս աշխարհում: Աղոթենք Սողոմոն Իմաստոնի ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔՈՎ: Աղոթքը կարող եք գտնել  մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ Օրհնվեք...

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...