8.3.17

ԱՂՈԹԵՆՔ ՏԿԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 10)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները երեքն են՝ Ելք 2:11-22, Հովել 2:1-11, Միքիա. 4:1-7
որոնք կարող եք կարդալ այստեղ:

Սիրելի ընթրցողներ, ահավասիկ 10 օր անցավ մեր պահացողությունից և լիահույս ենք, որ մեր հոգևոր այս խորհրդածությունները իրենց օգտակարությունն են բերում ձեզ: Այսօր հատուկ աղոթք պիտի անենք միասին այս աշխարհի տկարների համար, որովհետև Միքիա մարգարեն օրվա ընթերցման մեջ գրում է. 
«Այն օրը,– ասում է Տէրը,– կհաւաքեմ ցրուածներին եւ հեռացածներին, կընդունեմ նաեւ մերժուածներին, բեկուածին զօրեղ կդարձնեմ եւ մանրացածին՝ հզօր ազգ» (Միք. 4:6):
Ամեն մարդ այս աշխարհում ձգտում է ուժի և զորության: Ոմանք պայքար են մղում է դրմական զորության համար, ուրիշները գիտական ներուժ ունենալու համար, երրորդները՝ փառքի և իշխանության ուժը ձեռք բերելու համար, իսկ նրանք, ովքեր մնում են այս մրցավազքից դուրս, այս աշխարհի փոքրիկներն են ու տկարները: Անբարոյական մի օրինաչափությամբ՝ այս աշխարհի տկարները զորեղների առջև մնում են արհամարհված, նվաստացած և անօգնական վիճակում, սակայն իրականում քրիստոնեական օրինաչափությամբ զորեղն ու ուժեղը նա է, ով օգնում է տկարին ու թույլին: Ելից գրքի այսօրվա ընթերցանության մեջ մենք ականատես ենք լինում թույլին օգնելու երկու օրինակի, որոնք գտնում ենք Մովսես մարգարեի կերպարի մեջ: Մովսեսը նախ տեսնելով եգիպտացու կողմից անարգվող իր ազգակցին, հասավ նրան օգնության և պաշտպանեց, հակառակ որ այդ իրեն փախուստ ու հալածանք արժեցավ: Հաջորդիվ, Մովսեսը պաշտպան կանգնեց Հռագուելի դուստրերին, որոնց նեղություն էին պատճառում հովիվները: Ահավասիկ, Աստծուն հավատացող ուժեղ մի մարդու օրինակ, որի ուժը թույլին պաշտպանելու մեջ է:



«Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. որովհետեւ մարդու Որդին եկաւ փրկելու կորածը» (Մատթ. 18:10-11): Ովքե՞ր են այս «փոքրիկները», եթե ոչ աղքատները, հիվանդները, բանտարկվածներն ու անդամալույծները, հոգով բեկվածներն ու մերժվածները... Սիրելիներ, չլինի թե Քրիստոսի խոսքը մեզ էլ վերաբերի. «Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»։ Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք» (Մատթ. 24:44-45):

Եկեք այսօր մեր աղոթքներն ուղղենք դեպի այս աշխարհի «փոքրիկները», մենք էլ որպես հավատքով զորացածներ աղոթենք տկարների համար և օգտակար լինենք մեր աղոթքով: Կխնդրեմ հատկապես աղոթենք բոլոր այն փոքրիկների՝ մանուկների համար, ովքեր ունեն առողջական խնդիրներ, գտնվում են բուժման և վերականգման փուլում:

Փոքրիկ մի աղոթք կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ Օրհնվեք...

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...