28.2.17

ԱՂՈԹՔ ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 2)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքը (Եզեկիել 18:20-23) կարդանք այստեղ։

Այսօր՝ Մեծ պահքի միասնական աղոթքների 2-րդ օրը, առաջարկում եմ մեր աղոթքները ուղղենք դեպի մեզանում առկա անհավատությունը: Հետաքրքրական տողեր կան Սաղմոսաց գրքում, ուր Դավիթ մարգարեն գրում է. «Անզգամն իր սրտում ասաց, թէ չկա Աստված» (Սաղմ. 13:1): Նման անզգամության երկակի դրսևորում կարող ենք նկատել մարդկության պատմության բոլոր ժամանակներում, բայց մեր օրերում, հատկապես, շատ են մարդիկ, ովքեր հրաժարվում են հավատալ Աստծուն (նրանց հաճախ անվանում ենք աթեիստներ) և ավելի շատ են մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ հավատում են Աստծուն, բայց հավատքն արտահայտող գործեր չեն անում (Աստծո առաջ նրանք թերահավատներ են): Այս երկու դեպքերում էլ, Աստծո խոսքը բավական խիստ բառեր է օգտագործում մեզ համար՝ անզգամության, անիրաւություն, անօրենություն...

Թե որքանով են այս բնորոշումները հատուկ հենց մեզ, յուրաքանչյուրս անկեղծորեն քննենք մեր ներսում, մեր աղոթքի մեջ, բայց եթե փորձենք հասկանալ անհավատության կամ թերահավատության, Աստծուն մերժելու բուն պատճառը, մեկ խոստովանություն պիտի կատարենք. «Աստված խանգարում է ինձ ապրել իմ կամքով...»:
Իսկ իրականում... Աստված կամենում է միմիայն խանգարել ու խափանել մեր մահացումը.
«Մի՞թէ ես մեղաւորի մահն եմ տենչում,– ասում է Տէր Աստուած,– եւ ոչ թէ այն, որ նա չար ճանապարհից յետ դառնայ ու ապրի» (Եզեկ. 18:23):
Մեծ պահքը հիանալի առիթ է, սիրելիներ, որպեսզի փորձենք շտկվել և ինչու ոչ, ջանանք նաև շտկել նրանց, ովքեր մեր շուրջն են և տառապում են աստվածմերժությամբ:
Աստված չի ուզում ոչ մեր, ոչ մյուսների կործանումն ու հոգևոր մահը, Աստված սպասում է մեր դարձին, միայն թե մենք էլ իրապես դառնան դեպքի մեր Արարիչն ու Փրկիչը եւ աղաղակենք. «Տեր, օգնիր անհավատությանս» (Մարկ. 9:23):

Աղոթենք մեր և մյուսների անհավատության համար Սուրբ Նարեկացու «Մատյանի» ողբով (Բան ԻԷ, ), որը գրաբար կամ աշխարհաբար կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ Օրհնվեք...

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...