29.12.15

ԵԴԵՄԻ ՊԱՐՏԵԶԻ ՊՏՂԻ ՄԱՍԻՆ

Մեր «վիկտորինայի» 2-րդ հարցը, թե ինչ պտուղ էր դրախտային Եդեմում Ադամի և Եվայի կերածը՝ խնձոր, նուռ թե ադամաթուզ կամ բնավ անհայտ մի միրգ, նախորդ հարցի պես բավականին հեշտ էր, բայց և մի փոքր շփոթեցնող:
Եդեմի ծառի վրա՝ նռներ:
Հարցմանը մասնակցեց 129 հոգի որոնց մեծամասնությունը (55%) տվել է «խնձոր» պատասխանը, բայց որքան էլ, որ զարմանալի լինի, խնձորը, հակառակ արմատացած կարծրատիպի, հիշատակված չէ Ծննդոց գրքի մեջ: Նուռն էլ չկա այնտեղ, թեև երբեմն խնձորին զոգահեռ հայկական պատկերագրության մեջ այն հանդիպում է, իսկ ադամաթուզը, որը ոչ հայերեն ասած բանանն է, միայն կարելի է ենթադրել, թե ինչ կապ ունի Ադամի անվան հետ. համենայն դեպս այն ևս հիշատակված չէ, որպես չարի և բարու գիտության ծառից աճող միրգ: Իրականում ճիշտ պատասխանն էր «հայտնի չէ» (41,1%, 53 ձայն)՝
«Օձն ասաց կնոջը. «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել»։ Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել։ Սակայն դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստուած ասաց. «Դրանից չուտէք եւ չմօտենաք, որպէսզի չմեռնէք»։ Օձն ասաց կնոջը. «Չէք մահանայ, որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման՝ կ՚իմանաք բարին ու չարը»։ Կինը տեսաւ, որ ծառի պտուղը լաւ է ուտելու համար, ակնահաճոյ է եւ գրաւիչ՝ ըմբռնելու համար։ Նա առաւ նրա պտղից, կերաւ եւ տուեց իր մօտ կանգնած ամուսնուն, եւ նրանք կերան։ Երկուսի աչքերն էլ բացուեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են» (Ծննդոց 3):
Ինչպես տեսաք, Սուրբ Գիրքը Ադամի և Եվայի կերածը անվանում է պարզապես պտուղ, թե ինչ պտուղ էր այն, կարևոր էլ չէ և գուցե բնավ միրգ էլ չէր. Հին Կտակարանը հարուստ է այլաբանություններով: Ամեն պարագայում արգելվածը «չարի և բարու» զանազանության պտուղն էր, որ արգելված էր ճաշակել: Աստծո առաջին այդ պատվիրանին չհնազանդվելով առաջին մարդով աշխարհ մտավ մեղքը՝ Աստծո խոսքի զանցառությունը և մարդը դարձավ մահվան համար խոցելի, ուստի այն նաև ՄԵՂՔԻ ՊՏՈՒՂՆ էր:



Իսկ ինչո՞ւ ամեն դեպքում խնձոր: Երկու պատճառ բերենք խնձորի ավանդության ձևավորման համար՝
Ա. Հպանցիկ հայացքը ժողովուրդների մշակույթներին ջրի երես կբերի այն ճշմարտությունը, որ խնձորը գրեթե միշտ դիտարկվել է որպես «բեկումնարար» խորհրդանիշ, մի սիմվոլ, որը ի հայտ է գալիս, երբ ինչ-որ մի բան խախտվում է: Օրինակներ՝ Ոդիսևսյան Իլիականի դրդապատճառ ոսկե խնձորը «ամենագեղեցիկին», որ «կռվախնձոր» անունով է ավելի հայտնի կամ հայերի մեջ արմատավորված «կարմիր խնձորի» ավանդույթը, որ ուղիղ համեմատական է աղջկական կուսությանը կամ դրա խախտումին… Ուրեմն դրախտի պտուղն էլ արգելված լինելով և մարդկության պատմության մեջ բեկումնային էջ բանալով ենթադրվել և ընկալվել է որպես խնձոր:
Բ. Հետաքրքրական է, որ լատիներենի մեջ, խնձոր և մեղք բառերը շատ նման են՝ malus - malum: Աստվածաշնչի թարգմանության լատիներեն տարբերակը, որ կոչվում է Վուլգաթա, դարեր ի վեր հաճախ հիմք է հանդիսացել Աստվածաշնչի այլ թարգմանությունների կամ խմբագրությունների համար, ուստի և մեղք-խնձոր լեզվաբանական նույնությունը հնարավոր է, որ հանգեցրել է նաև աստվածաբանակն նույնության:

Այսքանը… խնձոր սիրեք, բայց մեղքի պտուղը ատեցեք :): Շնորհակալ եմ ակտիվության համար. Ձեր ընկերներն էլ թող իմանան այս մասին: Օրհնվեք:
Սպասեք հաջորդ հարցին:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...