9.9.14

ԱՍՏԾՈ ՄԻԱԾԻՆ ՈՐԴԻՆ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Որդի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ Կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ Հայր. 
մեղայ յերկինս եւ առաջի Քո, յիշեա զիղ որպես զաւազակն յորժամ գաս արքայութեամբ Քով. եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ խոնարհվեցիր հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

«Հավատով Խոստովանիմ» աղոթքի չորրորդ տունն ուղղված է Որդի Աստծուն՝ Քրիստոսին։
  
Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ - Այն մասին, որ Որդին իսկապես ճշմարիտ Աստված է, մեր Եկեղեցու հավատո հանգանակում տարակուսանքի որևէ նշույլ անգամ չի թողնված. «Հաւատամք… ի մի Տէր՝ Յիսուս Քրիստոս, յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր: Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ՝ յԱստուծոյ ճշմարտէ» [թրգմն. «Հավատում ենք մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն՝ Հոր էությունից։ Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց»
Բնականաբար, Քրիստոսի Աստվածությունն ուրացողներ եղել են դեռ ամենասկզբում, ինչպես որ եղել են Աստծո գոյությունն ուրացող մարդիկ. «Անզգամն իր սրտում ասաց, թե Աստված չկա»։ Իսկ Հիսուսի ժամանակակիցներից ոմանք և նրանց հետևորդները բոլոր դարերում գայթակղված ասում էին. «Դու մարդ ես և քո անձն Աստված ես համարում»։ Ավետարանները չափազանց հստակ են Քրիստոսի Աստվածությունը հաստատելու մեջ. «Սկզբից էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր»։ Հիսուս իր մասին ասում է. «Ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա ինձ տրվեց», «Ես և Հայրը մի ենք»։ Քրիստոնեական եկեղեցին հիմնված է Քրիստոսի աստվածության հավատքի վրա. նա, ով չի հավատում Քրիստոսին իբրև «Որդի Աստծո՝ Աստված ճշմարիտ», ամեն բան կարող է լինել՝ բացի քրիստոնյայից։


Որ խոնարհվեցիր հայրական ծոցից - Աստծո Որդու՝ Իր աստվածային փառքից և անմատչելի վեհությունից մարդկային մակարդակին իջնելը Նոր Կտակարանում արտահայտվում է «խոնարհվել» բառով։ Պողոս առաքյալն ասում է. «... իր անձը ունայնացրեց՝ ծառայի (մարդու) կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահվան՝ խաչի վրա» (Իր Հոր կամքին) (Փիլ. 2:7-8): Աստծո Որդին «խոնարհվելով» Իրեն ենթարկեց մարդկային անհրաժեշտ սահմանափակումների և տկարությունների. («հոգիս հոժար է, բայց մարմինս՝ տկար»)։ Հիսուսի՝ Փառքից խոնարհվելը մարդկության նկատմամբ ունեցած Իր անսահման սիրո գրավականն է։ Հիսուսի խոնարհումը Իր աստվածային արարքներից մեկն է, որը աստվածաբանության մեջ անվանում ենք տնօրինություն։ Որդին խոնարհվեց՝ մարդկությանը բարձրացնելու համար։ 
Իսկ Որդու հավիտենական սերտ կապն Իր Հոր հետ, ինչպես նաև Հորից ծնված լինելու աստվածաբանական ճշմարտությունը և Հոր հետ, այսպես ասած, բնակակցությունը արտահայտվում է «ի ծոց Հօր» [թրգմն. «Հոր ծոցում]) բացատրությամբ, ինչպես Հովհաննես Ավետարանիչն է ասում. «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հոր ծոցում է» (Հովհ. 1:18): Ծոցը, գիրկը կամ գոգը սիրո օթևանն է, որտեղից Որդին խոնարհվում է դեպի չարության աշխարհ։

Եվ մարմին առար - Որդու խոնարհվելու ուղղակի նպատալն է մարմին առնելը կամ մարմնանալը։ Քրիսիտոսի մարդեղությունը քրիստոնեական կրոնի կորիզը կազմող վարդապետությունն է։ «Մարմին առնելով» Աստծո հավիտենական Բանը՝ Ամենասուրբ Երրորդության Երկրորդ Անձը, Իր վրա է առնում մարդկային բնության բոլոր տարրերը և բոլոր կարողությունները՝ բացի մեղանչականությունից։ Եկեղեցին իր «Հավատամքի» ամենամեծ մասը հատկացրել է մարդեղության խորհրդին այն աստիճան, որ  «Հավատամքի» կորիզը՝ առանցքային մասը, կազմում է այս ուսմունքը (Նիկիական Հանգանակ՝ «Եվ մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին…» հատվածից մինչև «… որի թագավորությունը վախճան չունի» մասը)։
Որդին մարդացավ, որպեսզի մարդկանց աչքին տեսանելի դարձնի անտեսանելի Աստվածությունը. «Որին [Կենաց Բանին] ականատես իսկ եղանք, որին նայեցինք, եւ որին մեր ձեռքերը շոշափեցին» (Ա Հովհ. 1:1): Որդին մարմին առավ, որպեսզի մեզ մասնակից դարձնի Աստծո որդիները լինելու պատվին:

Սուրբ Կույս Մարիամից - Հիսուս մարմին առավ Ս. Կույս Մարիամից. աստվածաբանական բացատրությամբ Մարիամը եղավ մարդեղության գործիական պատճառը։ Իբրև արդյունք այդ իրողության՝ եկեղեցին Ս. Կույսին օժտեց «Աստվածամայր» կամ «Աստվածածին» փառավոր տիտղոսով։ Եկեղեցին շատ մեծ հարգանք է տածում Ս.Կույսի հանդեպ, որովհետև նախ Աստված դա պատվիրեց՝ Իր հավիտենական Որդու համար մայր ընտրելով նրան և օժտելով բազում շնորհներով, որոնցից ամենաթանկագիններից է մշտնջենվոր կուսությունը։ Քրիստոս ծնվեց կույսից, այսինքն՝ Նրա հղությունը գերբնական եղավ, ինչպես բացահայտորեն պատմում են Ավետարանները՝ Ավետաբեր հրեշտակը Մարիամին ասաց. «Սուրբ Հոգին կիջնի քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ»։ Այս իրողությունը, այսինքն՝ Քրիստոսի կուսական ծնունդը, շատ շատերին՝ բարեմիտներին և չարամիտներին, հավատացյալներին ու անհավատներին, լուրջ դժվարության առաջ է կանգնեցրել։ Սակայն եթե ու երբ հարցը լրջորեն ուսումնասիրվի բոլոր կողմերից (ինչը մենք չենք կարող անել մեր այս սեղմ և հպանցիկ բացատրականների մեջ), կտեսնենք, որ կուսական ծնունդը ամենաբնական ծնունդն է Աստծո մարդեղության համար։ Հակառակը, այսինքն՝ ոչ կուսական ծնունդը, իսկապես միտքը դժվարության առջև կդներ։  Երբ նկատի առնենք Հիսուսի անձը, Իր Ով լինելը և աշխարհի վրա կատարած Իր առաքելության նպատակը, ապա ոչ միայն դժվարություն չի ծագի, այլև սովորական օրենքներից վեր կատարված Նրա ծնունդը անհրաժեշտություն կդառնա։ Քրիստոս սովորական մարդ չէր. Նրա կյանքը և գործերը լի էին հրաշալի երևույթներով, իսկ նրա վախճանը պսակվեց հրաշփառ Հարությամբ և Համբարձմամբ։ Արտասովոր կյանք ունեցող և հրաշալի կերպով երկրից հեռացող Քրիստոսի աշխարհ գալն էլ պետք է կատարվեր զարմանահրաշ պայմաններում, ինչն էլ իրականում տեղի ունեցավ կուսական ծնունդով։

Մեր փրկության համար -  Որդին խոնարհվում է Հոր ծոցից և մարմին է առնում մեր փրկության համար։ Փրկությունը մեկ այլ բանալի բառ է քրիստոնեության մեջ. միայն այն ունեցողը, այսինքն՝ փրկված մարդը, կարող է բացել երկնքի դռները և ներս մտնել։ Օրենքները, մարգարեները և Ավետարանները տրված ու գրված են հենց այս նպատակն իրագործելու համար։ Մարդեղության, Եկեղեցու հաստատման վերջնական նպատակն է մարդկանց փրկության առաջնորդելը։ Մեր Տիրոջ ստորոգելիներից ամենահայտնին՝ Փրկիչը, առաջ է եկել Իր կատարած այս տնօրինությունից՝ փրկագործությունից։ Փրկել նշանակում է ազատել կամ ազատագրել մեկին. սա ինքնին ենթադրում է, որ փրկվողը մինչ այդ գերի է եղել, որովհետև այս բառն առհասարակ գերի ընկածներին ազատագրելու իմաստով է գործածվում։ Արդարև, քրիստոնեական հասկացողությամբ, չփրկված մարդկությունը մեղքի գերին է, «այս աշխարհի իշխանի» գերին է, այսինքն՝ չարությունը մարմնացնող, գործադրող և աշխարհի վրա մշտնջենավորող «իշխանությունների և պետությունների և խավարի աշխարհակալների և չար դևերի, որոնք երկնքի ներքո են» (Եփես. 6:12)։ Հիսուսի մարմին առնելու նպատակն է ազատագրել, բառի բուն իմաստով՝ փրկել մարդկանց բարոյական գերությունից և առաջնորդել նրանց իրենց գերագույն և վերջնական նպատակին, որն է վայելել Աստծո երանական տեսությունը և փառավորվել Աստծուց ճառագայթող փառքով։ Այն բոլոր միջանկյալ ձևերը, որոնք Հիսուս կիրառեց՝ մարդուն այս վերջնական նպատակին առաջնորդելու համար, կազմում են փրկագործության տնօրինությունները և միջոցները. դրանցից են օրինակ՝ Նրա վեհ բարոյական ուսմունքը, որով մարդկանց ցույց տվեց հավիտենական կյանքի ճիշտ ճանապարհը, մարդկանց փոխարեն չարչարվելը, որով Իրեն հավատացողների, հարողների և հետևորդների մեղքերին թողություն տվեց, քավեց և ջնջեց դրանք և, ի վերջո, մարդկանց և Աստծո միջև հավիտենական միջնորդ դառնալը, որով Նա ապաշխարող մարդուն հաշտեցրեց իր Արարչի հետ։

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...