30.9.14

ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՈՐԴԻ ԷՐ. ԴԱՐՁԱՎ ՍՈՒՐԲ

Գիրքը կարծես ձեռքերիս սոսնձված լիներ, հափշտակված կարդում էի ու չէի կարողանում կողք դնել: Տեսնում էի բոլոր իրադարձությունները: Հանկարծ նկատեցի, որ կողքովս անցավ և հնամաշ շորերով մտավ եկեղեցի. նրա մասին շատ մեծ բաներ էի լսել ու հավատում էի, որ այդպես էլ կա: «Այ քեզ բա՜ն, բայց հագուստը ինչի էր փոշոտված ու պատռված». մի պահ հապաղեցի, բայց այդ ուժը քամու պես տարավ ինձ ներս, որ հարցնեմ. «Հո բան չի՞ պատահել»: Եկեղեցին դատարկ էր: Միտքս գլխիս ձախ կողմից աջ կողմն անցավ. «Ու՞ր կորավ»: Փնտրելուց հետո, հարավ-արևելյան անկյունում ես էլ գտա աստիճաններն ու վստահորեն իջա ներքև: Խեղդող մութ էր. ինքը լուռ ծնկած էր, հարավ արևմուտք էր նայում:
- Ի՜նչ մթեմութ է այստեղ,- մոտեցա և ծնկեցի կողքին:
- Լույսն այնքան է ներծծվել մարմնիս մեջ, որ թվում է՝ շուտով կանհետանամ,- պատասխանեց:
- Բա ինչու՞ ես արնաշաղախ ու ծվատված,- նայեցի հագուստին, սակայն, մարմնին այլևս ոչ մի նշան չկար:

- Խոստացել էր, որ կյանքի փոխարեն նեղություն կտա, պատվի փոխարեն՝ անարգանք, բարձ տալու փոխարեն՝ բանտ ու կապանք: Այդպես էլ արեց. ձեռքերս կապեց հետևումս, բերանիս բերանակապ դրեց, մեջքիս աղի մեծ կտոր, կրծքիս գելարան դնել տվեց, գելարանի կապերից պարաններ գցելով կապեցին ու մեքենաներով ապարանքի տանիքի բարձր տեղից կախեցին: Այդպես մնացի յոթ օր:
- Բա հետո՞:
- Հետո հրամայեց մեկ ոտքիցս գլխիվայր կախել: Յոթ օր էլ այդտեղ շնչեցի ներքևից եկող աղբի ծուխը և զգացի դալար ճիպոտների սաստիկ գանակոծումը ու ...,- ձեռքը դրեց ուսիս, գլուխն աջ ու ձախ արեց՝ ինձ խնայել ցանկանալով ասաց . 
- Ավելին չեմ ուզում քեզ պատմել. մեղկ ես: Դու հեռու ես այդ ամենից, ազատ ես քո հավատի մեջ, կուզես Աստծուն տանդ կերկրպագես, կուզես եկեղեցում, կուզես բակում: 
- Քո պատմությունը չիմանալով՝ ես կորցնում եմ պատասխանատվության զգացումս ազգիս ու եկեղեցուս հանդեպ: Չէ՛, ինձ ցույց տուր հետոն. ի՞նչ եղավ:
- Բերեցին փայտի կոճղեր ու դրեցին սրունքներիս ոսկորներին և բարակ պարանով սկսեցին պրկել, մինչև որ արյունը ոտքիս մատների ծայրերից ցայտեր: Ապա երկաթներ գամեցին ոտքերիս և այդպես քայլեցի: Աղ, բորակ ու քացախ լցրեցին քիթս և մոխիրով լի կաշվե պարկեր, որ շնչահեղձ լինեմ: Այսպես այլ՝ Քրիստոսին մոտեցնող վեց օրեր:
- Ինչպե՞ս կարողացար այդ ամենին դիմանալ:
- Երևի մեր Փրկչի պատմությունից բան չես սովորել, բայց իմացի՛ր. տկարությամբ է սերմանվում և զորությամբ ելնում, անարգությամբ է սերմանվում և փառքով հարություն առնում:

- Բայց ո՞նց ես ապրում մենակ, սոված ու ծարավ էս ոչնչի մեջ. անհուսալի է:
- Այո՛, ճիշտ ես. ես մարդ եմ քեզ նման և քեզ պես ես էլ մարմին ունեմ... Բայց ոչ դու, ոչ մյուսները չեք կարող անհաս էության մասին պատմել, քանի որ անբավ, անպարփակ ու անքնին է նա, անմատույց և անիմանալի է, տեսողության համար աներևույթ, սակայն շնորհիվ իր հոգատարության ու գթության մոտ է բոլորին: Չես հասկանա, թե ոնց եմ զգում նրան հիմա:
Այս խոսքերի վրա հացի կտորներ սկսեցին թափվել և ջուր հոսել պատի երկայնքով:
- Տեսնու՞մ ես. ոչ արարածները կարող են քննել Արարչին, և ոչ էլ խմորը գիտի իրեն պատրաստողին:
- Իսկ ես միշտ կարծել եմ, թե գիտեմ Նրան, քեզ ու մեր եկեղեցին: 
- Իսկ ե՞րբ հասկացար, որ չգիտես:
- Հենց նոր, քանի դեռ մտածում էի. «ի՞նչ տարբերություն կա քրիստոնյա այս կամ այն եկեղեցու միջև, հենց նոր, երբ ուզում էի միանժարել նույնիսկ հերետիկոսներին, հենց նոր, երբ կազմակերպությունը իմ աչքերին եկեղեցի էր, հենց նոր, երբ քիչ էր մնում համոզվեի, որ չկա հայ քրիստոնյա, որ կա քրիստոնյա»:
Ու հենց այս պահին վերևից լույս ընկավ և կանչեցին.
- Գրիգո՛ր, թե ողջ ես, դու՛րս արի, քո Աստված հրամայեց հանել քեզ այդտեղից:
- Գնու՞մ ես,- հարցրեցի:
- Այո՛, և դու էլ ես գալիս ինձ հետ,- պատասխանեց:
Սկսեցինք քայլել ու տեսա, թե ինչպես էին մարդիկ ծնկում և նրանից շնորհակալություն հայտնում, ապա տեսա նաև, թե ինչպես էին եկեղեցիներ վեր խոյանում: Որոշ ժամանակ միասին քայլելուց հետո ասաց.
- Ճանապարհն առանց ինձ պետք է շարունակես: 
- Վախենում եմ, հեռվում կանգնածներն ինձ չեն ճանաչում:
- Մի՛ մտահոգվիր, Նա, ով ինձ փրկեց, գալու է քեզ հետ, իսկ ես խոստանում եմ, որ կաղոթեմ քեզ համար: Պատասխանատու ես ազգիդ համար,- ասաց ու անհետացավ լեռների մեջ:

Արմինե Բարսեղյան

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...