3.6.14

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ - Մեկնություն

Մատթ. 3:1-6, Մատթ. 3:7-10
Հեղինակ՝ Մաղաքիա Արք. Օրմանյան, ՀԱՄԱՊԱՏՈՒՄ
Աղբյուր՝ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ
Այլ մեկնություններ Մատթեոսի Ավետարանից 

1 Այն օրերին Հովհաննես Մկրտիչը գալիս է քարոզելու Հրեաստանի անապատում եւ ասում. 

2 «Ապաշխարեցե՛ք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտեցել է»: 
3 Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարեի բերանով ասվեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցե՛ք նրա շավիղները»: 
4 Եւ ինքը` Հովհաննեսը, ուղտի մազից զգեստ ուներ եւ կաշվե գոտի` իր մեջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր: 5 Այն ժամանակ նրա մոտ էին գնում բոլոր երուսաղեմացիները, ամբողջ Հրեաստանն ու Հորդանանի շրջակայքի ժողովուրդը, 
6 մկրտվում էին նրանից Հորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը: 
7 Եւ նա տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտությանը, ասաց նրանց. «իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկությունից: 
8 Այսուհետեւ ապաշխարության արժանի գործեր կատարեցե՛ք. 
9 եւ մի՛ հավակնեք ասել դուք ձեզ, թե` Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել. 
10 որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում եւ կրակն է գցվում: 

Մեկնություն

Մինչ այժմ եղած պատմությունները դիտվում են որպես Ավետարանի նախապատրաստություններ: Ավետարանի սկիզբը, ինչպես և Մարկոսն է գրում, սկսվում է այն տեղից, երբ Հովհաննեսը, ձեռնարկելով Ավետարանի կարապետության պաշտոնը, հնչեցնում է երկնքի արքայությանը հասնելու, խոստացյալ Մեսիայի հայտնության և փրկագործության խորհուրդն սկսելու ավետիսը: Այդ պաշտոնը կատարելու համար Հովհաննեսը թողեց Հուդայի անապատը և իջավ Հորդանանի եզերքները: Գետի հարավային մասում, Հորդանանի՝ Մեռյալ ծով  թափվելու տեղից բավականին հեռու, արևելյան եզերքին է գտնվում Բեթաբրա կամ Բեթաբարա կոչված գյուղը, որտեղ Հորդանանը մեկ այլ հուն է կազմում: Հովհաննեսն այնտեղ հաստատեց իր կենտրոնը և նորօրինակ քարոզչության սկիզբը դրեց:

Այստեղ Ղուկասը բացառիկ կերպով ճշտում է ժամանակը՝ թվարկելով այն օրերի իշխանների անունները: Նաև ասում է, թե երբ Հովհաննեսն սկսեց քարոզչությունը, Հռոմի կայսրը Տիբերիոսն էր, Հրեաստանի դատավորը՝ Պիղատոս Պոնտացին, Գալիլիայի չորրորդապետը՝ Հերովդես Անտիպասը, Իտուրիայի և Տրաքոնիայի չորրորդապետը՝ Հերովդես Փիլիպպոսը, Աբյուլինիայի չորրորդապետը՝ Լյուսանիոսը: Երուսաղեմի քահանայապետը Աննան և Կայիափան էին: Թեև վերջիններս երկար տարիներ էին պաշտոնավարում, սակայն ոչ մեկի իշխանության ճշգրիտ թվականը հնարավոր չէր լինի բացահայտել, եթե նրանցից գոնե մեկինը որոշված չլիներ: Բերաբախտաբար, Տիբերիոսի տարեթիվը համարվում է «հիսուներորդ տարին»: Հիսուսի կյանքի ժամանակագրությունը կազմելիս այս թվականը հիմնակետ է հանդիսանում բոլոր պատմաբանների համար:

Արդ, Տիբերիոս կայսրը Օգոստոս կայսեր հաջորդեց հռոմեական 767 թվականին, ըստ որի և 15-րդ տարին համընկնում է 782-ին: Սակայն, թե՛ հռոմեացի պատմագիրների թողած թվականներից և թե՛ պատմական բաղդատություններից պարզվում է, որ Տիբերիոսի տարիներն սկսել են հաշվել ոչ թե Օգոստոսին հաջորդելուց, այլ վերջինիս աթոռակից կամ կեսար անվանվելու թվականից, որը տեղի ունեցավ 764-ին: Այս հաշվարկով 15-րդ տարին համընկնում է  Հռոմի 775 թվականին, որն էլ մեր սովորական թվականի 26-րդ և Հիսուսի կյանքի 30-րդ տարին է:
Հպանցիկ հիշենք նաև մյուսներին. Հրեաստանում Հերովդես Մեծին հաջորդած Արքեղայոսը տարագրվեց 759-ին և նրա փոխարեն սկսեցին նշանակվել հռոմեացի դատավորներ կամ կառավարիչներ՝ կենտրոն ունենալով Պաղեստինի Կեսարիան, այժմ՝ Քայսարիե  ծովեզրյա քաղաքը և Երուսաղեմ էին գալիս միայն տոներին: Հաջորդաբար դատավորներ անվանվեցին Կոպոնիոսը՝ 759-ին, Մարկոս Ամբիվիոսը՝ 762-ին, Աննիոս Հռուփոսը՝ 765-ին, Վաղերիոս Պրատոսը՝ 768-ին, որ տաս տարի պաշտոնավարեց և, վերջապես, Պիղատոս Պոնտացին՝ 778-ին: 750-ին պաշտոնի անցավ Հերովդես Անտիպասը և պաշտոնավարեց 42 տարի, մինչև 793 թվականը: Հերովդես Փիլիպպոսը ևս պաշտոնավարեց 37 տարի՝ մինչև 786-ը, իսկ Լյուսիանասի մասին այլ պատմություններից հիշատակություն չունենք: Գալով քահանայապետերին՝ ասենք, որ Աննան քահանայապետ էր 759-ին: 768-ին նրա պաշտոնանկ լինելով՝ քահանայապետերն սկսեցին տարեցտարի փոխվել: 768-ին Փաբեայի որդի Իսմայիլը եղավ, 769-ին՝ Աննայի որդի Եղիազարը, 770-ին՝ Կամիթայի որդի Սիմեոնը և 771-ին՝ Աննայի փեսա Հովսեփ Կայիափան: Այդ փոփոխությունները ինչ-որ ձևով տարեկան քահանայապետության մասին որոշակի պատկերացում տվեցին (ՀՈՎՀ. ԺԱ 49): Թեպետ Կայիափան պաշտոնավարեց մինչև 789 թվականը, սակայն՝ շարունակաբար վերահաստատվելով: Մյուս կողմից, մինչ Կայիափան արտաքին գործերն էր վարում, Աննան դեռ ողջ էր և իր օրինական իրավասությունը չէր կորցրել: Այս պատճառով էլ Ղուկասը, ժամանակի քահանայապետին հիշելիս, միմյանցից չի բաժանում երկուսի անունները:
Հռոմեական 779-ը և մեր թվականի 26-րդ տարին, ըստ ժամանակագիրների, շաբաթական տարի էր, որի ժամանակ ժողովուրդը թողնում էր հողագործական աշխատանքները և զբաղվում առավել օրինական ու բարոյական գործերով (ՂԵՎՏ. ԽԵ 10): Այդ պարագան շատ հարմար էր Հովհաննու պաշտոնի սկզբնավորման համար, երբ 775 թվականի ամռանը, 30-րդ տարին բոլորած, իբրև նոր մարգարե, իր քարոզչությունն սկսեց Հորդանանի գետեզրյա երկրներում: Հովհաննեսի քարոզչության նպատակն էր ժողովրդին ավետել երկնքի արքայության մոտենալը, նախապատրաստության կոչելը և ապաշխարության հորդորելը: Նա մեծ ընդունելություն գտավ: Համբավը տարածվեց ամենուր: Բոլոր կողմերից՝ Երուսաղեմից, Հրեաստանից, Գալիլիայից  և Հորդանանի շրջակա գավառներից նրա մոտ էին գալիս մարդիկ: Ովքեր լսում և հավատում էին Հովհաննեսի խոսքերին, ապաշխարության համար խոստովանում էին իրենց մեղքերը. «Խոստովան լինէին զմեղս իւրեանց»: Հովհաննեսը նրանց մկրտում էր Բեթաբրայի հունի մեջ՝  ապաշխարության, մկրտության, մեղքերի թողության համար:

Ավետարանիչները, փոխադարձ համաձայնությամբ, նաև Հովհաննու պաշտոնի մեկնությունն են տալիս: Իբր թե նրա խոսքը մարգարեների կողմից գուշակված Մեսիայի նախաշավղի և ուղեցույց եղող Աստվածային կարապետի ձայնն էր, որ սկսել էր հնչել անապատում: Այս մասին Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը միանման կերպով մեջ են բերում Եսայու խոսքերը. «Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը և հարթեցեք Տեր Աստուծո շավիղները» (Ես. Խ. 3): Շարունակելով, Ղուկասն ավելացնում է նաև հետևյալ խոսքերը. «Բոլոր ձորեը պիտի լցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցծրանան, դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան և առապարները՝ դաշտեր: Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստուծո փրկությունը, քանզի Տերը խոսեց» (Ես. Խ. 4-5): Իսկ Մարկոսը Եսայու մարգարեությանն է կցում Մաղաքիայի խոսքերը ևս. «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և նա կտեսնի իմ ճանապարհները իմ առաջ» (Մաղաք. Գ. 1):
Շարունակությունը՝ 

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...