5.4.14

ՀԱՅՐ ԵՐԿՆԱՎՈՐ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զորդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին, մեղայ յերկինս եւ առաջի քո, ընկալ զիս որպես զանառակ որդին, եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա քո արարածոց 
եւ ինձ բազմամեղիս:

Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ ուղարկեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Շնորհալի Հայրապետի «Հավատով Խոստովանիմ» գոհար աղոթքի առաջին երկու տներն ուղղված էին Ամենասուրբ Երրորդությանը՝ որպես մի Աստվածության։ Հաջորդ երեք տներից ամեն մեկն ուղղվում է Սուրբ Երրորդության երեք դեմքերից յուրաքանչյուրին։ Եկեղեցում ընդունված և կիրառվող սովորություն է, որ երբեմն աղոթքներն առանձին-առանձին ուղղվում են Աստվածության Անձերից որևէ մեկին։  Այս իրողությունը հստակ կերպով երևում է Ճաշու (ճաշի ժամին մատուցվող – սրկ.) երեք ժամերգությունների վերջին աղոթքներում: Ըստ այսմ՝ Ճաշու Երրորդ ժամի վերջին աղոթքը՝ «Խաղաղութեամբ քով, Հոգիդ Սուրբ Աստուած ճշմարիտ…», ուղղված է Հոգի Աստծուն, Ճաշի Վեցերորդ ժամի վերջին աղոթքը՝ «Հայր գթութեանց», ուղղված է Հայր Աստծուն, իսկ Իններորդ ժամինը՝ «Քրիստոս՝ Որդի Աստուծոյ», ուղղված է Որդի Աստծուն։ Եկեղեցու նշանավոր Հայրերից Հովհան Ոսկեբերանը Հոգեգալստյան տոնի առիթով մի մեծ աղոթք է գրել՝ բաժանելով այն երեք մասի, որոնցից ամեն մեկն ուղղված է Սուրբ Երրորդության Անձերից յուրաքանչյուրին։ Մեր ուսումանսիրության առարկան՝ աղոթքի տվյալ տունը, ուղղված է Հայր Աստծուն։
Այս և հաջորդ երկու տները կառուցված են միևնույն կաղապարի վրա։ Նախ Աստվածության յուրաքանչյուր դեմքը դավանվում է որպես ճշմարիտ Աստված, ապա ընտրովի և համառոտ հիշատակվում է յուրաքանչյուր Անձերից ամեն մեկին հատուկ  այն տնօրինությունը, որը աղոթքի այդ տան մեջ հիշատակված Անձը կատարել է մեր փրկության համար։ Հետո կատարվում է մեղքերի խոստովանություն, որի բանաձևը երեք տների մեջ էլ նույնն է։ Որպես չորրորդ և վերջին կետ՝ յուրաքանչյուր Անձից հայցվում է այն մասնավոր շնորհքը, որ Սուրբ Երրորդության Անձերից ամեն մեկն արդեն տվել է ուրիշներին՝ ըստ Ավետարանի պատմությունների։

Որ ուղարկեցիր Քո սիրելի Որդուն - Հայրն է տիեզերքի և ամեն բանի գոյության կոչողը, այսպես ասած՝ հղացողը և ծրագրողը։ Հայրն է Իր հավիտենական ծրագրերի իրականացման համար ամենաիմաստուն միջոցները որոշողը։ Հետևաբար, նույնինքը Հայրն է, որ մարդու անկումից հետո որոշեց ուղարկել (և ժամանակների լրումին ուղարկեց) Իր սիրելի Որդուն՝ մարդուն վերստին բարձրացնելու համար։ Այս գաղափարը հատկապես շեշտված է Հովհաննեսի Ավետարանում՝ սկզբից մինչև վերջ. առնվազն 35 անգամ կրկնվում են «Հայրն ուղարկեց ինձ» և նման կամ համազոր այլ արտահայտություններ՝ «… Այդ նոյն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, թէ Հայրն է ուղարկել ինձ» (Հովհ. 5:36)։ Երկրից երկինք համբարձվելու ժամանակ Իր հետևորդներին ուղղված Հիսուսի վերջին խոսքն էր. «…Ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում» (Մատթ. 28:19):

Մոլորված ոչխարին փնտրելու համար - Հայրն ուղարկում է Իր Որդուն, որպեսզի փնտրի մոլորված ոչխարին և վերադարձնի նրան Հոր հավիտենական գավիթը։ Խոսքը միայն առանձին մոլորված ոչխարների մասին չէ, այլև ամբողջ հոտի համար է։ Այն, որ մարդկությունն իրոք որպես ամբողջություն մոլորված է ճշմարտության ճանապարհից, վկայում են մարդկության ամբողջ պատմությունն ու Աստվածաշունչը. «Բոլորը խոտորվեցին, միասին անպիտան դարձան» (Սաղմ. 13:3), «Բարություն անող չկա, չկա նույնիսկ մեկ հոգի» (Սաղմ. 52:4): Հիսուսի աշխարհ գալու նպատակն է առաջնորդել մոլորված մարդկությանը դեպի Իր Հոր Արքայությունը։
Կարևոր չէ, թե մարդիկ ինչ ճանապարհների վրա են. որքան ժամանակ, որ մարդիկ Աստծո Կամքի և Օրենքի ճանապարհով չեն քայլում, մոլորված են։ Հնարավոր է, որ նրանք բարգավաճման և ճոխության ճամփաների մեջ լինեն, հնարավոր է՝ նրանց սեղաններն առատ են, և գինի ու յուղ է հորդում, հնարավոր է, որ իրենց երկիրը՝ լավ մշակված, և տնտեսությունը ծաղկած է, աշխատավորի կյանքն ու ապագան՝ ապահովված, հնարավոր է՝ գիտությունն ու արվեստը զարգացած են։ Այս բոլորը բարի և բաղձալի են ամբողջ մարդկության համար։ Սակայն այս երևույթները երբեք չեն կարող ապացույցը լինել այն բանի, որ մարդիկ մոլորված ճանապարհների մեջ չեն գտնվում, որովհետև նյութական առավելությունները երբեք չեն փաստում հոգեկան բարգավաճման մասին։ Ընդհակառակը, երբեմն դրանք հակափաստեր են։ Աստված իր նյութական բարիքները հավասարապես ամենքի տրամադրության տակ է դրել, իր արևն ու անձրևը տալիս է բարուն և չարին հավասարապես. մայր երկիրն իր վրա աշխատողին վարձատրում է անկախ նրա հոգեկան վիճակներից։ Աստծո հաստատած օրենքն է, թե ով հարատև և իմաստուն կերպով աշխատի, ի վերջո նրա ջանքերը հաջողությամբ կպսակվեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հակառակ չեն Աստծո հավիտենական ծրագրին։ Հետևաբար, ոչ ոք թող չգանգատի, որ չարերը հաջողություն են գտնում երկրի վրա. նրանք հաջողում են, որովհետև գործադրում են բոլոր այն ներելի կամ աններելի միջոցները, որոնք անհրաժեշտ են գործի հաջողության համար։ Նրանք հետամտւմ են իրենց աշխարհիկ նպատակների իրագործումը առանց խղճահարության և առանց երկմտության, ուժեղ գազանի անհոգությամբ և ինքնավստահությամբ։ Այս իրողությունն ինքնին ապացուցում է նրանց բարոյապես մոլորված լինելը։ Ի վերջո, իբրև մարդկային բանական էակներ՝ նրանք պիտի բախվեն այս դժբախտ իրականությանը, երբ երբեմն արդեն ուշ կլինի դարմանելու մասին մտածելը։ Քրիստոս է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը.  հետևաբար, միայն Նա´ է ցույց տալիս մարդկության ճշմարիտ և ուղիղ ճանապարհը, որն առաջնորդում է դեպի հավիտենական իրականություններն ու անխախտ հաջողությունները։ Հայրն այնքան շատ սիրեց մարդկությանը, որ Իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որպեսզի ով որ Նրան հավատա, մոլորված չմնա, այլ առաջնորդվի ճշմարտության ճանապարհով, որը տանում է դեպի հավիտենական կյանք։

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...