1.4.14

ՍՈՒՏ ԱՍԵԼՈՒ ՕՐ???

Զարմանալի էր բացահայտելը, որ արդեն շուրջ 5 դար է, ինչ ապրիլի 1-ի օրը, համարվում է հումորի, երգիծանքի ու ծիծաղի հետ կապված օր: Այո՛, այո՛. 500 տարի: Ճիշտ է, այն ոչ բոլոր մշակույթների մեջ կարելի է գտնել, սակայն քիչ չեն երկրները, որոնք ապրիլի 1-ը, թեկուզ ոչ պաշտոնական, բայց տոն են համարում: Անգլիայում և անգլալեզու երկրներում տոնը, օրինակ, կոչվում է հիմարների օր (fool's day), ֆրանսիայում և ֆրանսախոս մի քանի երկրներում՝ ապրիլյան ձկան օր (Poisson d'avril), քանի որ այդ օրը Ֆրանսիայում սովորություն կա մարդկանց մեջքին աննկատելիորեն թղթե ձկներ փակցնելու, ռուսները տոնն անվանում են ծիծաղի օր... Չեմ կարծում, թե ապրիլի 1-ի մասին գաղափար հայերը ունեին դեռևս 500 տարի առաջ, այլ, ըստ երևույթին, Խորհրդային տարիներից է այն մեծապես կիրառության մեջ մտել: Մի բան, սակայն, որ հայերիս շրջանում այդ օրը դարձնում է յուրահատուկ և այսպես ասած տիպիկ հայկական, տոնի անվանումն է՝ ՍՈՒՏ ԱՍԵԼՈՒ ՕՐ... Ուրեմն հայի համար հումորը, երգիծանքը, կատակը և ծիծաղը ուղիղ համեմատական են ստելու հետ...
Թույլ կտամ ինձ մտածել, որ ազգերն ու ժողովուրդները այս տոնը կոչել են իրենց իսկ բնույթի համապատասխան... Երևի այս է պատճառը, որ այսօր շատուշատ հայերի համար սուտ վկայելը, դիմացինին մատների վրա պտտելը, խաբելն ու «քցելը», դավաճանելն ու կերած «ղալաթի» միջից չոր դուրս գալը «լավ տղության» նշան է ու կենսակերպ... 
Գուցե այս է պատճառը, որ մեր ժողովրդական իմաստությունը ստի մասին երկնել է բազմապիսի թևավոր խոսքեր ու ասացվածքներ կամ այնպիսի հեքիաթներ, ինչպիսիք են «Սուտասանը» և «Սուտլիկ որսկանը»:

19-րդ դարի վերջին Կարլո Կոլլոդի անվամբ մանկագիրը հորինեց իր ամենահայտնի ստեղծագործության փայտյա հերոսին՝ Պինոկիոյին: Այս հերոսը ընդգծված մի թերություն ուներ. նա չափից շատ սուտ էր խոսում, սակայն ամեն անգամ ստելիս նրա փայտյա քիթը երկարում էր...
Ո՞վ գիտի, գուցե նաև սրանով է պայմանավորված հայկական քթի մեծությունը...

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...